«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2003-08-28 | #154, 2003-08-29 | #155, 2003-08-30


ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՑԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ. ԲԱՐՁԻԹՈՂԻ ՎԻՃԱԿ ԷՐԵԲՈՒՆԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

Երեւանից քիչ հեռու, Ողջաբերդի սարավանդի լանջերին աճում են աշխարհին ու գիտությանը հայտնի վայրի ցորենի 4 տեսակներից 3-ը։ Չորրորդ տեսակը տարածված է Սիրիայի եւ Պաղեստինի որոշ հատվածներում, եւ մինչ 30-ական թթ. Հայաստանում 3 տեսակների հայտնաբերումը ցորենիՙ թիվ մեկ մշակաբույսի պատմական ծննդավայրը համարվում էին այդ երկրները։ Դա իսկական սենսացիա էր գիտության համար։ Համամիութենական գյուղատնտեսական ակադեմիայի պրեզիդենտ Վավիլովը եկավ Հայաստանՙ իր աչքով տեսնելու եւ ուսումնասիրելու Էրեբունի արգելոցում հայտնաբերված վայրի ցորենները։ Վավիլովն անմիջապես առաջարկեց այդ տարածքում արգելոց ստեղծել, բայց միայն 50 տարի անց, 1981 թ., հայ գիտնականների համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց Էրեբունին արգելոց հայտարարել։ Այսինքն, այստեղ մարդու միջամտությունը սահմանափակվելու էր միայն գիտական հետազոտություններով, առանց խաթարելու կենսամիջավայրի եւ հազվագյուտ բուսատեսակների բնական աճն ու զարգացումը։

Վերջին տասնամյակի սոցիալ-քաղաքական հեղաբեկումների հետեւանքով շատ խնդիրների հետ Էրեբունի արգելոցի պահպանությունն էլ հայտնվեց պետական ու հասարակական ուշադրությունից դուրս։ Համամարդկային բնապահպանական ժառանգության այս հազվագյուտ օջախը տարածվում է Երեւանից Գառնի տանող ճանապարհին, 89 հա-ի վրա։ Այսօր այն չորս կողմից աննպաստ շրջափակման մեջ է. հարավային սահմանի վրա այգեգործական հողամասեր են, մյուս կողմերի հարեւանները ամառանոցային առանձնատներ ու տարբեր գյուղեր են։ Արգելոցն ամենեւին էլ անձեռնմխելի չէ շրջակաքի բնակչության համար։ Գյուղացիների աչքը մշտապես այս տարածքի վրա է. ստեպ-ստեպ անասուններ են արածեցնում այստեղ, հաջողեցնում են հնձել խոտը։ Գյուղացիները սառը տարակուսանքով են վերաբերվում տարածքը չօգտագործելու արգելքների հազվադեպ ու թույլ արտահայտություններին։ Բանը հասել է այնտեղ, որ նրանք ժամանակ առ ժամանակ նույնիսկ բողոքի ալիք են բարձրացնումՙ պահանջելով թույլատրել իրենցՙ օգտագործելու տարածքը։ Մի պահ համառորեն պնդում էին նույնիսկ այստեղ կեռասի այգիներ գցել։ Սակայն գիտնականների ու նվիրյալ բնապահպանների միջամտության շնորհիվ հաջողվեց հանդարտեցնել կրքերը։

Միայն գյուղացիների վտանգավոր նկրտումները չէ, որ սպառնում են արգելոցին։ Ժամանակին, անբարեհաճ հայացքներից պաշտպանելու համար, այն ցանկապատել էին։ Դժվար տարիներին ցանկապատը հատված առ հատված թալանվեց ու անհետացավ։ Ամռան շոգերին այստեղ մշտապես հրդեհի բռնկման վտանգ կա։ Երեխաներն են կրակի հետ խաղում, երբեմն-երբեմն խորովածի սիրահարները հենց այստեղ հանգստանալու վտանգավոր ընտրություն են կատարում։ Առաջներում արգելոցի պահակներին մշտապես ձի էր տրամադրվում, որպեսզի հնարավորություն ունենան միշտ ստուգելու, թե ինչ է կատարվում պահպանվող տարածքի տարբեր հատվածներում։ Հիմա եթե ցորենի հասունացման ժամանակ հրդեհ էլ բռնկի, իսկ դա ամեն պահ հնարավոր է, հազիվ թե կարողանան ժամանակին մարել։ Ինքնախաբեության կամ գուցե բողոքի ձայները լռեցնելու համար տրակտորով թեթեւակի վարել են արգելոցի եզրային հատվածները, բայց դա, իհարկե, ոչ խնդրի լուծում, ոչ էլ փրկություն է։

«Վայրի ցորենների ոչնչացման հնարավոր աղետը անհամեմատելի է նույնիսկ գեղարվեստի ամենամեծարժեք կտավի կորստի հետ», ասում է կենսաբանական գիտությունների դոկտոր, գյուղատնտեսական ակադեմիայի թղթակից-անդամ Վոլոդյա Ոսկանյանը, ով ժամանակին երկար տարիներ աշխատել է Էրեբունի արգելոցում։ Այստեղ այսօր որեւէ գիտական աշխատանք ու ուսումնասիրություն եւս չի կատարվում։ Հացահատիկի գենոֆոնդը կորցնելու միանգամայն իրական վտանգ է առկա։ Կարեւոր չէ, որ այսօր այն չի օգտագործվում գենետիկայի կամ սելեկցիայի բնագավառում։ Ցորենի վայրի նախահայրերի աչքի լույսի պես պահպանությունը բնապահպանական անփոխարինելի արժեք ունի ընդհանրապես ողջ մարդկության համար։ Խնդիրն այն է, որ հացահատիկի բերքատվության բարձրացման ագրոտեխնիկական եւ այլ տիպի հնարավորություններն անսպառ չեն։ Որոշակի սահմանի հասնելուց հետո, ոչ պարարտանյութերի, ոչ քիմիկատների օգտագործումը չի օգնում։ Հենց այդ պահին է, որ վայրի ցեղակիցները փրկարար առաքելություն պիտի իրականացնեն, հենց դա է ցորենի վայրի տեսակների գեները ներարկելու ժամանակը։ Այդ վայրի տեսակներն օգտագործելով էր, որ ոչ հեռավոր անցյալում պրոֆ. Պապին Ղանդիլյանը ստեղծեց »Էրեբունի« մշակովի տեսակը, հետո նաեւ այլ տարատեսակներ։

Եթե մարդկային որեւէ ներկայություն էլ նախատեսվում է արգելոցում, ապա միայն գիտնականներն են լինելու։ Այստեղ այսօր ոչ ոք գիտությամբ չի զբաղվում։ Ոչ ոքի հայտնի չէ, թե արգելոցային ռեժիմի պայմաններն ինչպես են ազդում վայրի ցորենների աճի վրաՙ խթանու՞մ են դրանց զարգացումը, թե՞ հակառակը։ Ոչ մի տվյալ չկա, գիտնականի ոտք չի մտնում այստեղ։ Աշխարհահռչակ նշանակության Էրեբունին աչքից ու սրտից հեռու է, այստեղ նույնիսկ գրասենյակ էլ չկա, կիսաքանդ մի կառույց է դրա փոխարեն։

Էրեբունի արգելոցում հաշվվում են նաեւ մոտ 300 տեսակ բարձրակարգ ծաղկավոր բույսեր, որոնցից 20-ը ներառված են Կարմիր գրքի մեջ, ինչպես թրաշուշանը, հիրիկի մի քանի տեսակները, խոշորածածկոցը։ Այստեղ են ցորենի մոտիկ ցեղակիցներըՙ այծակնը, գարին, տարեկանը։ Եվ վերջապես այստեղ է աճում «գազ» կոչվող թփատեսակը, որ ժամանակին լայնորեն կիրառվում էր ոչ միայն թղթի, այլեւ ռազմական արդյունաբերության մեջ։ Այն խեժ է արտադրում, որը թրջվելիս 50 անգամ մեծացնում է ծավալը։ Հայրենական պատերազմի ժամանակ Ա. Միկոյանի ցուցումով նույնիսկ քարտեզագրվել էին «գազի» զբաղեցրած տարածքները, պարզաբանվել կիրառման հնարավորությունները։ Այսօր էլ «գազը» օգտագործվում է, բայց միայն գյուղացիների կողմից, իբրեւ վառելանյութ։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4