Հարգելի խմբագրություն
Հայկական հանրագիտարանի կոլեկտիվն ըմբռնումով եւ հարգանքով է վերաբերվում «Ազգ» օրաթերթի դավանած բազմակարծության սկզբունքին եւ ողջունում է այս կամ այն հիմնախնդիրն անաչառ լուսաբանող ցանկացած հրապարակում։ Նկատի ունենալով այդ աներկբա իրողությունը, պիտի որ միանգամայն բնական ընկալվի մեր ներքոշարադրյալ անդրադարձը ձեր պարբերականի ս. թ. թիվ 149-ում զետեղված «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի «պարզաբանումներին»։ Հայ հասարակության ամենալայն շրջանակներըՙ թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում արդեն քաջատեղյակ են հանրագիտարանի ճակատագրով մտահոգված մեր մտավորականության ականավոր ներկայացուցիչներիՙ հանրապետության նախագահին հասցեագրված բաց նամակի բովանդակությանը եւ հետագա հրապարակային արձագանքներին։ Վերջիններս վկայում են, որ հանրությունը միանշանակորեն ճիշտ է կողմնորոշվում խնդրո առարկա հարցումՙ հայագիտական խոշորագույն կենտրոններից մեկի ապագան տեսնելով միմիայն պետական հոգածության ներքո։ Իսկ ինչպե՞ս է խնդրի էությունը պատկերացնում հանրագիտարանի շենքի նորաթուխ «սեփականատերը»։
Զարմանալ միայն կարելի է... Այո, զարմանալՙ նույնիսկ հաշվի առնելով մեզանում դեռեւս չհաղթահարված մշակութաբանական եւ առեւտրային աշխարհընկալման, մեղմ ասած, աններդաշնակությունը։ Հանրագիտարանի նկատմամբ պետական հոգածության բացակայության հանգամանքով խորապես մտահոգված հայ մտավորականության բաց նամակից եւ հետագա հրապարակումներից «Ինեկոբանկը» հասկացել է «ամենախորքայինը»ՙ շենքում «...պետք է փոխվեն ջրի եւ կոյուղու ներքին ցանցերը, միջհարկային փայտե ծածկերը պետք է փոխարինվեն երկաթբետոնե ծածկերով եւ այլն։ Դրա համար անհրաժեշտ է... մոտ 1 մլն ԱՄՆ դոլար»։ Ահա այդպես։ Եվ, իհարկե, այդ ամենը կարող է կատարել միայն բանկը... Մի կողմ թողնելով «1 մլն ԱՄՆ դոլարի» վերաբերյալ պնդման արժանահավատությունը, հարց է առաջանումՙ իսկ պետությո՞ւնը։ Կարելի՞ է արդյոք այդչափ անհարգալից վերաբերվել վերջին շրջանում տնտեսական լուրջ ձեռքբերումներ արձանագրած մեր պետության հնարավորություններին, որն, «Ինեկոբանկի» կարծիքով, ի վիճակի չէ ապահովելու նույնիսկ հայագիտական կարեւորագույն հաստատությունների բնականոն գործունեությունը։
Հանրագիտարանի գլխավոր խմբագրության շենքն արդեն 70 տարի ծառայել է եւ առնվազն նույնքան կարող էր ծառայել առանց «բանկային միջամտության»։ Շենքը փրկելու վարկածն ընդամենը անհեթեթ թոզփչոցի է կատարված անօրինականությունն արդարացնելու համար։ Այստեղ ավելորդ չէ նշել, որ մի քանի տարի առաջ «Ինեկոբանկը» մի հսկայական նորակառույց շենք ուներ Մովսես Խորենացու փողոցում, որը «մայրաքաղաքին նվիրելու» հրաշալի առիթ էր եւ պահանջում էր ընդամենը 0,5 մլն դոլարի ծախս։
Հարց է առաջանում. ինչո՞ւ «փրկիչ «Ինեկոբանկը» գերադասեց վաճառել այդՙ սեյսմակայունության բոլոր կանոններով ու հարմարություններով կառուցված շենքը եւ ձեռք գցեց մեր շենքին, որը կրկնակի ավելի ծախս է պահանջում։
Կարծում ենք, փաստը մեկնաբանության կարիք չունիՙ հատկապես երբ գործ ունենք ոչ «ապաշնորհ տնտեսվարող ու սեփականատեր» «Ինեկոբանկի» հետ։
Սեփականաշնորհման մասին. իսկապես, հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը հրաժարվել է սեփականաշնորհումից, որովհետեւ, անկեղծ ասած, չէինք պատկերացնում սեփականաշնորհված ազգային հարստություն։
Այսօր արդեն շատ ուշացած ափսոսում ենք, իհարկե, մեր միամտության համար, որովհետեւ գոնե մակերեսի 20 տոկոսըՙ գրեթե այնքան, որքան ժամանակավորապես մեզ է թողնված, անհատույց կհատկացվեր մեզ։ Բայց որտեղի՞ց իմանայինք, որ նման համառ հետեւողականությամբ շենքը պիտի մեզանից խլվի եւ վաճառվի։
Իսկ ինչ վերաբերում է մեզ թողնված մակերեսի օգտագործման վերաբերյալ ինչ-որ պայմանագիր կնքելուն, ապա դա արվել է կառավարության որոշումով եւ որեւէ մեկի հետ լրացուցիչ թուղթ ստորագել չի ենթադրում։
Ինչեւէ, վերոշարադրյալից «Ինեկոբանկը» բխեցնում է իր մտքի թռիչք-արգասիքը. «...բարեկարգ եւ ծախսեր չպահանջող այլ շենք ստանալը միայն կօգնի նրա (Հանրագիտարանի) աշխատանքների բնականոն կազմակերպմանը»։ Դե, իհարկե... «բարեկարգը» առանց ծախսեր կատարելու, մշտապես մնալու է «բարեկարգ», իսկ եթե հանկարծ ժամանակի ընթացքում կատարվի «աներեւակայելին» եւ շենքը նորոգելու կարիք զգացվի, ապա այն կարելի է վաճառել, ասենք, «Ինեկոբանկի» հետագայում բացված մասնաճյուղերից մեկին։
«Ինեկոբանկը» մտահոգված է նաեւ Հանրագիտարանի, իր կարծիքով, անարդյունավետ եւ անշահութաբեր գործունեությամբ։ Սա այն դեպքում, երբ բաց նամակում հստակ արձանագրված է, որ մեր երկրի համար ծանրագույն պայմաններում հրատարակվել է շուրջ 10 անուն հանրագիտարանային գրականություն։ Իսկ իրական հոգեւոր արժեքները ժամանակային կտրվածքով միշտ չէ, որ շահութաբեր են լինում։ Սույն աքսիոմատիկ ճշմարտությունը վերաբերում է մշակույթի բոլոր բնագավառներին։ Սակայն սա հարցի մի կողմն է միայն, իսկ մյուսն այն է, որ եթե անգամ որեւէ մնայուն ազգային արժեք որոշակի ժամանակահատվածում ֆինանսապես չի արդարացնում իրեն, ապա անհրաժեշտ է բարեփոխել (նույնիսկ ամենակտրուկ միջոցներով), բայց ոչ երբեք ոտնձգություն կատարել բուն հաստատության նկատմամբ։ Հանրագիտարանն առեւտրային ձեռնարկություն չէ, որ սնանկ հայտարարվի։ Հանրագիտարանի եւ համանման ազգային հոգեւոր կենտրոնների սնանկացումը անխուսափելիորեն կվկայի նաեւ ազգի, պետության սնանկությունը։ Հենց նման « գործընթացները» բացառելու համար էլ ինքնիշխան պետություն ենք ստեղծել։
Ինչ վերաբերում է Հանրագիտարանի աշխատողներին վճարվող կամ չվճարվող աշխատավարձին, ապա, այո, եղել է ժամանակ, հատկապես, երբ մենք զրկվեցինք վարձավճարից, որ ֆինանսական դժվարություններ ենք ունեցել։ Եվ այդ պայմաններում մեր «ապաշնորհ» տնտեսվարությունը վճարման այլ եղանակ չգտավ, քան ինքնարժեքային գնով, որը վաճառքի գնից 20 տոկոսով ցածր է, գրքեր առաջարկել աշխատակիցներին։ Պատկերացրեք, նաեւ այսօր, երբ աշխատավարձային դժվարությունները բավական մեղմվել են, կան աշխատակիցներ, որ գիրքը դրամից գերադասում են։
Բանկի գնած գրքերի ու նորոգած աշխատասենյակների մասին։ Այո, «Ինեկոբանկը» մեր շենքում իր շուրջ 8 տարվա գործունեության ընթացքում մեզանից գնել է 40 օրինակ Տնային տնտեսության հանրագիտարան (1 օրինակըՙ 4000 դրամ) եւ 23 օրինակ ՀՀՀ 2-րդ հատոր (1 օրինակըՙ 5.500 դրամ)։ Մեկ տարվա կտրվածքով այդ հատորների արժեքը կազմում է ընդամենը 35 հազար դրամ։ Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի՜ օգնություն։
Իսկ մեր հրատարակած «չվաճառվող հանրագիտարանով» այսօր դպրոցներում սերունդներ են դաստիարակվում («Ոսկեփորիկը» հայագիտական հրաշալի ձեռնարկ է դպրոցականների համար), իսկ մեր եւ արտերկրի մտավորականները երախտագիտության խոսքեր չեն խնայում հանրագիտարանի կոլեկտիվի հասցեին։
Իմիջիայլոց, ավելացնենք նաեւ, որ ընդամենն անցյալ տարի Գալուստ Կյուլպենկյան հաստատության հայկական բաժնի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանը, հետեւելով մեր գործունեությանը, առաջարկեց իր ֆինանսական աջակցությունը, ասելով, թե «դուք այսօր եզակի հաստատություններից եք, որ հայագիտական արժեք է ստեղծում»։
Բացարձակ սուտ է այն հայտարարությունը, թե «շենքում գտնվելու ողջ ընթացքում նա (խմբագրությունըՙ Հ. Ա.) զբաղեցրել է շենքի միայն մի մասը, մնացածը վարձակալության տալով»։ Վարձակալությամբ շենքում տարածք է տրվել միայն այն ցուրտ ու դժվար տարիներինՙ կոլեկտիվը պահելու եւ խմբագրության գործունեությունը շարունակելու միտումով։ Եվ պատկերացրեք, դա մեզ հաջողվել է։
Իսկ շենքը Հանրագիտարանի գլխավոր խմբագրությանը հատկացվել է 1971-ին ՀՀ Կոմկուսի Կենտկոմի եւ կառավարության հատուկ որոշումովՙ քաղաքի կենտրոնում, որովհետեւ այն ի սկզբանե էր ազգային արժեք եւ խորհրդանիշ։
Որպես կանոն ընդունված է, որ պետությունը տարատեսակ գործունեություն ծավալի, նյութական ու ֆինանսական միջոցներ ստեղծի, որպեսզի կարողանա ունենալ նաեւՙ Գիտությունների ակադեմիա, Մատենադարան, գրադարաններ, պատկերասրահներ, մշակույթի տներ, նաեւՙ Հանրագիտարան։
Եվ այսօր, ծանծաղամիտ դատողություններ անել մեր տնտեսվարման մասին, պարզապես զավեշտ է։
Վերջում կցանկանայինք մեր տարակուսանքը հայտնել «Ինեկոբանկի», մեղմ ասած, անհանգստության վերաբերյալ։ Ոչ բաց նամակում, ոչ որեւէ հրապարակման մեջ նրա դերը որպես շենքի գնորդի շեշտադրված չէ։ Թերեւս միայն իրենց են հայտնի այդ անհանգստության պատճառները...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ, Հայկական հանրագիտարան հրատարակչության, գլխավոր խմբագիր-տնօրեն