«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ՄՈՍԿՎԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

Մոսկվայի քաղաքային իշխանություններն օրերս Հայ եկեղեցու եւ ի մասնավորի Ռուսաստանի հայության համար կարեւորագույն որոշում են կայացրելՙ վերահաստատելով Հայ եկեղեցու անտեսված իրավունքները։ N 685-GG թվակիր այդ որոշմամբ քաղաքային իշխանությունները մասնակիորեն վերանայել են դեռեւս 1996 թ. հոկտեմբերի 10-ին իրենց ընդունած որոշումը, համաձայն որի Ռուսաստանի մայրաքաղաքում պիտի կառուցվեր հայկական առաջնորդանիստ եկեղեցի «Սուրբ խաչ» եկեղեցական միության միջոցով։ Նոր որոշման մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ, ըստ որոնցՙ հիշյալ եկեղեցին կառուցելու է ոչ թե «Սուրբ խաչ» միությունը, այլ, ինչպես օրինական եւ պատշաճ է, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդությունը, որը 2000 թ.-ից ի վեր ղեկավարվում է թեմակալ առաջնորդ Եզրաս սրբազանի կողմից։ Այսպիսով, ըստ հրամանագրի, «Սուրբ խաչ» միությունը զրկվել է քաղաքային իշխանությունների կողմից Հայ եկեղեցուն հատկացված հողատարածքին տիրելու իրավունքիցՙ բոլոր արտոնություններն ու իրավունքները զիջելով դրա օրինական տիրոջըՙ թեմի առաջնորդությանը։

Թիվ 685-GG որոշման իմաստը մեր ընթերցողների համար հստակեցնելու համար հիշեցնենք, որ դեռեւս 2000 թ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն անհնազանդության եւ Մայր աթոռի դեմ ըմբոստության համար կարգազուրկ հռչակեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ Տիրան եպս. Կյուրեղյանինՙ վերջինիս վերադարձնելով նրա աշխարհական անունըՙ Ղազար։ Դրանով, սակայն, չհանդարտվեց Հայ եկեղեցու եւ Մոսկվայի հայության կյանքում ծագած անհանգստությունը։ Ղազար Կյուրեղյանը, օգտագործելով քաղաքային իշխանությունների մոտ իր գրանցած «Սուրբ խաչ» միության նախապես ստացած արտոնություններն ու իր անձնական կապերը քաղաքապետարանի եւ անվտանգության մարմինների մոտ, շարունակում էր իրեն հայտարարել նոր կառուցվելիք եկեղեցու շինարարության, հետեւաբար նաեւ միջոցների հանգանակության պատասխանատու, հակառակ որ 1996-ից մինչեւ 2000թ. եւ այնուհետեւ ոչինչ չէր արվել եկեղեցու շինարարության համար։ Ավելինՙ նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքով նա խոչընդոտում էր թեմի նորանշանակ առաջնորդ Եզրաս սրբազանի գործունեությունը։ Իրազեկների կարծիքով, Ղազար Կյուրեղյանի շահագրգռության հիմնական առարկան եկեղեցու շինարարությունն էր եւ դրա շուրջ հանգանակվելիք գումարները, որոնք, ռուսաստանյան օրենսդրության համաձայն, տուրքերից ու հարկերից զերծ են... Այլ խոսքով, Ռուսաստանի հայության ազգային-եկեղեցական կյանքում առաջացած այդ տգեղ տագնապի հիմնական պատճառը Տ. Կյուրեղյանի շահամոլությունն էր։

Մոսկվայի իշխանությունների այս նոր որոշումը, որի իրագործումը վերահսկելու պատասխանատվությունը հանձնվել է փոխքաղաքապետ Վ. Ի. Ռեսինին, հավանաբար հանդարտեցնի Տ. Կյուրեղյանի կրքերը, վերահաստատի կարգուկանոնն ու խաղաղությունը տեղի հայության կյանքում եւ, անկասկած, պատճառ դառնա, որ Եզրաս սրբազանը, որի շինարար կարողությունները հայտնի են դեռեւս նրա պետերբուրգյան պաշտոնավարության օրերից, արագ թափով միջոցներ հանգանակի եւ Ռուսաստանի մայրաքաղաքում ի վերջո ունենանք մեր ժողովրդին ու եկեղեցուն արժանի տաճար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4