«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ԼՍՎԵՑ «ՄԵՂԱԴՐՎՈՂ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ»

Երեկ ՀՀ կառավարություն-«Արմենտել» բաց ժողովում ելույթ ունեցան կառավարության հրավիրած վերջին երկու վկաներըՙ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը եւ «Հայփոստի» տնօրեն Վրույր Առաքելյանը։ Ընդ որում, Վահրամ Ավանեսյանի վերստին վկայություն տալու անհրաժեշտությունը պնդեց կառավարության ներկայացուցիչը։ Իսկ մինչ այդ, «Արմենտելի» խնդրանքով, նախագահողը փաստորեն մեկ օր հետաձգեց հաջորդ նիստը եւ այսօր այն տեղի չի ունենա։

Վկաներից Վահրամ Ավանեսյանն անդրադարձավ գործարքի կնքման պայմաններին, լիցենզիայի որոշ դրույթների ընդգրկման հանգամանքներին։ «Հայփոստի» տնօրենն էլ պատասխանելով կողմերի հարցերին, նշեց, որ իր ղեկավարած համակարգը պատրաստ է հեռախոսային հաշիվները բաժանորդներին հասցնել։ Իսկ ներկայումս դրանք իմացվում են «Հայփոստի» բաժանմունքներում։ Հաշվի մեջ, բացի անուն ազգանունից, հասցեից եւ հեռախոսի համարից, մեկ թվով ներկայացվում է պարտքի գումարըՙ բաժանորդավճարը, րոպեավճարը, միջազգային խոսակցության վճարը։

Սակայն օրվա գլխավոր ելույթը «Արմենտելի» գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսի խոսքն էր, որը նա բնութագրեց որպես մեղադրվող կողմի պաշտպանական ելույթ։ Նա հաջորդաբար անդրադարձավ ընկերությանՙ լարային, բջջային կապերի, տվյալների փոխանակման եւ ինտերնետ կապի բնագավառներում կատարված ներդրումներին ու նախատեսվող ծրագրերին։

Խոսելով լարային հեռախոսակապի մասին, «Արմենտելի» ղեկավարը նշեց, որ տեղադրվել է 13 թվային կայանՙ 180 հազար թվային հեռախոսագծերով։ Դրանք փոխարինել են 16 նմանատիպ կայանների 153 հազար գծերին։ 13-ից 7 կայանները տեղադրվել են Երեւանում, 2-ըՙ Վանաձորում, 1-ականՙ Սպիտակում, Էջմիածնում, Աշտարակում, Եղեգնաձորում։ Աշտարակի կայանը դեռեւս միացված չէ, որովհետեւ ցանցը պետք է փոխվի։

800 գյուղերի թվայնացման մասին Գեորգիուս Վասիլակիսն ասաց, որ դա, ըստ էության, նշանակում է Հայաստանի թվայնացում, ինչը հնարավոր է միայն հաջորդ 5-ամյա բիզնես-ծրագրով։ Որպես ժամանակավոր լուծում ընկերությունը ծրագրել է այդ գյուղերում տեղադրել թվային բջջային կապՙ լարային կապի սակագներով։ Ներկայումս Երեւանում թվայնացված է հեռախոսակապի 90 տոկոսը, Երեւանից դուրսՙ 8,3 տոկոսը։ Այսինքնՙ թվայնացված է Հայաստանի 31 տոկոսը։ Սակայն դրա մի մասն է միացված բաժանորդներին։ Երեւանում դա կազմում է 60 տոկոս։

Ըստ թ. 60 լիցենզիայի, «Արմենտելը» պարտավորվել է 100 բնակչից 20-ին ապահովել հեռախոսակապով։ Ներկայումս 17 տոկոսն է կապով ապահովված։ Իսկ տեղադրված կայաններն ապահովում են 21 տոկոս խտություն, որի մի մասը դեռեւս միացված չէ։ «Արմենտելի» գործադիր տնօրենը վերստին հիշատակեց 150 հազար ազատ հեռախոսագծերի առկայությունը։

Անդրադառնալով «Արմենտելի» եկամուտներին (ոչ շահութաբեր), պրն Վասիլակիսը տեղեկացրեց, որ 1998-ից մինչեւ 2003 թթ. ըստ տարիների դրանք կազմել են 52 մլն դոլար, 57 մլն, 56 մլն, 63 մլն, 70 մլն դոլար։ Ինչ վերաբերում է մաքուր շահույթին, ապա պատկերը հետեւյալն է. 1998 թ.ՙ 16 մլն դոլար, 1999 թ.ՙ 9 մլն դոլար, 2000 թ.ՙ 4,7 մլն դոլար, 2001 թ.ՙ 3,3 մլն դոլար, 2002 թ.ՙ 5 մլն դոլար։ Ներդրումներն ըստ տարիների կազմել են. 1999 թ.ՙ 31,7 մլն դոլար, 2000 թ.ՙ 70 մլն դոլար, 2001 թ.ՙ 24,7 մլն դոլար, 2002 թ.ՙ 26,7 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, դրանք,ներառյալ 2003 թ.,կազմել են 182 մլն դոլար։ 2004 թ. նախատեսվում է գերազանցել 200 մլն դոլարի սահմանը։

«Արմենտելին» հուզող ամենալուրջ խնդիրն այսպես կոչված անօրինական տրաֆիկն է, երբ տվյալների փոխանակմամբ զբաղվող ընկերությունները Հայաստան են ներմուծում ձայնի մատուցման ծառայություն։ Այդ պատճառով «Արմենտելը» տարեկան կորցնում է 10 մլն դոլար։

Բջջային կապի մասին Գեորգիուս Վասիլակիսը հայտնեց, որ առաջիկա 1-2 ամիսներին կստեղծվեն 20 հազար լրացուցիչ հեռախոսագծեր, իսկ եկող տարվա սկզբին բաժանորդների թիվը կավելանա 100 հազարով։ Այս ծրագրերի արժեքը կազմում է 40 մլն դոլար։ Այդուհանդերձ, պատասխանելով տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հարցին, «Արմենտելի» գործադիր տնօրենը խոստովանեց, որ ինքը գոհ չէ բջջային կապի որակից։ Նա նաեւ նշեց, որ մինչ այժմ այստեղ ներդրվել է 29 մլն դոլար, իսկ 95 մլն դոլար էլՙ սովորական հեռախոսակապի զարգացման համար։ Կառավարության ներկայացուցիչների հարցերը երեկվա նիստի վերջին ակորդներն էին, իսկ բաց ժողովը կշարունակվի վաղը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4