Սայաթնովագիտությունն իր 150-ամյա ընթացքում այնքան նյութ է կուտակել, որ մասնագետներին այդ հիմքի վրա հնարավորություն է տալիս առավել ամբողջական գիտական խոսք ասել երգչի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ։ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը լույս է ընծայել բանասիրական գիտությունների դոկտոր, սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանի կազմած «Սայաթ-Նովա. խաղեր» լիակատար ժողովածուն։
Գրքի հրատարակությունը ձոնվում է սփյուռքահայ անվանի գրող, մանկավարժ, հրապարակախոս, սայաթնովագետ Հմայակ Շեմսի հիշատակին։ Ժողովածուն ընդգրկում է 18-րդ դարի խոշորագույն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի հայերեն խաղերը եւ թուրքերեն ու վրացերեն խաղերի գեղարվեստական թարգմանությունները։ Հրատարակված տեքստերը ճշգրտված են եւ վերանայված ուղղագրական նոր մոտեցումով։
Գիրքն ունի ընդարձակ ներածական, ծանոթագրություններ, մանրակրկիտ բառարան։
Գրքում ներկայացված են Սայաթ-Նովայի Դավթարի քննությունը եւ երգչի ստեղծագործության Հմայակ Շեմսի վերլուծականն ու քսան ընտիր երգերի նրա կատարած արեւմտահայերեն վերածումները։ Գրքում զետեղված են նաեւ հայերեն խաղերի նոտագրություններըՙ Շ. Տալյանի եւ Մ. Աղայանի կողմից։ Խաղերի ներկա հատորը հայ մեծ քնարերգու Սայաթ-Նովայի ամբողջական եռալեզու ժառանգության նոր եւ նորովի հրատարակությունն էՙ սայաթնովագիտության 150-ամյա հարուստ փորձի հիման վրա։
Գրքում խաղերը ներկայացված են երեք բաժիններով։ Հենրիկ Բախչինյանը 1970-ական թթ.-ից է զբաղվում Սայաթ-Նովայի կյանքի ու ստեղծագործության գիտահետազոտական աշխատանքով, որոնք տեղ են գտել գիտական հանդեսներում ու հանրապետական մամուլի էջերում։
Ուսումնասիրելով աշուղ-բանաստեղծի հայերեն ժառանգության ձեռագիր ու տպագիր աղբյուրները եւ սայաթնովագիտական լայնածավալ գրականությունը, Բախչինյանը կազմել է երգչի հայերեն խաղերի ակադեմիական հատորը, որը 1984-ին լույս է ընծայել Ազգային ակադեմիայի հրատարակչությունը։ Այստեղ մի շարք բնագրային ճշտումներով հրատարակվել են բոլոր հայերեն խաղերը, ինչպես եւ դրանց շուրջ չորս տասնյակ տարբերակներըՙ ընդարձակ ծանոթագրություններով ու բառարանովՙ հիմք ունենալով սայաթնովագիտական բազմամյա փորձը։
1987-ին Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել սայաթնովագետ Բախչինյանի կազմած Սայաթ-Նովայի եռալեզու խաղերի ժողովածուն։ Այստեղ արեւելագետ Նիկոլայ Գեւորգյանի վերծանությամբ լույս տեսան Սայաթ-Նովայի բոլոր թուրքերեն խաղերի հայատառ բնագրերը եւ նրանց տողացի թարգմանություններըՙ Բախչինյանի անմիջական մասնակցությամբ։
Խաղերի բնագրերի զգալի մասն առաջին անգամ է վերծանվել եւ թարգմանվել հայերեն։ Նույնպիսի սկզբունքով ներկայացված են նաեւ վրացերեն խաղերը, որոնց տողացի թարգմանությունը Բախչինյանը կատարել է վրացագետ Հրաչյա Բայրամյանի աջակցությամբ։ Արդյունքում հրապարակ հանվեց Սայաթ-Նովայի ողջ գրական ժառանգությունըՙ ճշգրտված եւ ծանոթագրված։
Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակի առթիվ «Սովետական գրող» հրատարակչությամբ Բախչինյանը տպագրել է նաեւ սայաթնովյան խաղերի մեկ այլՙ հոբելյանական շքեղ հատոր։ Այստեղ եւս հայերեն խաղերից զատ, տեղ են գտել թուրքերեն եւ վրացերեն բոլոր խաղերի գեղարվեստական թարգմանությունները։ Սայաթ-Նովայի երգերի ամբողջական հատորների հրատարակությունից եւ որոշ նորահայտ նյութերի հրապարակումից հետո լիովին հասունացել էր աշուղ-բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մի նոր, առավել ամբողջական բանասիրական-գրականագիտական ուսումնասիրություն, եւ 1988-ին ծնունդ առավ Բախչինյանի «Սայաթ-Նովա. կյանքը եւ գործը» մենագրությունը։
Հայաստանի անկախության կերտման առաջին տարիներին սայաթնովագիտությունն էլ, հասկանալի պատճառներով, խոր ճգնաժամ ապրեց։ Գրքից տեղեկանում ենք, որ սայաթնովագիտական աշխատանքներ շարունակվել են կատարվել գաղթօջախներում։ Իսկ այսօր բանասիրական գրականության մեջ հաճելի նորություն է Հենրիկ Բախչինյանի «Սայաթ-Նովա. խաղեր» ժողովածուն։
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ