«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՆՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Դրանք հայերի նկատմամբ թուրքերի «անսահման մեծահոգության» հերթական վկայությունն են

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված յուրաքանչյուր կառավարություն Հայաստանի հետ, այսպես կոչված, մերձեցման միտումներ է ցուցաբերել։ Թեեւ այդ միտումները, որպես կանոն, զարգացում չեն ստացել, սակայն թուրքական կառավարությունները կարողացել են դրանք ծառայեցնել քաղաքական նպատակներին։ Քանի որ Թուրքիայի հայկական քաղաքականությունը բնույթով հակահայկական է, ուստի կառավարությունների վերոհիշյալ միտումներն անխուսափելիորեն հանգեցրել են Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ թուրքական թշնամանքի նոր դրսեւորումների։

Այս ամենի առումով, բացառություն չկազմեց Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքում ձեւավորված իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությունը, որը գլխավորում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանի հետ մերձեցման նրա միտումներն արտահայտվեցին Թուրքիայի հայկական սահմանի բացման պատրաստակամությամբ։ Կառավարությունը, սակայն, դրա համար Հայաստանին մի շարք նախապայմաններ առաջադրեց, որոնք էլ ի չիք դարձրին նրա միտումները։ Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունները վերադարձան ելման կետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ թուրքական թշնամանքի նոր դրսեւորումներին, ապա դրանք արտահայտվեցին Հայոց ցեղասպանության հարցում։ Դրա արտահայտիչը դարձավ Թուրքական պատմական ընկերության նախագահ դոկտ., պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն։ Այդ մասին օգոստոսի 28-ի համարում վկայում է թուրքական «Զաման» թերթը։

Ըստ «Զամանի», այդ ընկերությունը ձեռնամուխ է եղել փաստաթղթերով ապացուցել, որ պնդումներին հակառակ, Առաջին համաշխարհային տարիներին հայերը ցեղասպանության չեն ենթարկվել, այլ նավերով ու տարբեր փոխադրամիջոցներով հեռացել են Օսմանյան կայսրության տարածքից։ Պարզվում է, ընկերությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է կատարում եւ պատրաստվում է դրանց արդյունքները վերածել գրքի, իսկ 2003 թ. վերջերինՙ հրատարակել։

«Զամանի» վկայությամբ հրատարակման պատրաստվող գիրքը տեղեկություններ է պարունակում այն հայերի մասին, որոնք կռվելով անգլիական եւ ֆրանսիական զորքերի շարքում, զոհվել էին։ Այնուհետեւ թերթը գրում է. «2001 թ. Ազգային անվտանգության խորհրդի անմիջական աջակցությամբ ստեղծված «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգման խորհուրդը» թափ հաղորդեց աշխատանքներին։ Մի կողմից բացվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երկրի արեւելյան վիլայեթներում հայ ավազակախմբերի կոտորածների զոհերին պատկանող զանգվածային գերեզմաններ, իսկ մյուս կողմիցՙ ակադեմիական ուսումնասիրություններ են կատարվում։ Թուրքական պատմական ընկերության նախագահ Հալաչօղլուն ասաց, որ «անցյալ տարի ընկերությունը հայկական բաժին է բացել եւ ձեռնամուխ է եղել երկրից արտագաղթած հայերի մասին ուսումնասիրությունների»։

Հալաչօղլուն նշել է, որ Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արխիվներում պահպանվող փաստագրական նյութերի հիման վրա հաջողվել է ապացուցել Օսմանյան կայսրությունից 1 միլիոն 400 հազար հայի արտասահման գաղթելու փաստը։ Այնուհետեւ նա շարունակել է. «Քաղաք առ քաղաք հետազոտելով, պարզեցինք, որ 1918 թ. Անատոլիայում 650 հազար հայ էր բնակվում։ Մեզ հաջողվեց հայտնաբերել արխիվային փաստաթղթեր, որոնք վկայում են հայերի ԱՄՆ, Արգենտինա, Ավստրիա, Ֆրանսիա եւ այլ երկրներ արտագաղթի մասին։ Օրինակ, ուսումնասիրվել են այդ թվերին ԱՄՆ մեկնող նավերի ուղեւորների ցուցակները։ Պարզվում է, հայերը ոչ թե սպանվել են, այլ գաղթել»։

Հալաչօղլուն այս խոսքերով ամփոփում է Թուրքական պատմական ընկերության շրջանակներում կատարվող չափազանց ակադեմիական ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց Հայոց ցեղասպանությունն անհեթեթություն է, քանի որ 1 մլն 400 հազար հայ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իբր Եվրոպա եւ Մ. Նահանգներ է գաղթել։ Սա նոր հայտնագործություն է։ Ինչ վերաբերում է այսպես կոչված թուրքերին պատկանող զանգվածային գերեզմաններին, ապա դրանց պեղումները, որոնք սկզբնավորվել էին Թուրքիայի 7-րդ նախագահ գեներալ Քենան Էվրենի պաշտոնավարության տարիներին, այսինքնՙ սկսած 1980 թ., թափ են ստացել։ «Զամանի» տվյալներով պեղումների ընթացքում թուրքերին պատկանող ընդհանուր գերեզմաններում թուրք հնագետները հայտնաբերել են նաեւ հայ երեխաների կմախքի մասեր, ընդգծելու համար, որ թուրք տղամարդկանց, կանանց, ծերերին առանց խտրականության սպանող հայ ավազակախմբերը ժամանակ առ ժամանակ սպանել են նաեւ յուրայինների։

Ոչ պակաս նոր է նաեւ այս հայտնագործությունը։ Եթե առաջինը թուրք հասարակական կարծիքի ուշադրության ներկայացրել է Հալաչօղլուն, ապա երկրորդը ներկայացնում է Անկարայի համալսարանի դոկ., պրոֆ. Էնվեր Քոնուքչուն։ Նա մատնանշում է. «Պեղումները հնագետների եւ արվեստի պատմության մասնագետների մասնակցությամբ գիտականորեն ենք կատարում։ Մամուլն ուշադրությամբ հետեւում է մեր աշխատանքներին։ Երբեմն օտարերկրյա լրատվամիջոցներից մեզ են դիմումՙ հարցնելու, թե զանգվածային գերեզմաններից միայն թուրքերի կմախքնե՞ր են դուրս գալիս, մի՞թե հայերի կմախքների չեք հանդիպում։ Ցավոք, հայ ավազակները չեն խորշել մահմեդականների հետ նաեւ իրենց ազգակիցներին սպանելուց»։

Քոնուքչուն որպես ապացույց բերել է այդպիսի գերեզմաններից մեկում հայ աղջիկների կմախքների մասերի հայտնաբերման փաստը։ Դա նշանակում է, որ թուրքական իրականության մեջ հայտնագործությունները զուգորդվում են մեծահոգության հետ այնպես, ինչպես սահմանների բացման թուրքական կառավարության պատրաստակամությունը զուգորդեց քաղաքական առաջադրանքով։

Ասում են, ամեն ինչ չափի մեջ է լավ։ Սակայն, երբ խոսքը հայերին եւ Հայաստանին է վերաբերում, թուրքական քաղաքական շրջանակները մեծահոգության հարցում ձեռք-ձեռքի են տալիս գիտական շրջանակների հետ։ Նման մոտեցման նրանց մեծահոգությունը չափ ու սահման չի ճանաչում եւ դառնում է անսահման։ Մեծահոգության անսահմանությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Թուրքիայի հայկական քաղաքականության հետ ելման կետ է վերադառնում Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը։

Վերադարձը դիրքերի սպառման նշանն է։ Ուրեմն, բացի Թուրքիայի հայկական քաղաքականությունից, իր դիրքերը սպառել է նաեւ Ցեղասպանության ժխտողականությունը։ Այլապես, Թուրքական պատմական ընկերության պես գիտականի հավակնություն ունեցող մի հաստատություն եւ դրա գիտնականի հավակնություններով նախագահը ցանցառություններից կառչելով, հայտնագործությունների հորձանուտում չէին հայտնվի։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4