«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2003-08-30 | #156, 2003-09-02 | #157, 2003-09-03


ՋՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Դատավարությունն անցնում է ամենաթողության մթնոլորտում, թերեւս դատավորի մեղավորությամբ

Այսուհետեւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատավարությունը տեղի կունենա Նոր Նորք համայնքի առաջին ատյանի դատարանի արդիականացված շենքում, որտեղ ճաղավանդակներ այլեւս չկան եւ ամբաստանյալները ոտնաշղթաներով էին։ Այստեղ երեկ շարունակվեց շաբաթներ առաջ ընդհատված նիստը։ Նախորդ նիստն ընդմիջվել էր ամբաստանյալ Ջոն Հարությունյանի նախաքննական ցուցմունքների ձայնագրության տեսաերիզը դիտելու համար։ Նիստին, ինչպես եւ նախորդ անգամ, ներկա չէր ամբաստանյալ Արմեն Սարգսյանը։ Ընդունվել է որոշում, որի համաձայն 5 ամբաստանյալները կհարցաքննվեն նրա բացակայությամբ։

Բայց մինչ դատարանը կսկսեր տեսաերիզի դիտումը, ամբաստանյալներից Խաչիկ Աղաջանյանը հայտարարեց, որ, իր կարծիքով, դատավարության տվյալ պահին կարիք չունի պաշտպանի, ինչին դատարանը համաձայնեց։ Իսկ մեկ այլ ամբաստանյալՙ Գրիգոր Պետրոսյանը, ցանկություն հայտնեց, որ իր շահերը պաշտպանի Լուսնթագ Բադալյանը։ Դատարանը չառարկեց։

Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը դատավորին հիշեցրեց, որ Լուսնթագ Բադալյանի մյուս պաշտպանյալները եւս պետք է համաձայնություն տան, որ իրենց փաստաբանը պաշտպանի նաեւ Գրիգոր Պետրոսյանին։ Առարկություն չհնչեց։

Դատարանն անցավ տեսաերիզի դիտմանը։ Այդ ժամանակ դատական նիստին ներկա լրագրողները խնդրեցին տեսաերիզի դիտարկման համար դրված հեռուստացույցին մոտեցնել իրենց ձայնագրիչները։ Լուսնթագ Բադալյանը մի անիմաստ ելույթ ունեցավՙ փորձելով լրագրողներից «ճշգրտել», թե ձայնագրությունն ինչ նպատակ է հետապնդում։ Փաստաբանին, պարզվում է, զարմացնում էր, որ իր պաշտպանյալ Ջոն Հարությունյանի ցուցմունքը լրատվամիջոցներով կլուսաբանվի ողջ հանրապետությունում։

Հռետորական եւ ըստ էության ոչինչ չասող հարցադրումներից հետո Լ. Բադալյանն ամենայն լրջությամբ հայտարարեց, որ առարկում է իր պաշտպանյալի խոսքն ամբողջությամբ եթեր տալուն։ Որքան էլ տարօրինակ է, սակայն դատավարության ժամանակ «խոհանոցային» խոսակցությամբ զբաղված ամբաստանյալները մի պահ «արթնացան» եւ առարկեցին ձայնագրությանը։ Չնայած հնչած առարկություններին, դատավորը որոշեց, որ թույլատրում է ձայնագրություններ կատարել, քանի որ դա արգելված չէ օրենսդրությամբ։

Հետո սկսվեց զավեշտը։ Դատարանի դահլիճում տեղադրված «պուճուր» հեռուստացույցը Ջոն Հարությունյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները դահլիճում ձայնասփռելու փոխարեն մի բան էլ խլացնում էր։ Եվ եթե ավելացնենք, որ Ջոն Հարությունյանը տեսաերիզում խոսում էր Ղարաբաղի բարբառով, ապա կարելի է հասկանալ, որ դահլիճում գրեթե ոչ ոք ոչինչ չհասկացավ։ Առաջարկվեց փոխել հեռուստացույցը։ Տուժողի շահերը ներկայացնող Ռուբեն Ռշտունին էլ իր հերթին առաջարկեց, դատավարությունը կրկին շարունակել Վճռաբեկ դատարանի շենքում, որտեղ ընթացող «27»-ի դատավարությունն ընդմիջվել է 20 օրով։ Պրն Ռշտունին ավելացրեց նաեւ, որ այնտեղ կան տեխնիկական լավ սարքավորումներ։

Դատական նիստն ընդմիջվեց 10 րոպեով, մինչեւ նոր հեռուստացույց կհայթայթեին։ Ընդմիջումից հետո վերջապես դահլիճում Ջոն Հարությունյանի ձայնը քիչ թե շատ հնչեց։ Ընդհանուր առմամբ հասկանալի դարձավ, որ Ջոն Հարությունյանը նախաքննության ժամանակ խոստովանել է, որ կատարել է պատվիրված սպանություն։ Դրա համար իրեն առաջարկել են 30 հազար ԱՄՆ դոլար։ Ինքը պահանջել է 50։ Այնուհետեւ տեսաերիզում ամբաստանյալ Հարությունյանը նկարագրում էր, թե ինչպես ամբաստանյալ Գեղամ Շահբազյանն իրեն առաջարկել է սպանություն կատարել, թե ինչպես է Ջոն Հարությունյանը սպանել Տիգրան Նաղդալյանին եւ այլն։

Ջոն Հարությունյանը ցուցմունք էր տվել, որ Տիգրան Նաղդալյանին ներկայացրել են իրեն որպես մի ժուռնալիստի, որը Վազգեն Սարգսյանի մասին վատ բաներ է ցույց տալիս։ Դեկտեմբերի 28-ի սպանությունն իրականացնելուց հետո, որոշ ժամանակ անց Ջոն Հարությունյանն ինքնակամ մեղայականով ներկայացել է ոստիկանություն։

Ըստ էության, պատվիրատուի մասին նախաքննության ժամանակ Ջոնը ոչ մի կոնկրետ բան չի ասելՙ նշելով, որ որպես պատվիրատու իր մոտ նշվել է Վազգեն Սարգսյանի «բարեկամներ» կամ «ընտանիք» արտահայտությունը։

Դիմումն ավարտվեց, որից հետո, քանի որ ամբաստանյալ Գեղամ Շահբազյանը բացակա էր եղել Ջոն Հարությունյանի դատաքննական ցուցմունքների ժամանակ, դատարանում հրապարակվեցին նրա ցուցմունքները։ Այս ամենից հետո ամբաստանյալ Ջ. Հարությունյանը նշեց, որ տեսաերիզում եղածին եւ հրապարակվածին ոչինչ չի ավելացնում, ապա ասաց, որ պնդում է տեսաերիզում ասվածը, բայց ոչ դատարանում տված ցուցմունքը։

Անցնելով հարցաքննությանը, Ջ. Հարությունյանը հայտարարեց, որ ամեն մարդու մի հարցի կպատասխանի։ Եվ չնայած նման հայտարարությանը, իր պաշտպան Լուսնթագ Բադալյանի հարցերին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ իրեն ձերբակալել են փետրվարի 27-ինՙ զենք պահելու համար։ Այդ ժամանակ ինքը նշել է նաեւ Տիգրան Նաղդալյանին սպանելու մասին, քանի որ «խիղճս տանջում էր»։ Ու թեեւ Ջոն Հարությունյանի կեցվածքը դատարանում բնավ էլ զղջացողի չէր, նա հայտնեց, որ զղջում է։

Տիգրան Նաղդալյանին սպանելու պատվերը տալու ժամանակ, ըստ Ջ. Հարությունյանի, Գեղամ Շահբազյանն իրեն ասել է, թե Նաղդալյանը մասնակից է «Հոկտեմբերի 27»-ի գործին, թե նա կազմակերպիչ է։ Հասկանալի է, որ սա չի եղել միակ դրդապատճառը, ինչի կապակցությամբ էլ Հարությունյանը հավելեց փողի հանգամանքը։ Նա ավելացրեց նաեւ, որ չի իմացել Նաղդալյանի ով լինելը։ Սպանության հնարավորություն եղել է նաեւ դեկտեմբերի 28-ից շուտ, սակայն Ջոնը չի իրականացրել պատվերը։ Ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանի այն հարցինՙ եթե գումար չխոստանային, արդյոք Ջոնը կսպանե՞ր Նաղդալյանին, ամբաստանյալը հաստատական պատասխան տվեց։

Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի հարցերին պատասխանելիս Ջոն Հարությունյանը «պարզաբանեց», որ զենքի պահով «ընկնելով», որոշել է միանգամից ամեն ինչի համար նստել, դրա համար էլ պատմել է Նաղդալյանի սպանության մասին։ Հետաքրքրական է, որ մինչեւ պատվեր կատարելը Ջոնը երբեք ՏՏ մակնիշի ատրճանակով չի կրակել։ Ամբաստանյալը նշեց նաեւ, որ երբ 30 հազարի փոխարեն 50 հազար դոլար է պահանջել պատվերը կատարելու համար, այլոց անունից խոսող Գեղամ Շահբազյանը չի ասել, թե ինչ-որ մեկի հետ պիտի համաձայնեցնի գումարը մեծացնելու հարցը։

Ողջ հարցաքննության ընթացքում ամբաստանյալները զրուցում էին իրար հետ, այդ կապակցությամբ էլ տուժողի շահերը ներկայացնող Ռուբեն Ռշտունին սխալ որակեց Ջոն Հարությունյանի հարցաքննությունը Գեղամ Շահբազյանի ներկայությամբ իրականացնելու կարգը։ Դատավորը սխալ չտեսավ։

Այնուհետեւ ցուցմունք տվեց նաեւ Ֆելիքս Առուստամյանըՙ հրաժարվելով նախաքննական ցուցմունքներից։ Նիստն ընդմիջվեց մինչեւ ուրբաթ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Կարծում եմ, դատավարության բոլոր մասնակիցների համար օգտակար եւ արդյունավետ կլինի, եթե դատավարությանը հրավիրվի նաեւ Ղարաբաղի բարբառից եւ հակառակը թարգմանելու ի վիճակի որեւէ մեկը։ Սակայն եթե հաշվի առնենք, որ ինչ-որ կարեւոր փաստաթղթում մարդիկ ամրագրել են, որ պիտի նպաստեն Ղարաբաղի բարբառի միջազգայնացմանը, մեզ կմնա սովորել ղարաբաղյան բարբառը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4