«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը չեղյալ էր համարել Կասպարով-Պոնոմարյով մրցախաղը։ Այս որոշումը պետք է դեռ հաստատվի ՖԻԴԵ-ի առաջիկա կոնգրեսում, որը կայանալու է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում։ Ռուսլան Պոնոմարյովի մենեջեր, բուլղարացի գրոսմայստեր Սիլվիո Դանաիլովը մեկնաբանելով որոշումը, նշել է, որ աշխարհի չեմպիոնը սպասում էր նման հանգուցալուծման։

Կար երեք տարբերակՙ չեղյալ համարել մրցամարտը, համաձայնել Պոնոմարյովի առաջարկած պայմաններին կամ էլ եռակողմ հանդիպում կազմակերպել Կիեւում հարցերը քննարկելու համար։ Սակայն քաջածանոթ լինելով ՖԻԴԵ-ի նախագահի տրամադրվածությանը, Պոնոմարյովը կռահում էր, որ խաղը չեղյալ կհամարվի։ Ըստ Դանաիլովի, ՖԻԴԵ-ն ճիշտ է վարվելՙ պահպանելով Պոնոմարյովի չեմպիոնի տիտղոսը, քանի որ հակառակ դեպքում ցանկացած դատական գործընթացում այդ հարցով ՖԻԴԵ-ն կպարտվեր։ Ինչ վերաբերում է տարեվերջին աշխարհի առաջնության մասնակցությանը, ապա Պոնոմարյովը պատրաստ է հանդես գալ մրցաշարում, եթե մասնակցի նաեւ Կասպարովը։

Անդրադառնալով ՖԻԴԵ-ի նախագահի որոշմանը, Գարի Կասպարովը նշել է, որ ինքը ցնցված է նման վճռով։ Ըստ Կասպարովի, իրեն բարոյական եւ ոչ պակաս կարեւորՙ նյութական մեծ վնաս են հասցրելՙ չեղյալ համարելով մրցախաղը։ Աշխարհի 13-րդ չեմպիոնը նշել է, որ ինքը գրեթե կես տարի նախապատրաստվել էր այդ մրցախաղինՙ հրաժարվելով տարբեր մրցաշարերին մասնակցելու գայթակղիչ առաջարկություններից։ Կասպարովը տեղեկացրել է, որ խորհրդակցելով իր թիմի անդամների եւ մենեջեր Օուեն Ուիլյամսի հետ, որոշել է առայժմ կոնկրետ քայլեր չձեռնարկել եւ սպասել ՖԻԴԵ-ի կոնգրեսի որոշմանը։ Ինչ վերաբերում է մոտակա ծրագրերին, ապա նոյեմբերին Կասպարովը մտադիր է Նյու Յորքում մրցամարտ անցկացնել «Ֆրից» համակարգչային նոր ծրագրի հետ։

Որոշման մասին իր վրդովմունքն է արտահայտել նաեւ աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովնՙ այն համարելով անմտություն։ Ըստ նրա, Իլյումժինովն իր անօրինական որոշմամբ կասկածի տակ է դրել ՖԻԴԵ-ի գոյությունը։ Զարմացնում է այն, որ նման որոշում է ընդունվում այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում միավորելու շախմատային աշխարհը։ Անդրադառնալով Պոնոմարյովի առաջարկինՙ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի օրերին Յալթայում արագ շախմատի ցուցադրական մրցաշար անցկացնելու վերաբերյալ, Կարպովն իր պատրաստականությունն է հայտնել մասնակցելու դրան։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4