Նշում է բրիտանական ընկերության ներկայացուցիչը
Երեկ «Արմենտել»¬ կառավարություն բաց ժողովում հարցաքննվող վկան WFI ընկերության ներկայացուցիչ Յան Բիբին էր, որը Հայաստանի կառավարության հրավերով վերոնշյալ ընկերության մասնագիտական խմբի կազմում ուսումնասիրություններ էր անցկացրել «Արմենտելում»։ Դրանց նպատակն է եղել պարզել, թե ինչպիսին է հեռահաղորդակցության ծառայությունների որակը հայաստանյան օպերատորի մոտ։
Համաձայն վկայի ցուցմունքի, բջջային կապի որակը բավականին ցածր է այն մակարդակից, որ գոյություն ունի Եվրոպայում, իսկ գիննՙ անհամեմատ բարձր։ Խոսակցության ժամանակ հաճախակի ընդհատվում է ձայնը, ծածկվածությունը փոքր է, բաժանորդների թիվը նույնպեսՙ մեր հարեւան (Վրաստան եւ Ադրբեջան) եւ ԱՊՀ երկրների համեմատ։ Ընդհանրապես մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում շուկայի պահանջներին։
Կառավարության պաշտոնական իրավախորհրդատու Վահե Յաղուբյանիՙ WFI-ի ներկայացուցչին ուղղված հարցերի հաջորդ խումբն առնչվում էր լարային կապի որակին։ Այս կապակցությամբ Յան Բիբին պատասխանեց, որ այդ ցանցի որակն ընդհանուր առմամբ չէր համապատասխանում կատարված ներդրումների քանակին։ Այդ քանակը պետք է ենթադրեր ավելի շատ թվային կայանների հիմնադրում կամ դրանց ավելի բարձր որակ։
Միջազգային ցանցը վկան առավել դժվար վերլուծվող համարեց, բայց նշեց, որ սխալ զանգերի թիվը մեծ է։ Այնուհետեւ նա զարմանալի բնութագրեց հեռախոսային հաշիվները ներկայացնելու կարգը, երբ դրանք չեն ուղարկվում փոստով, եւ դրա համար բաժանորդը պետք է գնա վճարման կետ։ Այս ձեւը, ըստ վկայի, սխալի եւ անգամ կեղծիքի հավանականության տեղիք է տալիս։ Մինչդեռ հաշիվները պետք է տրամադրվեին անհատական կարգով։
«Արդյոք 800 գյուղերի թվայնացման պարտավորությունը կատարվե՞լ է» հարցին Յան Բիբին պատասխանեց, որ այս տարվա մարտի 3-ի դրությամբ թվայնացվել է 54 գյուղ։ Հեռախոսակապի խտության մասին ասվեց, որ այժմ 100-ից 15 բնակիչ է ապահովված հեռախոսակապով։ Ըստ «Արմենտելի» պարտավորությունների, այդ ցուցանիշը պետք է լինի 100-ից 20։ WFI-ի ներկայացուցիչը սկզբունքորեն հնարավոր համարեց սահմանված ժամկետում դրա կատարումը, բայց նշեց, որ իրենք չեն տեսել այն ծրագրերը, որոնց միջոցով պետք է հասնել դրան։ Մի խոսքով, կապիտալ ներդրումների արդյունքներն ավելի ցածր են, քան կարելի է ակնկալել։
Այնուհետեւ իրենց հարցերն ուղղեցին նաեւ «Արմենտելի» ներկայացուցիչները, որոնց հիմնական նպատակն ապացուցելն էր, որ առաջնահերթ ներդրումներ են կատարվել լարային հեռախոսակապի բնագավառում, ինչի պատճառով բջջային կապն անհրաժեշտ չափով չի բարելավվել։ Գեորգիուս Վասիլակիսն իր դժգոհությունը հայտնեց նաեւ ինտերնետ կապի որակի առնչությամբ բրիտանական ընկերության եզրակացությունից։ Նրա կարծիքով, «Արմենտելի» գերիշխող դիրքն այստեղ չի նշանակում, թե նա է պատասխանատու որակի համար։ Այս ոլորտում իրենց ծառայություններն են մատուցում 130 ընկերություններ։ Նրանք շատ հաճախ ապօրինի ծառայություններ են մատակարարում։ Ըստ «Արմենտելի» գործադիր տնօրենի, 30-ից ավելի ալեհավաքներ կան տեղադրված, որոնք խոսում են ապօրինի տրաֆիկի մասին։
Բաց ժողովի հաջորդ վկան «Ղարաբաղ-տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Երիքյանն էր, որի խոսքերից պարզ դարձավ, որ այս ընկերության եւ «Արմենտելի» միջեւ կնքվել են 4 պայմանագրեր, որոնցից առաջին 3-ը չեն գործել։ Բացի այդ, նշվեց, որ «Արմենտելն» այս ընկերությանը պարտք է 196 հազար դոլար։ Վերջին վկան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանն էր, որի հարցաքննությունը տեղի ունեցավ առանձին ընթացակարգով։ Նրա հիվանդության պատճառով հարցաքննությանը մասնակցեցին միայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, «Արմենտելի» գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսը եւ նախագահողըՙ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը։
Այսօր կողմերը ելույթներ կունենան մինչ այժմ արծարծված հարցերի վերաբերյալ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հ. Գ. Երեկ զարմանքով իմացանք, որ նախօրեին «Արմենտելի» կողմից որպես իրենց կատարած որակյալ աշխատանքի ապացույց վկայակոչվել է «Ազգում» հրապարակված հոդվածներից մեկը։ Խոսքը 17.06.2003 թ. «Հայաստանը զիջում է առկա ցուցանիշներով եւ զարգացման տեմպերով» հրապարակման մասին է, որի վերնագիրն արդեն բավարար է հասկանալու համար, որ այնտեղ «Արմենտելի» գոյություն չունեցող որակյալ աշխատանքի մասին խոսք լինել չէր կարող։ Դրանում համոզվելու համար «Արմենտելի» պատասխանատուներին առաջարկում ենք ընդամենը ընթերցել հոդվածը, որտեղ նշված Հեռահաղորդակցության միջազգային միության ցուցանիշներն ամբողջությամբ «Արմենտելի» կենդանի քննադատությունն են։