«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՏՐԵՐԻ ՎՐԱ ԵՆ ՌՈՆԱԼԴՈՆ, ՇԱԿԻՐԱՆ, ՕՐԵՅՐՈՆ...

Նոր ուսումնական տարվա շեմին մի այնպիսի եռուզեռ է սկսվում հայաստանյան տոնավաճառներում, որ հեռվից դիտելիս սարսափելի է ներս մտնելու մասին մտածելն անգամ։ Բայց եւ այնպես հարկադրված մտնում ենք, որովհետեւ դպրոցականներ ունենք, որոնց հագուստ ու գրենական պիտույքներ են պետք։ Պատկերն ուղղակի սարսափելի էր մայրաքաղաքի «Այրարատ» տոնավաճառում։ Նախ ներս մտնելիս թվում է, թե շոգեբաղնիք ես մտնում։ Հարցիս, թե ինչպես եք աշխատում այստեղ, շոգից խեղդամահ լինող վաճառողուհին պատասխանեցՙ «Ուղեղներս անջատել ու աշխատում ենք»։ Անկեղծ ասածՙ անգամ 5 րոպե մեր ուղեղն անջատել չկարողացանք այնտեղ դպրոցականի շապիկ փնտրելու համար ու քրտնաթոր դուրս եկանք։ Իսկ մարդիկ այդպիսի պայմաններում աշխատում են առավոտից երեկո, մինչեւ անգամ հարկ վճարում իրենց հատկացված տեղի համար։ Երեւանյան բարքեր են...

«Ֆիրդուսի» տոնավաճառի հրմշտոցը մի կերպ հաղթահարելով վերջապես գտանք մեր փնտրած տրիկոտաժե շապիկը։ Երիտասարդ վաճառողին զարմացրել էր, թե ինչ արագությամբ են վաճառվել դրանք։ «Ափսոս, մի պարկ բերեցինք։ Իմանայինք, շատ կբերեինք»։ Երեւաց, որ անփորձ է ու շուկայից հեռու։ Նրա նմանները շատ են տոնավաճառներում։ Առեւտուր են անում միմիայն իրենց ընտանիքը կերակրելու համար։ Հոգով ու մտքով այլ բնագավառներում են, այլ աշխատանքի մեջ։

Շապիկ գնելուց հետո հերթը գրենական պիտույքներինն էր, ամենից կարեւորներն, իհարկե, օրագիրն ու տետրերն են։ Հայ դպրոցականների օրագրերի վրա այս տարի տիրաբար տեղ են գրավել հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդոն իր թիմով, կրծքաբաց թոփ ու ռոք աստղեր, մերսեդեսներ, ինչ ասես։ Իսկ ընդհանուր տետրերի վրա գայթակղիչ ժպտում են Շակիրան, Նատալյա Օրեյրոն եւ այլք։

Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու ու այլոց փոխարինելու են եկել օտար ու ամենագլխավորըՙ նյութական աշխարհի ներկայացուցիչները։ Կարելի է, իհարկե, զայրանալ, դժգոհել, բայց ինչ օգուտ դրանից։ Չէ որ մեր երկրում նման բաները համարվում են չնչին ու անկարեւոր, վերահսկողությունից դուրս։ Ինչ փույթ, թե դրանք մոտ մեկ տարի անբաժան են լինելու դպրոցականներից, դառնալու են նրանց դպրոցական կյանքի ամենօրյա ուղեկիցները։ Մենք, ախր, ամեն ինչում առաջնորդվում ենք եվրոպական չափանիշներո՜վ...

Թուրքատառ «օքյուլ դեֆտերի» տետրերը կարծես քչացել են շուկայում։ Շատացել են ռուսահայատառերը։ Օրինակ, կարելի է գտնել այսպիսի օրագրերՙ շապիկի վերեւում գրված են Էյնշտեյնի ասույթները ռուսերենով, ապա «Օրագիր»ՙ հայերեն եւ ռուսերեն լեզուներով եւ այդպես շարունակ։ Այս գաղափարն էլ երեւի հղացել են երկլեզվյան դպրոցի ջատագովներըՙ մի քիչ հայերեն, մի քիչ ռուսերեն ու ամեն ինչ կլինի «օքեյ»։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4