Թուրքերը դա ընկալում են իբրեւ շանտաժ
Օգոստոսի 27-ին «Ազգը», հենվելով Արմենպրեսի հաղորդագրության վրա, տեղեկացրել էր Էրիկ Ստիվն Էդելմանի մասին, որն Անկարայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում փոխարինեց Ռոբերտ Փիրսոնին։ Նորանշանակ դեսպանը, ինչ խոսք, գրավեց թուրքական թերթերի ուշադրությունը։ Դրանցից «Վաքիթը» օգոստոսի 26-ի համարում, Էդելմանին բնութագրելիս, հարկ համարեց նշել, որ նա նախագահ Ջորջ Բուշի վարչակարգում ներկայացնում է «բազեների» թեւը եւ վայելում «հրեա թունդ ազգայնամոլի» համարումը։ «Վաքիթը» միաժամանակ ընդգծեց իբրեւ դիվանագետ Էդելմանի նշանակման վայրում խառնակչությամբ զբաղվելու առանձնահատկությունը։
Այս թերթը իսլամամետ է։ Ուստի Անկարայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին նրա տված բնութագիրը կարելի է վերագրել իսլամական հակումներին։ Ինչպես երեւում է, հարցն այդ հակումները չեն, այլ օգոստոսի 28-ին դեսպանատան կազմակերպած ընդունելությանն Էդելմանի ելույթը։ Դրան էլ օգոստոսի 29-ի համարներում անդրադառնում են «Հյուրիեթի», «Սաբահի» պես թերթերը, որոնք ի տարբերություն «Վաքիթի», ամերիկամետ են եւ չեն թաքցնում իրենց ընդգծված հակակրանքը իսլամականների նկատմամբ։
Թեեւ դրանք Էդելմանի խառնակչության մասին չեն գրում, բայց եւ այնպես նրա ելույթը նույնացնում են շանտաժի հետ։ Դրանց է միանում «Միլիեթը» եւ «ԱՄՆ-ն Անկարային շնչահեղձ է անում» խորագրով տեղեկացնում է, որ ընդունելությանը թուրք լրագրողների Իրաք զորք ուղարկելու վերաբերյալ հարցին Էդելմանը պատասխանել է. «Թուրքիան այդ հարցում որքան շուտ կողմնորոշվի, այնքան լավ կլինի։ Զորք ուղարկելու մասին որոշում ընդունելիս Թուրքիան նախ եւ առաջ ազգային շահերից է ելնելու։ Իրաքի կայունացումը Թուրքիայի շահերից է բխում։ Թուրքիան փորձում է Հյուսիսային Իրաքում խուսափել իր համար անցանկալի զարգացումներից։ Դրա արդյունավետ միջոցը հզոր եւ կայուն Իրաքի ձեւավորումն է»։
Ակամա հարց է ծագումՙ ո՞րն է Էդելմանի այս ելույթը որպես շանտաժ որակելու պատճառը։ Այն, որ Անկարայում ԱՄՆ դեսպան էդելմանը Թուրքիայի համար քաղաքական անցանկալի զարգացումների մասին արտահայտվելիս Հյուսիսային Իրաքը մատնացույց է անում, իսկ պաշտոնական Վաշինգտոնն Անկարային առաջարկում է թուրքական զորքը տեղակայել Կենտրոնական Իրաքում։ Թուրքերը դրան առարկում ենՙ պատճառաբանելով. «Եթե Թուրքիայի համար քաղաքական անցանկալի զարգացումների օջախը Հյուսիսային Իրաքն է, ապա ինչո՞ւ թուրքական զորքը պետք է տեղակայվի ոչ թե այնտեղ, այլ երկրի կենտրոնական մասում»։
Թուրքերի տեսանկյունից հարցադրումը միանգամայն տեղին է, իսկ Էդելմանին շանտաժի վերագրո՞ւմը։ Ըստ երեւույթին, դա եւս պետք է տեղին համարել այն առումով, որ Հյուսիսային Իրաքում Թուրքիայի համար որպես անցանկալի զարգացումներից խուսափելու միջոց մատնանշվում է Իրաք զորք ուղարկելըՙ ենթադրվող զարգացումների հետ որեւէ առնչություն չունեցող Կենտրոնական Իրաքում տեղակայելու պայմանով։
Այլ կերպՙ Էդելմանը սպառնում է թուրքերին, թե Վաշինգտոնի Իրաք զորք ուղարկելու պահանջը մերժելու դեպքում Հյուսիսային Իրաքում դուք կբախվեք անցանկալի զարգացումներին, որոնց հիմքում քրդական պետության ստեղծումն է, ինչպես նաեւ PKK-ի իրավահաջորդ KADEK-ի զինված պայքարի հետագա ակտիվացումն ընդդեմ Թուրքիայի։
Համենայն դեպս, օգոստոսի 29¬ի առավոտյան Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտ., պրոֆ. Ումիթ Օզդաղը թուրքական հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում ընդգծեց, որ օրերս Հաքքարիի շրջանում սկսել են նկատվել PKK-ի զինյալների կուտակումներ, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասել։
Իրաքի վերակառուցումը ներգործություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։ Իսկ դա անխուսափելիորեն փոփոխության կենթարկի տարածաշրջանում Թուրքիայի զբաղեցրած տեղն ու դերը։ Հարցը, սակայն, սոսկ տարածաշրջանային ենթադրվող ներգործությունները չեն, այլ Իրաքի վերակառուցման դիտարկումը որպես Թուրքիայի տարածքային ամբողջականության սպառնալիք։ Անկարան իրաքյան խնդրին հենց այս տեսանկյունից է մոտենում, ուստի միանգամայն տրամաբանական է, որ վերակառուցման հարցի արծարծումն անգամ նրա համար շանտաժ դառնա։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ