«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ՕՐՀՆՅԱԼ ԼԻՆԻ ԾՆՈՒՆԴԴ

Վերնագրի իմ ընտրությունը միջազգային մամուլի գործընկերներս հուշեցին, նրանք,ովքեր «Լը Մոնդում» «Փառք քեզ» էին գրել, համբուրգյան «Օրփեոսում» բացականչել էինՙ «Վերջապես մի մեծ Վերդի սոպրանո», մյուսներն ակամա «կրկնում» են միմյանցՙ «հերոսական, կախարդիչ, սենսացիոն» որակումները վերնագրի իրենց հայտնագործություն իբրեւ ներկայացնելով։ Չես մեղադրիՙ նրան տեսնելիս հազվադեպ հանդիպող բառերի այս շարքն է ներսիդ ցնծության թարգմանը դառնում։

Տարիներ առաջ սեպտեմբերի 2-ին Հայաստանի երկնակամարում մի պայծառ, փոքրիկ լույս ծաղկեց։ Ծաղիկն իր անունը շշուկով աստղիկին նվիրեց, բայց «Հայաստանի դասերը» ուսանելու եկած Անդրեյ Բիտովը շշուկն այդ տպագիր բանաձեւեցՙ ծաղիկն այդ մեծ երգչուհի կամ ավելի ստույգՙ աստղիկն այդ աստղ է դառնալու։ Մեծ գրողի, Հայաստանը մեզ համար բացահայտած գրողի պայծառատեսություն էրՙ չէր կարող չլինել։ Եղավ։ Աշխարհի բեմերում 35 դերերգ ներկայացնող Հասմիկ Պապյանն այսօր շատ փնտրված անուն է դարձել։ Աշխատում է ժամանակակից մեծահամբավ դիրիժորներ Չունգի, Մարչելո Վիոտտիի, Գարի Բերտինիի, Մորիցիո Արենայի, Լեոնարդ Սլատկինի, Ռիկարդո Մուտիի, Վալերի Գերգիեւի, Պլաչիդո Դոմինգոյի, Ժորժ Պրետի, Միշել Պլասոնի հետ, երգում հանրաճանաչ թատրոններում, ուր վստահում են բացառապես գլխավոր դերերգերը, իսկ քննադատները խոստովանում են, որ հենց Պապյանի մարմնավորած կերպարն է խաղաշրջանի մեծագույն հաջողությունը դառնում։

Ես գիտեմ, թե ինչ ասել է օպերային տենդով վարակված հանդիսատես, Գերմանիայի տարբեր քաղաքներում տեսել եմ նրա Տոսկան, Աիդան, Վիոլետան, Լեոնորան, տեսել եմ, թե ինչպես առանձին երկրպագուներ մի երկրից մյուսն են գնումՙ նրա հմայքով կախարդված, ներկայացման վերջում «զուսպ» գերմանացիները որոտընդոստ ծափերով նորից ու նորից բեմ են կանչում նրան, ծեսի վերածում հրաժեշտի արարողությունը, ժամերով սպասում ներկայացումից հետո։ Ոչ միայն Եվրոպայում, բարեկամներիս վկայությամբ այդպես է նաեւ օվկիանոսից այն կողմ, ուր Հասմիկ Պապյանը հյուրընկալվելու է նաեւ առաջիկա հոկտեմբերին։ Վաշինգտոնի օպերայում Պապյանը 6 անգամ հանդես կգա Նորմայի դերակատարմամբ։ Դերերգ, որը միջազգային ճանաչում ունեցող հայազգի մեր սոպրանոն հնչեցրել է Վիեննայի Ֆոլկսօպերում, Օրանժում, Թուրինի Ռեգիո, Մարսելի, Ռոտերդամի, Բալթիմորի, Երեւանի Ազգային օպերային թատրոններում։ Բեմարվեստի մեր ծանրակշիռ պատմության մեջ Հայաստան անունը համաշխարհային օպերային մի բեմից մյուսն այսքան երկարատեւ ու հետեւողական գնացք չի ունեցել, լավ ձայներ եղել են, կան, բայց Պապյանն իր այսօրինակ առատ հունձքով առաջինն է։ «Օպերա ունեցող երկիր կա՞, որ չես երգել», երգչուհու ստեղծագործական աշխարհագրությունը մտքում ուրվագծելով իր սիրելի Հասմիկին 2002-ին հարց էր տվել Հրանտ Մաթեւոսյանը։ Պատասխանը կռահելով նույն հարցը չտանք, ոչ էլ թերթի այս էջը Պապյանի 9-ամյա բեմելները թվարկելով լցնենք։ Հպարտությունըՙ հպարտություն, բայց, համոզված եմ, գլխապտույտ էլ կունենաքՙ այսքանն ինչպե՞՜ս է հասցնում։ Ետ չգնանք, 2003-ի սկզբից ընկերակցենք նրան։

2003-ի հունվար-փետրվարին նա Աիդա էր երգում Նյու-Յորքի Մետրոպոլիտենում, ներկայացումների միջեւ միքանիօրյա ազատ պատուհանՙ ու թռիչք դեպի Բեռլին, ուր Ունթեր դեն Լինդեն անվանյալ օպերային թատրոնում ՀՀ նախագահի պատվին կայացած համերգին դաշնակահար Արմեն Բաբախանյանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ սրահը լցվեց նրա անմոռաց սոպրանոյով։ Փետրվարի 9-ին Մյունխենի Գերթներփլաց պետական թատրոնում էրՙ համերգային ծրագրումՙ Կոմիտաս ու Ավետ Տերտերյան։ Մարտ- ապրիլին Փարիզի ազգային Բաստիլ օպերայում անդրանիկ բեմելն էրՙ «Վիլհելմ Թելում» Մաթիլդի իր 35-րդ դերերգը, որի հաջողությունը ստիպեց ֆրանսիացի քննադատներին ոչ միայն նկատել տալ դերի հիանալի մեկնաբանությունը, արտակարգ վոկալը, այլեւ բեմից մատուցված հստակ ֆրանսերենը (ինչը շատ երգիչների համար աքիլլեսյան գարշապար է)։ Հեղինակավոր այս թատրոնի դռներն էլ նախորդների նման այսուհետ բաց են նրա առջեւ (ըստ կնքված պայմանագրի 2005-ին Բաստիլում ներկայացվող «Պիկովայա դամայում» Պապյանը հանդես կգա Լիզայի դերերգով)։ Ապրիլի վերջից մինչեւ հունիսՙ ելույթներ Ֆրանսիայում. Թուլոնում հանդես եկավ Հելենայի դերերգով («Սիցիլիական ժամերգություն»), մայիսին Ավինիոնում կատարեց Վերդիի «Ռեքվիեմը», հունիսին Սեն թ՛Էտիենում Լեոնորա երգեց («Տրուբադուր»)։ Հուլիսի վերջին ԱՄՆՙ Սինսիննատի օպերային փառատոնում «Լա Տրավիատայի» 3 փայլուն ներկայացում, որի 3000-ից ավել հանդիսատես ունեցող դահլիճը ոչ թե չէր մոռացել նրա 2 տարի առաջ մատուցած Աիդան, այլ նույնատիպ բեմական հրավառության ակնկալիքով էր շտապել ամիսներ առաջ տոմս ապահովել։

«Գիշերվա ամենապայծառ աստղը Հասմիկ Պապյանն էր։ Պապյան-Վիոլետան երգում էր քնարական նրբագեղությամբ, գրում է «Սինսիննատի փոսթի» մեկնաբանը եւ շարունակում, թե սկզբից մինչեւ նրա ողբերգական մահը Պապյանը ողողեց համերգասրահի լայն տարածությունն իր տաք եւ ոսկյա ձայներանգով եւ արտաքուստ ջանք չպահանջող տեխնիկայով։ Նրա դերակատարումը կերպարը հարստացնում է սրտաշարժ հուզականությամբ, նշում է մեկնաբանըՙ հիշեցնելով սիրեցյալի ընտանիքի պատվին զոհաբերված Վիոլետայի ՙ ֆիզիկապես փխրուն եւ խոցելի զգացմունքայնությամբ սերը։ «Պապյանը ձայնային շշմեցնող կարողություն ունի, չքնաղ ձայներանգ եւ անթերի ինտոնացիա», գրում է «Սինսիննատի ինքուայրը»ՙ Ալֆրեդոյի եւ Վիոլետայի վերջին զուգերգը բնութագրելով որպես երեկոյի ամենասրտառուչ պահերից մեկը։

Օգոստոսին Երեւան ժամանեց միջազգային մամուլի այս վերջին գնահատականներով, ամերիկյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունից տպավորված։ Հիմա վայելում է Երեւանը, ընտանեկան ջերմությունը, նաեւ հակառակըՙ Երեւանն է վայելում իրեն կատարյալ դարձնող մեր Աստղին, ով յուրաքանչյուր տարեդարձից տարեդարձ ընդարձակում է ազգային հպարտության մեր շառավիղը։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ազգ» օրաթերթի բազմաթիվ երկրպագուների ջերմագին շնորհավորանքների ու բարեմաղթանքների երկար շարանը եզրում է ցանկությունների ցանկությունըՙ մնանք լազերային սկավառակին սպասելով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4