Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության Արշակ Տիգրանյան վարժարանը բարեկարգման եւ ընդարձակման ընթացքի մեջ է։ Վարժարանի նոր բաժնի հողօրհնեքի արարողության ժամանակ հանգուցյալ Արշակ Տիգրանյանի այրինՙ Էլեոնոր Տիգրանյանը եւ իր դուստրերըՙ Սինթիա Նորեան ու Լորըլ Գարապյանը, կես միլիոն դոլարի նվիրատվությամբ բացված հայտարարեցին նվիրահավաքի արշավը։ Այս նվիրատվությամբ Տիգրանյան ընտանիքը վարժարանին կատարած իր օժանդակության ընդհանուր գումարը հասցրեց 2,2 մլն դոլարի։
Տիգրանյան ընտանիքը հայտնի է բարեգործական բազմապիսի ակցիաներովՙ Հայաստանին, սբ. Էջմիածնին, Միջին Արեւելքի հայ համայնքներին։ Լոսանջելեսյան հայ համայնքի ակնառու նվիրատու Արշակ Տիգրանյանը հատուկ ակնածանք ուներ կրթության ու մշակույթի նկատմամբ։ Ազգապահպանման հարցերին խիստ հետամուտՙ բարերարը հայեցի հիմնավոր կրթության մեջ էր տեսնում արտերկրում ապրող հայության շարունակության երաշխիքը։ Նրա մահից հետո կինը եւ դուստրերը շարունակեցին ամուսնու եւ հոր ազգանվեր գործունեությունը, որոնց նյութական օժանդակությունն ունենում է իր ազգային ու բարոյական արժեւորումըՙ վարժարանի աշակերտների հավելումով եւ նրանց ստացած բարձրագույն կրթությամբ։ Նման նվիրատվություններով Տիգրանյան ընտանիքը բարի օրինակ է ծառայում իր ժամանակակիցների եւ ապագա սերունդների համար։ Տարիների ազգասիրական-բարեսիրական գործունեության համար հունիսի 1-ին Հոլիվուդի սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում Էլեոնոր Տիգրանյանի մեծարման արարողության ժամանակ Ամենայն հայոց հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով ազնվափայլ տիկնոջն արժանիորեն շնորհվեց սբ. Գրիգոր Լուսավորիչ Ա կարգի շքանշանը։
Բացի Տիգրանյան ընտանիքից, վարժարանի վերակառուցման համար նվիրատվության իրենց նպաստն են բերել քաջածանոթ դեղագործներ Նուպար եւ Տիգրանուհի Մխսի-Գեւորգյաններըՙ 100 հազար դոլարի արժողությամբ։ Ի պատասխան նրանց բարերարության, հոգաբարձությունը որոշել է դպրոցի շենքի նոր մանկապարտեզը կոչել «Նուպար եւ Տիգրանուհի Մխսի-Գեւորգեան մանկապարտեզ»։
ԹՄՄ Արշակ Տիգրանյան վարժարանի հետ կապերն ավելի սերտացնելով տեր եւ տկն Ուոլթըր Գարապյանները վարժարանի ընդարձակման ծրագրին աջակցելու նպատակով կատարած 370 հազար դոլարի նվիրատվությունը հասցրին 450 հազար դոլարի։ Երախտագիտությամբ դպրոցի հոգաբարձությունը որոշեց նորակառույց բաժնի սրահը կոչել «Գարապեան սրահ»։ Նվիրատվության բարի գործը շարունակվում է։
Մ. Բ.