«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԴԺՎԱՐԻՆ ՄՐՑԱԽԱՂԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Անդրեյ Մովսիսյանը կրկին հրավիրվել է հավաքական

Եռամսյա ընդմիջումից հետո սեպտեմբերի 6-ին վերսկսվում է ֆուտբոլի Եվրոպայի 2004 թ. առաջնության ընտրական մրցաշարը։ Ավարտական երեք տուրերի հանդիպումները պետք է ի հայտ բերեն հաջորդ տարի Պորտուգալիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 15 մասնակիցներին (16-րդը դաշտի տերերն են)։ Այնպես որ, առջեւում բազում հետաքրքրական ու անզիջում մրցախաղերի ականատես կլինենք։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին առաջիկայում երկու կարեւորագույն հանդիպումներ են սպասում։ Սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին կմրցի ընտրական 6-րդ խմբի առաջատար Հունաստանի հավաքականի հետ, իսկ չորս օր անց Դուբլինում ուժերը կչափի Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլիստների հետ։ Ընտրական 6-րդ խմբում ՀՀ հավաքականն անցկացրած 5 հանդիպումներում վաստակելով ընդամենը 4 միավոր (+1=1-3, 6-11), զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Մեր ֆուտբոլիստները կորցրել են ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները եւ այս առումով առաջիկա հանդիպումները չեն կարող փոխել իրավիճակը։ Սակայն կա մի հանգամանք, ինչը մեր հավաքականի մասնակցությամբ հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնում է։ Բանն այն է, որ ՀՀ հավաքականի մասնակցությամբ հանդիպումների ելքից շատ բանով կանխորոշվելու է ընտրական 6-րդ խմբում ուղեգրերի համար մղվող պայքարի ելքը։ Այսպես, Հայաստանի հավաքականի հանդիպումները Հունաստանի եւ Իսպանիայի ընտրանիների հետ կարեւոր նշանակություն ունեն մրցակիցների համար։ Հենց այդ հանդիպումների ելքից էլ շատ բանով կանխորոշվելու է նրանց ճակատագիրը։

Սեպտեմբերի 6-ին Հունաստանի եւ սեպտեմբերի 10-ին Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ ընտրական մրցախաղերին նախապատրաստվելու նպատակով ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան ուսումնամարզական հավաքի է հրավիրել 21 ֆուտբոլիստի։ Գրեթե մեկամյա ընդմիջումից հետո հավաքականի մարզաշապիկը կրելու պատիվը կրկին վստահվել է Անդրեյ Մովսիսյանին։ Վերջինս դեռեւս Օսկար Լոպեսի ժամանակ հրաժարվել էր հանդես գալ հավաքականում։ Ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ բազմիցս նշել էր, որ մինչեւ Անդրեյ Մովսիսյանը հրապարակավ ներողություն չխնդրի ֆուտբոլասերներից, նրան չի թույլատրի մասնակցելու հավաքականի հանդիպումներին։ Ինչպես երեւում է, տարաձայնությունները հարթվել են, եւ այժմ Միխայ Ստոյկիցան որոշել է օգտվել ագրեսիվ հարձակվողի ծառայություններից։ Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվող ՀՀ հավաքականի կազմում ընդգրկված են երկու նորեկներ։ Նրանցից մեկը «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Մարիան Զեչիուն է, մյուսըՙ Ռուսաստանի պրեմիեր-լիգայի «Ռոստով» թիմում հանդես եկող Անատոլի Մորոզովը։ 30-ամյա պաշտպանն առաջին անգամ է հրավիրվել ՀՀ հավաքական։ Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ երկու դեղին քարտերի պատճառով Հունաստանի հավաքականի հետ հանդիպմանը չի մասնակցելու Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» ֆուտբոլիստ, ՀՀ հավաքականի առանցքային պաշտպան Սարգիս Հովսեփյանը։ Ինչ խոսք, նրա բացակայությունը մեծ կորուստ է մեր ընտրանու համար։

Հայաստանի եւ Հունաստանի ազգային հավաքականների հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 21-ին։ Դա պայմանավորված է նրանով, որ խաղն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Հունաստանում։ Այդ խաղի համար նախատեսված տոմսերի գինն արեւմտյան եւ արեւելյան տրիբունաների համար 3000 դրամ է, հյուսիսային եւ հարավային տրիբունաների համարՙ 1500 դրամ։

Առաջիկա հանդիպումներին մեր ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 1-ից։ ՀՀ ազգային հավաքականը հանգրվանել է «Հրազդան» հյուրանոցում։ Պարապմունքներն առայժմ անցկացվում են «Փյունիկի» մարզաբազայում։ Իսկ վերջին օրերին դրանք տեղի կունենան «Հանրապետական» մարզադաշտում։ Ճիշտ է, առայժմ ոչ բոլոր լեգեոներներն են ժամանել Երեւան։ Պատճառն այն է, որ, օրինակ, Շվեյցարիայում հանդես եկող Արթուր Պետրոսյանն ու Հարություն Վարդանյանը դեռ պետք է մասնակցեցին սեպտեմբերի 3-ին կայանալիք երկրի առաջնության հանդիպումներին։

Առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան ուսումնամարզական հավաքի է հրավիրել 21 ֆուտբոլիստի։ Ահա նրանց ցանկը.

Դարպասապահներՙ Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Արմեն Համբարձումյան («Սլավիա» Բուլղարիա)։

Պաշտպաններՙ Հարություն Վարդանյան («Սերվետ» Շվեյցարիա), Կարեն Դոխոյան («Կռիլյա սովետով», Ռուսաստան), Սարգիս Հովսեփյան («Տորպեդո-Մետալուրգ» Ռուսաստան), Խոսե Անդրե Բիլիբիո («Փյունիկ»), Տուդոր Զեչիու («Փյունիկ»), Անատոլի Մորոզով («Ռոստով» Ռուսաստան)։

Կիսապաշտպաններՙ Արթուր Ոսկանյան («Էթնիկոս» Կիպրոս), Ալբերտ Սարգսյան («Սպարտակ-Ալանիա» Ռուսաստան), Էդուարդ Պարցիկյան, Աղվան Մկրտչյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Ռոմիկ Խաչատրյան («Օլիմպիակոս» Կիպրոս), Արթուր Պետրոսյան («Ցյուրիխ» Շվեյցարիա), Եղիշե Մելիքյան («Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա), Կարեն Ալեքսանյան («Շիրակ»)։

Հարձակվողներՙ Արա Հակոբյան («Բանանց»), Արտավազդ Քարամյան, Արման Քարամյան (երկուսն էլՙ «Արսենալ» Ուկրաինա), Անդրեյ Մովսիսյան («Տորպեդո-Մետալուրգ» Ռուսաստան)։

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 5-ին Գյումրիում կմրցի իր հասակակիցների հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկան ուսումնամարզական հավաքի է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներՙ Նիկոլայ Սարգսյան («Փյունիկ»), Ֆելիքս Հակոբյան («Միկա»), Էդել Ապուլա Բետե («Փյունիկ»)։

Պաշտպաններՙ Վալերի Ալեքսանյան («Փյունիկ», Արմեն Տատինցյան («Լեռնագործ»), Հովհաննես Հարությունյան («Միկա»), Արարատ Առաքելյան («Բանանց») Վարդան Հովհաննիսյան («Միկա»), Մխիթար Գրիգորյան («Փյունիկ-2»), Կարեն Յայլոյան («Սպարտակ»), Արա Խաչատրյան («Սպարտակ»)։

Կիսապաշտպաններՙ Արթուր Ա. Պետրոսյան («Դինամո»), Դավիթ Գրիգորյան («Միկա»), Նդումբուկ Բալեպ Բա («Փյունիկ-2»), Ժորա Հովհաննիսյան, Լեւոն Փաչաջյան, Կառլ Լոմբե (բոլորն էլՙ «Փյունիկ»), Սամվել Մելքոնյան, Սուրեն Սարգսյան (երկուսն էլՙ «Բանանց»), Բարսեղ Կիրակոսյան («Ավտոդոր» Ռուսաստան), Արտակ Հովհաննիսյան («Կոտայք»)։

Հարձակվողներՙ Էդգար Մանուչարյան, Գալուստ Պետրոսյան (երկուսն էլՙ «Փյունիկ»), Տիգրան Ղարաբաղցյան, Վահե Դավթյան (երկուսն էլՙ «Բանանց»)։ Հայաստանի երիտասարդական հավաքականն էլ կորցրել է ուղեգրերի համար պայքարելու հնարավորությունը։ Նշենք, որ Հունաստանի հավաքականի հետ խաղում երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը կնշի «Փյունիկի» երկրորդ մարզիչ, ռումինացի մասնագետ Միխայ Ստոյկիցան։ «Ազգի» թղթակցի հետ զրույցում Միխայ Ստոյկիցան նշեց, որ այժմ իր առջեւ խնդիր է դրված պատշաճ մակարդակով ավարտել ընտրական մրցաշարը եւ ապագայի համար ստեղծել ուրույն ձեռագիր ունեցող մարտունակ մի կոլեկտիվ։ Թե որքանով կհաջողվի իրագործել առաջադրված խնդիրը, ցույց կտան առաջիկա հանդիպումները։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4