«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ԵՐԵԿՎԱՆԻՑ ՄԵՏՐՈՅԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ 50 ԴՐԱՄ ԴԱՐՁԱՎ

Ապրելը կամաց-կամաց թանկ հաճույք է դառնում

Մետրոյի կայարաններում փակցված թղթիկների վրա այս առթիվ սեղմ տեղեկություն է հայտնվում ուղեւորներին, որ նման որոշում ընդունվել է հունիսի 13-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, եւ այժմ վավերացվում է։ Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանն այսպես մեկնաբանեց սեպտեմբերի մեկի այս անակնկալը. «Սա մետրոպոլիտենի ֆինանսական առողջացման ծրագրի մի մասն է, եւ օժանդակ եկամուտը կհատկացվի առաջնահերթ խնդիրների իրագործմանըՙ գծերի վերանորոգում, գնացքների թարմացում, անվտանգ երթեւեկի պայմանների ստեղծում»։ Հայտնի է, որ մետրոյով 1 ուղեւորի փոխադրման ինքնարժեքն անցնում է 120 դրամից, եւ 40 դրամ ուղեվարձով մետրոն, բնականաբար, մշտապես վնասով է աշխատել։ Թանկացման որոշման մեջ, անկասկած, դերակատարում ունեցավ նաեւ վագոնավարներիՙ վերջերս կատարած կարճատեւ գործադուլը։ Ըստ Ա. Բարսեղյանի, առայժմ, սակայն, որեւէ խոսք չի եղել ստացվելիք եկամտի հաշվին աշխատավարձերի բարձրացում իրականացնելու մասին։

Ինչքան էլ երկչոտ լինի այս թանկացումը, այնուամենայնիվ, գումարվելով նման կարգի այլ միջոցառումների (ալյուրի, հացի թանկացումը, ջրի, գազի սակագների բարձրացման հեռանկարը), գումարային արդյունքում անխնա հարվածում է միջինից ցածր սպառողի (միջին խավը Հայաստանում դեռ չի ձեւավորվել) գրպանինՙ ամրացնելով նրա համոզմունքը, թե ապրելը կամաց-կամաց թանկ հաճույք է դառնում Հայաստանում։

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4