«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


«ՀՈՒՇԱՄԱՏԵԱՆ ՎԱՀԱԳՆ ՏԵՓՈՅԵԱՆԻ. 1920-2000»

Մտավորականի անհուն պաշարով եւ հանրագիտարանային անսպառ գիտելիքներով օժտված հայտնի հասարակական գործիչ, գիտնական, ՌԱԿ Եգիպտոսի շրջանակի, Կահիրեի Հայ գեղարվեստասիրաց միության եւ Հայ ազգային հիմնադրամի եռանդուն երախտավոր Վահագն Տեփոյանին է նվիրված խնամքով պատրաստված այս հատորը, որը խմբագրությունը շնորհակալությամբ ստացել է օրերս։

Սիրով ու բծախնդրությամբ պատրաստված այս աշխատության նախաձեռնողն ու իրականացնողը Կահիրեի «Արեւ» թերթի նախկին եւ Սիդնեյի «Միութիւն» ամսագրի այժմյան խմբագիր դոկտ. Ավետիս Յափուճյանն է, որը ծանոթ է գրական, գիտական եւ լրագրողական շրջանակներում հատկապես օտար լեզուներից կատարած իր թարգմանություններով ու Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանի մանրակրկիտ ուսումնասիրություններով։

Ազգին նվիրաբերվելու գիտակցությունը ժառանգելով իր հրապարակագիր եւ հասարակական գործիչ հորիցՙ Պետրոս Տեփոյանից, Վահագն Տեփոյանը նոր, առավել բարձր մակարդակների ու լայն շրջանակների հասցրեց այդ նվիրաբերումըՙ շնորհիվ գիտության եւ փիլիսոփայության հանդեպ ունեցած իր բնածին հատկությունների, աշխատասիրության եւ նյութերի խիստ մատչելի ու հետաքրքրական ձեւով մատուցելու իր կարողության։

Գիտական թեմաների շուրջ իր դասախոսությունների սոսկ թվարկումն անգամ հատորներ կարող է լրացնել։ Իր բազմաբեղուն գործունեության համար նա 1989-ին արժանացել է Սբ. Ներսես Շնորհալի շքանշանին, իսկ 1977-ինՙ Կահիրեի Հայ գեղարվեստասիրաց միության «Ցկյանս պատվակալ նախագահի» կոչումին, իր իմաստուն ղեկավարության ներքո հասակ առած եգիպտահայ երիտասարդների փաղանգը մինչ օրս բարձր է պահում իր ազգային նվիրումի գիտակցությունը։

«Ազգին նուիրումս եղաւ ի հեճուկս անձնական գործիս եւ ընտանիքիս բարօրութեան, եւ որպէս հետեւանք այս իրողութեան, շատ մը ծանր դառնութիւններ ճաշակեցի։ Եւ այսօր անզիղջՙ հանդէպ կեանքիս ուղիին, Վահան Թէքէեանի հետ կ՛ըսեմ. «Ինծի ի՞նչ մնաց, ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ, այն միայն»։ Եւ Աստուած անհաղորդ չմնաց։ Ինծի պարգեւեց անհուն հոգեկան հարստութիւն մըՙ իրապէս գերազանց կարելի բոլոր նիւթական ստացուածքներէ։ Եւ աւելինՙ այս կենարար գոհունակութիւնը զիս կը լեցնէ երիտասարդական աճող եռանդով մը, որովհետեւ դեռ պէտք է ցմահ ծառայեմ ազգիս սրբազան գործին», կարդում ենք 1990-ին գրած նրա ինքնակենսագրական նոթերում։

Հուշամատյանում ամփոփված նյութերը պատմում են Վահագն Տեփոյանի անսակարկ հայրենասիրության, ՌԱԿ կուսակցությանն անվերապահ նվիրվելու, եգիպտահայ գաղթօջախին, սբ. Էջմիածնին եւ հայկական դպրոցին անմնացորդ ծառայելու նրա պատրաստակամության մասին։

Հատորը, որի 174 էջերում տեղադրված են նաեւ բազմաթիվ լուսանկարներ, նրա հիշատակը հավերժացնելու հիանալի ձեռնարկ է։ Հրապարակված է Կահիրեի Հայ ազգային հիմնադրամի միջոցներով։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4