«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2003-08-26 | #152, 2003-08-27 | #153, 2003-08-28


ԿԱՍՊԱՐՈՎ-ՊՈՆՈՄԱՐՅՈՎ ՄՐՑԱԽԱՂԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 7-ը Յալթայում պետք է կայանա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Գարրի Կասպարով-Ռուսլան Պոնոմարյով մրցամարտը։ Այդ օրերին Յալթայում նախատեսված է ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը։ Մրցախաղի կազմակերպիչների մտահղացմամբ խորհրդանշական առաջին քայլերը պիտի կատարեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Լեոնիդ Կուչման։ Սակայն Ռուսլան Պոնոմարյովն առայժմ չի համաձայնվում ստորագրել մրցախաղի անցկացման վերաբերյալ պայմանագիրըՙ առաջ քաշելով մի շարք պահանջներ։ Այնպես որ, մրցախաղի անցկացումը վտանգված է։ ՖԻԴԵ-ն Պոնոմարյովին զգուշացրել էր, որ եթե մինչեւ երկուշաբթի օրը չստանա նրա ստորագրած պայմանագիրը, ապա կորակազրկի նրան։ Այդ դեպքում Գարրի Կասպարովի հետ խաղալու իրավունք կվերապահվի ուկրաինացի մեկ այլ գրոսմայստերիՙ Վասիլի Իվանչուկին։ Չնայած սպառնալիքներին, Պոնոմարյովն այդպես էլ չստորագրեց պայմանագիրը։ Փոխարենը Կիեւում կայացած մամլո ասուլիսում Պոնոմարյովի ներկայացուցիչները հայտարարել են, որ մինչեւ վերջ պայքարելու են աշխարհի չեմպիոնի շահերը պաշտպանելու համար, եւ որ ՖԻԴԵ-ն պարտավոր է բավարարել ուկրաինացի գրոսմայստերի պահանջները։ Ի դեպ, ՖԻԴԵ-ն արդեն որոշ զիջումներ կատարել է Պոնոմարյովինՙ կատարելով նրա պահանջներից մի քանիսը։ Այսպես, պայմանագրից հանվել է այն կետը, ըստ որի ՖԻԴԵ-ն իրավունք ունի փոխելու հանդիպման մասնակիցներին։ Բացի այդ, լրացուցիչ մրցախաղի անհրաժեշտության դեպքում մասնակիցներին հանգստյան օր չի հատկացվելու։ Մրցամարտի մրցավարներից մեկը կնշանակվի ռուսալեզու անձանցիցՙ Պոնոմարյովի թվարկած ցանկից։ Մասնակիցների հակադոպինգային ստուգումները կկատարվեն ոչ թե Ռուսաստանի կամ Ուկրաինայի, այլ ցանկացած մյուս երկրներից մեկի լաբորատորիայում։ Եվ ամենագլխավորըՙ ՖԻԴԵ-ն Պոնոմարյովին եւս մեկ հնարավորություն է ընձեռել վերջնականապես վճիռ կայացնելու համար։ Պոնոմարյովը պետք է մինչեւ օգոստոսի 28-ը մոսկովյան ժամանակով ժամը 14-ը ՖԻԴԵ-ի նստավայր ուղարկի մրցախաղին մասնակցելու վերաբերյալ ստորագրված պայմանագիրը։ Հակառակ դեպքումՙ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իրեն իրավունք է վերապահում որոշում կայացնել Պոնոմարյովին որակազրկելու մասին։ Ճիշտ է, այդ քայլին դիմելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ Ռուսլան Պոնոմարյովի փաստաբան Գրիգորի Գինզբուրգն էլ իր կողմից է սպառնացել շախմատի միջազգային ֆեդերացիային։ Նա հայտարարել է, որ այդ դեպքում ստիպված կլինի դիմել Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայինՙ խնդրելով նրան չեղյալ համարել մրցախաղը։ Պոնոմարյովի կողմնակիցները գտնում են, որ Կասպարով-Իվանչուկ մրցախաղի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերվի, եւ մրցանակային հիմնադրամի կազմակերպմանը ոչ ոք չի նպաստի։

Հիշեցնենք, որ մրցախաղի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1 մլն դոլար է։ Մրցակարգի համաձայն, այդ գումարի 20 տոկոսը պետք է փոխանցվի ՖԻԴԵ-ի հիմնադրամին։ Մնացած գումարի 55 տոկոսը կստանա հաղթողը, 45 տոկոսըՙ պարտվողը։ Մրցակիցները կանցկացնեն 12 պարտիա։ Ոչ-ոքի արդյունքի դեպքում կանցկացվի լրացուցիչ մրցախաղ։ Մրցամարտը նախատեսված է ավարտել հոկտեմբերի 7-ին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4