Հավանական եւ անհավանական հեռանկարներ
Պաշտոնավարման 2 ամիսների ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանն արդեն հասցրել է տնտղել Երեւանը եւ լրագրողներին հրավիրել էր տեղեկացնելու «կոնցեպտուալ այն մոտեցումների» մասին, որ մշակել են այս ընթացքում։ Քաղաքային պրոբլեմների մեծ տրցակը նա բացեց բնակֆոնդի կոշտացած եւ անկախացման 13 տարիների ընթացքում անմարսելի դարձած խնդրով։ Գրեթե բոլոր համայնքներում սրված է իրավիճակըՙ Աջափնյակում, Կենտրոնում, Էրեբունիում։ Արցախի փողոցում 2 շենք կա, որոնք նույնպես հայտնվել են վթարային վիճակում։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ 2 շաբաթվա մեջ կավարտվի դրանց ուսումնասիրությունը։ Ի դեպ, Երեւանի վթարային շենքերը վերջին անգամ հետազոտվել են 1995 թ.։ Թերեւս դա է պատճառներից գլխավորը, որ Աջափնյակում բազմահարկերի քայքայումը հասավ եզրագծին։ Բնակֆոնդն ազգային ամենամեծ հարստություններից է, որը ոչնչով փոխարինել չի լինի։ Արդեն 15 տարի մեր բնակելիները կապիտալ ու ընթացիկ նորոգումների չեն ենթարկվել։ Տանիքները, վերելակները, կոմունալ ներքին ցանցը վաղուց սպառել են գործողության ժամկետները։ Անցած ձմեռվա փորձությանը դրանք չդիմացանՙ նոր, կոմունալ աղետի իրողությունը ներմուծելով մեր բառապաշարի մեջ։ Քաղաքապետը խոստանում է, որ առաջիկա 2 տարվա ընթացքում համատիրությունները կկայանան (՞), եւ ջեռուցման, սանմաքրման, ջրամատակարարման խնդիրների հետ նրանց «կվստահվի» նաեւ բնակֆոնդի ծանր բեռը։ Իսկ առայժմ հույսներս դնելու ենք դոնորներ հայթայթելու վրա։
Երվանդ Զախարյանը կրկնեց բազմիցս ասածը, թե դեմ է փողոցային առեւտրի բռնի վերացմանը, եւ սեպտեմբերի 15-ից բոլոր համայնքներում առանձին տարածքներ կտրամադրվեն փողոցային առեւտրի համար ու թեթեւ կոնստրուկցիաներով կառույցներ կտեղադրվեն։ Մի կասկածելի խոստում տվեց նոր քաղաքագլուխը, որ իրենից առաջ մյուսներն էլ տվել էին, թե կարճ ժամանակում, մինչեւ 2004 թ. փողոցային առեւտրի հարցը եւս կլուծվի։ Ինչպես անցած, այս տարի էլ, թերեւս, ձմեռը փորձություն կդառնա քաղաքային իշխանությունների համար։ Նախկին «Հայգազարդին» ու այսօրվա «Հայռուսգազարդին» ջեռուցման տնտեսության պարտքը միասնաբար կազմում է 6,5 մլրդ դրամ։ Ընդհանրապես, հանրապետությունում այս խնդրի հեռանկարը կապվում է տեղային լուծումների հետ։ Այս տարի միայն 3-4 շենքեր կջեռուցվեն այս համակարգով, իսկ կենտրոնացված սպասարկումից կօգտվեն միայն վճարունակ եւ փաստացի վճարող շենքերը։ Այսինքն, մի դաժան ձմեռ էլ ունենք անցնելուՙ չբացառելով կոմունալ փորձանքի կրկնությունը։
Հրազդան գետի եւ Հրազդանի կիրճի վերաբերյալ դեռ անցած տարի լրագրողների բարձրացրած աղմուկ-աղաղակը, երեւում է, զգաստացրեց քաղաքային իշխանություններին, եւ մայրաքաղաքային միջավայրի այդ մոռացված անկյուններն այժմ հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Հայտնի է, որ կոյուղատարների բացակայությունը Հրազդանը վերածել է բաց կոյուղու։ Քաղաքապետի հավաստմամբ, գետափին գործող բոլոր առեւտրային օբյեկտներին պարտադրվել է ունենալ սեփական «կեղտահորեր»։ Սակայն Հրազդանի կիրճի կոյուղու, ճանապարհի ու հենապատերի կառուցման ծրագիրը դարձյալ մեծ միջոցներ է կլանելու, որոնք բյուջեում նախատեսված չեն, եւ խնդիրը դրվելու է 2004 թ. բյուջեի առաջ։
Վերջերս կառավարության նիստերից մեկում որոշվեց Երեւանի ստորգետնյա անցումները, կանաչ պուրակների ու ոռոգման ցանցի տնօրինությունը համապատասխան գույքագրումներից հետո հանձնել թաղային համայնքներին։ Նպատակը դրանց շահագործման եւ պահպանման անմիջական վերահսկողություն իրականացնելն է։ Քաղաքապետարանն առայժմ դադարեցրել է նոր հողահատկացումները, երեկ նույնիսկ կանաչապատ տարածքներում անավարտ կառույցների շինարարությունը դադարեցնելու, այգիներում կապիտալ շինությունների կառուցումն արգելելու հանձնարարական է եղել։
Եթե հավատանք այդ հանձնարարականի իրապես իրականություն դառնալուն, ապա միայն վերջին ամսվա ընթացքում «Ազգի» համարներում տպագրված ահազանգերի հեղինակները պիտի որ թոթափեն տագնապըՙ մեկ Ուլնեցու փողոցի մերձակա անտառային հատվածում, մեկ Օղակաձեւ զբոսայգում, մեկ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի անմիջապես պարսպից ներս կառուցապատումների վտանգից, որոնք արդեն մեկնարկել ենՙ անկախ ամեն ինչից։
Իբր քիչ է
«Պիտի հիասթափեցնեմ ձեզ. իմ «Մերսեդեսը» նախ նոր չէ, 4 տարվա «Մերսեդես է», երկրորդՙ այդ «Մերսեդեսի» գինը ոչ թե 80-100 հազար դոլար է, այլՙ 39 հազար դոլար։ Ձեր տեղեկատվությունը լրիվ ոտուգլուխ է եղել», ծառայողական նոր մեքենայի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցն այսպես հակադարձեց քաղաքապետը մամլո ասուլիսի ժամանակ։ Իբր 39 հազարը 3,9 հազար է։
Թափուր պաշտոններ քաղաքապետարանում
Առաջիկա 2 օրվա ընթացքում կճշտվի «թափուր» պաշտոնների ցուցակը քաղաքապետարանում։ Երվանդ Զախարյանի հավաստմամբ, քաղաքապետարանը ղեկավարվելու է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգով ու տառով։ «Կլինի համապատասխան հայտարարություն, բոլորը կարող են մասնակցել թափուր պաշտոնների մրցույթին եւ հաղթելու դեպքում աշխատել քաղաքապետարանում։ Աշխատանքից անձնավորված ազատումներ չեն լինի»։
Հյուսիսային պողոտա
Մնացել է միայն 2 հողակտոր, որոնք աճուրդի կներկայացվեն այս մի քանի օրը, եւ հողերի վաճառքը պողոտայում կեզրափակվի։ Առաջիկա 2 շաբաթների ընթացքում կմեկնարկի միանգամից 3 օբյեկտների շինարարություն։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ