«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2003-08-28 | #154, 2003-08-29 | #155, 2003-08-30


ԿԿՐՃԱՏՎԵՆ ՇՈՒՐՋ 4000 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կրթական համակարգի օպտիմալացման քաղաքականության արդյունքում կրճատման կենթարկվեն շուրջ 4000 ուսուցիչներ», այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը։ Նրա խոսքերով, գործընթացի վերահսկողությունն իրականացնում են մարզերի համապատասխան վարչությունները, եւ եկող շաբաթ նախարարությունն ավելի ստույգ տեղեկատվություն կունենա այդ մասին։

Անդրադառնալով օգոստոսյան խորհրդակցութուններին, նախարարն ասաց, որ դրանք հնարավորություն են տալիս դիտարկելու, թե ինչ է կատարվել անցած տարի, նշելու ոլորտի դժվարությունները, նախանշելու անելիքները։ Նրա համոզմամբ, կրթական բարեփոխումները շարունակություն են պահանջում բովանդակային եւ կազմակերպչական տեսակետներից։ Դրանց արդյունքում հանրապետության մարզերի համար մշակվել է վերապատրաստման համակարգի զարգացման ծրագիր. այն առայժմ գործում է միայն հինգ մարզերում։

Նախարարը նշեց, որ հանրապետության մարզերում 680 ուսուցիչների պակաս կա, հատկապես կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, օտար լեզուներ, մասնավորապես ռուսաց լեզու առարկաներից։ Ըստ նրա, առաջիկայում իրենք կհրապարակեն այն դպրոցների հասցեները, որտեղ ուսուցիչների պակաս է զգացվում։ Նախարարությունը կառավարության հետ մշակում է մի ծրագիր, որի համաձայն որոշակի սոցիալական երաշխիքներ կհատկացվեն այն մարդկանց, ովքեր կհամաձայնեն աշխատել այդ բնակավայրերում։ Նա նշեց, որ դպրոցի տնօրենի պաշտոնը պետք է լինի ընտրովի, որ ընդունելի լինի համայնքի անդամների համար, բայց միաժամանակ նա պետք է պատասխանատու լինի այն մարմնի առջեւ, որի հետ աշխատելու է իր պաշտոնավարության ընթացքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4