Մեր տեղեկությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար կազմում փոփոխություններ են սպասվում, մասնավորապես հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում Վահան Տեր-Ղեւոնդյանին փոխարինելու է ԼՂՀ նախկին արտգործնախարար, այժմ ՀՀ վարչապետի խորհրդական Նաիրա Մելքումյանը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Տիգրան Պասկեւիչյանը մեզ հետ զրուցելիս երեկ նշեց, որ նման փոփոխություն սպասվում է սեպտեմբերի ընթացքում, բայց ինքն առայժմ «կոնկրետ պաշտոնական տեղեկատվություն չունի այդ առթիվ»։
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սպասվող փոփոխությունը, պրն Պասկեւիչյանը պատասխանեց, թե գործադիր տնօրենի պաշտոնում փոփոխությունները բնականոն են եւ պարբերական։
Վ. Տեր-Ղեւոնդյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի երրորդ գործադիր տնօրենն է եւ պաշտոնավարում է արդեն 5 տարի։
Դարձյալ մեր տեղեկությամբ, սպասվող փոփոխությունից հետո պրն Տեր-Ղեւոնդյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի։ Նա արդեն աշխատել է Ֆրանսիայում մեր դեսպանատանը, եղել է Հայաստանի դեսպանն Արգենտինայում։
Լ. Գ.