Վերաքննիչ դատարանում երեկ քաղաքացիական մի հայց էր լսվում։ Խնդրո առարկան բնակարանն է, որի համասեփականատեր քույրերից մեկը ցանկանում է հանել աճուրդի, իսկ ստացված գումարը բաժանել իր եւ քրոջ միջեւ։ Նման «սյուժեով» քաղաքացիական հայցեր դատարանում լսվում են ամեն օր, գուցե այս մեկն էլ չտարբերվեր դրանցից, եթե չլիներ դրա տակ թաքնված պատմությունը։
Անդրադառնանք երեկվա դատական նիստին, այնուհետ նախապատմությանը։
Երեկվա դատական նիստը տեւեց ընդամենը 10 րոպե. դատավոր Լյովա Գրիգորյանը հիմք ընդունելով պատասխանող կողմի միջնորդությունը, վճռեց կասեցնել այս գործով դատական գործընթացը մինչեւ մեկ այլ դատական գործի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Մեկ այլ դատական գործի, որի մասին նշեցինք, «Ազգը» բազմիցս անդրադարձել է. Նշան Գրիգորյանը դատարանից խնդրում է իրեն ճանաչել անչափահաս դստեր խնամակալ, քանի որ նախկին կինըՙ Գայանե Սարգսյանը քայքայիչ աղանդի հետեւորդ է։ Հետեւաբար դրա մեջ ներքաշված է նաեւ դուստրը։ Հայրը, ինչպես նաեւ աղջնակի բոլոր հարազատները անհանգստացած են երեխայի հոգեվիճակով եւ նրա ապագայով։
Գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում։ Այն ընդմիջվել է դատահոգեբանահոգեբուժական փորձաքննության պատճառով։ Դատական այս գործի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն կշարունակվի Գայանե եւ Էվելինա Սարգսյանների բնակարանի վիճահարույց հարցի քննությունը։
Եթե դատական գործում հաղթող ճանաչվի հայցվոր կողմըՙ Գայանե Սարգսյանը, բնակարանը վաճառվի, կկրկնվի մի պատմություն, որն արդեն բազմաթիվ ընտանիքների դժբախտության պատճառ է դարձել։ Խնդիրն այն է, որ նման դեպքերում ստացված գումարը տնօրինելու է ոչ թե համասեփականատերը, ինչպես եւ պետք է լինի, այլ քայքայիչ աղանդի մեջ Գայանեին եւ բազմաթիվ նրա նմաններին ներքաշած Սոնա Ֆահրադյանը, այսպես կոչված, տիրամայրը (այսպես են անվանում նրան քայքայիչ աղանդի հետեւորդներըՙ նաեւ Հասմիկն ու նրա մայրը)։ ՆԳՆ պոլիկլինիկայի նախկին աշխատակցուհին, օգտագործելով մասնագիտական կարողությունները (հիպնոսը), գտել է գումար աշխատելու դյուրին ճանապարհը, սակայն մարդկային ճակատագրերը խեղելու միջոցով։
Մ.Հ.