«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ՁԵՎԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը երեկ վերստին դարձել էր քննարկման նյութՙ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի եւ լրագրողների մասնակցությամբ։ Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի հավաստմամբ, հանձնաժողովի անդամները մեկ առ մեկ ուսումնասիրել են իրենց ուղարկված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները շրջանառվող նախագծի վերաբերյալ։ Դրանցից առանձնապես ընդունելի են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի եւ «Ինտերնյուս», Երեւանի մամուլի ակումբ, «Հետաքննող լրագրողների ընկերակցություն», «Քաղաքացիական հասարակության զարգացման միություն», «Ասպարեզ» լրագրողական կազմակերպությունների ներկայացրած դրույթներն ու փոփոխությունները, որ անպայման հաշվի կառնվեն օրենքն ընդունելիս։ Տկն Հակոբյանի խոսքով, ԶԼՄ¬ների հետ արդյունավետ համագործակցությամբ միայն հնարավոր կդառնա ստեղծել նախագծի վերջնական, բարեփոխված տարբերակըՙ աշխատող ու պիտանի օրենք ունենալու համար։

Վերոհիշյալ խմբի ներկայացրած առաջարկությունների ու դիտողությունների մեջ ընդգծվում է գրաքննության, լրատվամիջոցների լիցենզավորման, տեղեկատվություն ստանալու իրավունքի եւ այլ հարցերի փոփոխման անհրաժեշտությունըՙ նկատի ունենալով դրանց անհամատեղելիությունը մամուլի եւ խոսքի ազատության հետ։ Շրջանառվող նախագծի որոշ դրույթներից հրաժարվելն, իհարկե, ձեռնտու չէ կառավարությանըՙ ԶԼՄ¬ների վրա առավելագույն վերահսկողություն սահմանելու ու նրանց իրավունքները սահմանափակելու համար։ Սակայն որքան էլ երկարաձգվեն օրենքի քննարկումն ու վերջնական ընդունումը, միեւնույն է, հնարավոր չէ հաշվի չառնել լրագրողների կարծիքը։

Աստղիկ Գեւորգյանի կարծիքով, քննարկումը հուսադրող էր այն իմաստով, որ օրենքի նախագծի ձեւական քննարկումները կարծես հետին պլան են մղվում իրենց տեղը զիջելով գործնական ու օգտավետ աշխատանքին։ Իրականում նախագիծն առաջին անգամ է արժանացել մանրակրկիտ ուսումնասիրության, արդեն առկա է տարբերակը, որն ընդգրկում է բոլորի մոտեցումներն ու տեսակետները։ Ամենաէականն այս փուլում սահմանումների հղկումն ու պարզեցումն էՙ խրթին ու անհասկանալի ձեւակերպումներից խուսափելու նպատակով։ Այլապես դրանք հետագայում գլխացավանք կդառնան լրատվամիջոցների համար եւ կօգտագործվեն վերջիններիս գործունեությունը կասեցնելու կամ այլեւայլ բարդություններ ու ծուղակներ ստեղծելու միտումներով։

Կառավարությունն ու Ազգային ժողովը, թվում է, այս պահին ձգտում են ուշադիր լինել «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծի հանդեպ։ Քննարկումները կշարունակվեն մոտակա օրերին եւ նախագծի պատկերն ավելի հասկանալի ու տեսանելի կդառնա։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4