«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2003-08-29 | #155, 2003-08-30 | #156, 2003-09-02


ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃՆՇԵԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի տնօրեն եւ հրատարակիչ Հարութ Սասունյանն օգոստոսի 28-ի իր հերթական սյունակում ընթերցողների ուշադրությանն է հանձնում Ֆրանսպրես գործակալության հաղորդումը Թուրքիայի փոքրամասնությունների մասին։

Աշխարհի ամենամեծ լրատվական գործակալություններից «Աժանս Ֆրանսպրեսը» հաղորդում է, որ, հակառակ Եվրամիությանն անդամակցելու նպատակով հիմնարար բարեփոխումներ կատարելու Թուրքիայի ստանձնած պարտավորություններին, «Թուրքիայի քրիստոնյա (հայ, հույն եւ ասորի) փոքրամասնությունները դեռ սպասում են տարրական իրավունքներ պարգեւող խոստացված բարեփոխումներին։ Քրիստոնյաներն ասում են, որ կրոնական ազատությունների բարեփոխումները ոչ մի էական տարբերություն չեն առաջացրել իրենց 100 հազարից ավելի համայնքում»։

Ապա, «Ակօսի» խմբագիր Հրանդ Տինքին մեջբերելով, Ֆրանսպրեսը նշում է. «Առօրյա կյանքում բացարձակապես ոչ մի նոր բան չկա։ Ոչինչ չի փոխվել։ Ամաչում ենք խոստովանել, որ անկարելի է մեր տեղական հարցերը կարգավորել առանց միջազգային ճնշումների»։ Տինքի ասելովՙ թուրք կառավարության հայտարարած զիջումները ձեւական բնույթ են կրում եւ անլուրջ են։ Ճիշտ է, մի քանի բանաձեւեր, այդ թվում նաեւ քրիստոնյա եկեղեցիներին սեփականություն ձեռք բերելու իրավունք պարգեւելը, քննարկվել են խորհրդարանում, բայց դեռ չեն իրագործվել։ Ըստ Ֆրանսպրեսի, Թուրքիայի կրոնական փոքրամասնությունները դեռ իրավունք չունեն կրոնական անկախ կրթություն իրականացնելու կամ կրոնավորներ, հոգեւորականներ պատրաստելու։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4