«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ԲԱՐԻ ԵՐԹ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՎԱՔԻՆ

Եգիպտահայ վարժարանների Համաշխարհային հավաքըՙ սեպտեմբերի 12-18-ը

Միասնականության ոգով տոգորված միջոցառումներով առատ են այս տարվա երեւանյան ամառն ու աշունը։ Հենց նոր ավարտված համահայկական խաղերին հաջորդելու է սեպտեմբերի 12-18-ը Երեւանում կայանալիք եգիպտահայ վարժարանների համաշխարհային հավաքը (ԵՎՀՀ)ՙ Մոնրեալի (Կանադա) Եգիպտահայերի ընկերակցության նախաձեռնությամբ եւ հայրենի կառավարության սիրահոժար պատրաստակամությամբ։

ԵՎՀՀ կազմակերպիչ մարմինը յոթնօրյա հետաքրքրական ծրագիր է նախապատրաստել, որտեղ ընդգրկված են ինչպես շրջապտույտներ դեպի սբ. Էջմիածին, Զվարթնոց, Սարդարապատ, Ծիծեռնակաբերդ, Դիլիջան, Սեւան, Գառնի, Գեղարդ եւ Օշական, այնպես էլ մշակութային ձեռնարկներ։

Եգիպտահայ գաղութը համարվում է մեր ամենահին գաղթօջախներից մեկը, որտեղ ժամանակին օտարազգի տարբեր ասպատակողների եւ հատկապես անցյալ դարի Մեծ եղեռնն իրագործողների պարտադրած բռնագաղթերի հետեւանքով հայերն ապաստան են գտելՙ օգտվելով երկրի հյուրընկալ կառավարության ընձեռած հնարավորություններից։ Մեծ է եգիպտահայ գաղութի դերն ընդհանրապես սփյուռքահայ կյանքում։ Պատմական հարուստ ավանդով, ընկերային եւ հասարակական անաղարտ կենցաղով հայրենասեր գաղութն իր թեմական առողջ ու գործունյա կառույցներից, վարժարանների ցանցից, մամուլից եւ տեղական կազմակերպություններից բացի հիմնել է գաղթօջախի երկու հզորագույն կառույցներըՙ ՀԲԸՄ-ն 1906-ին եւ «Համազգայինը» 1928-ին, որոնք մինչեւ օրս իրենց ակտիվ գործունեությունը շարունակում են սփյուռքի ամենատարբեր վայրերում եւ հայրենիքում։ Եգիպտոսում առաջին հայկական դպրոցը կառուցվել է 1828-ին։ Համայնքի վերելքըՙ ինչպես թվաքանակի, այնպես էլ գործունեության տեսակետից, նկատելի էր հատկապես անցյալ դարի 50-60-ական թվականներին, մինչդեռ դրանից հետո հետզհետե սկսեց նոսրանալ թվով եւ թալկանալ գործունեությամբ։

Եգիպտոսից Կանադա տեղափոխված մի խումբ եգիպտահայեր 1997-ի հունվարին Մոնրեալում հիմնում են «Եգիպտահայերի ընկերակցությունը», որի ծրագիր-կանոնագրում պարզ ու հստակ ներկայացված են նպատակներըՙ ի մի հավաքել Եգիպտոսից Մոնրեալ հաստատված բոլոր հայերին, անկախ քաղաքական եւ դավանական տարբերություններից, պարբերական հավաքներով վառ պահել նախկին գաղութի ազգային, մշակութային բարքերն ու սովորությունները, զորավիգ կանգնել հայրենի պետությանը եւ համագործակցելով տեղի մյուս բոլոր կազմակերպությունների հետ, նպաստել ընդհանուրի շահերին։

Այդ տարի էլ նրանք Կահիրեում (Եգիպտոս) կազմակերպում են եգիպտահայ երեքՙ Գալուստյան, Նուբարյան եւ Պողոսյան վարժարանների հավաքը, որին մասնակցում են շուրջ 1000 շրջանավարտներ աշխարհի տարբեր անկյուններից։ Դա շրջանավարտների թվով 10-րդ հանդիպումն էր, թեեւ առաջինըՙ ընկերակցության կազմավորումից հետո։ Դրանից առաջ 1983-ից սկսած նրանք մինչեւ 1987 թ. ամեն տարի, իսկ այնուհետեւ երկու տարին մեկ կազմակերպել են ինը այլ հավաքներ Կանադայում, Մ. Նահանգներում եւ Ավստրալիայում, սկսելով միայն Գալուստյան վարժարանի շրջանավարտների օրվա նշումով։ 1991-ից նրանց են միացել նուբարյանցիները, իսկ 1997-ից նաեւ Ալեքսանդրիայի պողոսյանցիները։ 1999-ին որոշվել է հավաքներին միավորել եգիպտահայ բոլոր վարժարանների (որոնց թիվը մինչեւ 1950-ականները հասել էր 20-ի) շրջանավարտներին։

Իրարահաջորդ հավաքների մասնակիցների թվի զգալի աճը լավագույն ապացույցն է դրանցում ստեղծված հոգեպարար մթնոլորտին, որոնք հավաքները դարձնում են փնտրված միջոցառումներ։ Դրանք նաեւ վաստակաշատ ուսուցիչներին մեծարելու հիանալի առիթ են։

Այս տարվա հավաքը, որն ըստ կանոնադրության պետք է 2001 թ. կայանար, հետաձգվեց Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների պատճառով։

Ավելացնենք, որ վերջին տարիների հավաքների հասույթները նպատակաուղղված են Հայաստանի կրթական ծրագրերին։ 1999-ի հավաքից գոյացած գումարն, օրինակ, ըստ կազմակերպիչ մարմնի հաղորդագրության, տրամադրվել է Վայոց ձորի մարզում գտնվող Գլաձոր գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցմանը։

Հատուկ հիշատակության արժանի է նաեւ հավաքների առիթով շքեղ տպագրությամբ եւ նուրբ ճաշակով ձեւավորված «Հուշամատյանի» հրատարակումը, որտեղ, բացի նախկին շրջանավարտների երախտագիտական խոսքերից ու անմոռանալի հուշերից, ամփոփված են նաեւ համառոտ ակնարկներ վարժարանների մասին եւ 2500-ից ավելի աշակերտների անունները, հասցեները, հեռախոսային եւ այլ տվյալները։

Բարի երթ եգիպտահայ վարժարանների համաշխարհային երեւանյան հավաքին։

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4