«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2003-09-02 | #157, 2003-09-03 | #158, 2003-09-04


Ս.ԴԻՄԻՏՐՈՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑ ԵՆ»

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ քաղաքական հարաբերությունները գերազանց են, ինչը նշանակում է, որ երկու երկրները չունեն ոչ պատմական, ոչ քաղաքական եւ ոչ էլ այլ բնույթի որեւէ վիճահարույց խնդիր։ Նրանց անվերապահորեն կարելի է բնորոշել որպես բարեկամական պետություններ։ Դա են հաստատում ՀՀ նախագահի առաջիկա այցը Բուլղարիա եւ երկու երկրների միջեւ ամենաբարձր մակարդակով շփումները», ասաց ՀՀ-ում Բուլղարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար դոկտոր Ստեֆան Դիմիտրովը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սոֆիա, որտեղ հանդիպումներ կունենա Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովի, վարչապետ Սիմեոն Սաքսկոբուրգոտսկու, խորհրդարանի խոսնակ Օգնյան Գերջիկովի, նաեւ Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում են արվեստի անվանի գործիչներ, որոնք կմասնակցեն Բուլղարիայում հայկական մշակույթի օրերին։

Ս.Դիմիտրովի խոսքերով, Բուլղարիայի իշխանություններն այս այցին մեծ նշանակություն են տալիսՙ բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների ակտիվացման եւ խորացման առումով։ Ըստ նրա, հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները կքննարկեն տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, փոխադարձ վստահության ամրապնդման, մարդկության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր։

Նախագահները կանդրադառնան նաեւ ենթակառուցվածքների զարգացման խնդիրներին։ «Ներկայումս գործում են Բուրգաս-Փոթի, Վառնա-Իլիչյովսկ-Փոթի առեւտրական ուղիները, սակայն, հարկավոր է իրավաբանորեն ամրագրել բոլոր պայմանները, որպեսզի ապրանքաշրջանառությունը լինի առավել արագ եւ արդյունավետ», ընդգծեց բուլղար դիվանագետը։ Ըստ նրա, Բուլղարիան կարող է լինել պատուհան, որը բացելու համար, սակայն, անհրաժեշտ է կարգի բերել բոլոր մեխանիզմները Վրաստանում, քանզի այն տարանցիկ երկիր է։ Այս առումով Բուլղարիայի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնեցված Է եռակողմ մի փաստաթուղթ, որը նախատեսվում Է ստորագրել այս տարվա հոկտեմբերին ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում Երեւանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ։

Նախագահները կստորագրեն այցի արդյունքների մասին համատեղ հռչակագիր, ինչը, ըստ Ս.Դիմիտրովի, ոչ հաճախ ստորագրվող փաստաթուղթ է եւ ընդգծում է այցի կարեւորությունը։ Դիվանագետի խոսքերով, միջպետական հարաբերությունների համար իրավաբանական հիմքը, հիմնականում, դրված է, մինչդեռ այն ոլորտներում, որոնք առնչվում են քաղաքացիներին, բայց ինչ-որ առումով կապված են պետությունների հետ, դեռեւս լուրջ աշխատանքի անհրաժեշտություն կա։

Անդրադառնալով տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակին, Ս.Դիմիտրովը նշեց, որ այն կողմերին չի գոհացնում, թեեւ դա ամենեւին չի նշանակում, որ իրավիճակը վատ է, պարզապես այս բնագավառի նկատմամբ ներկայացվող պահանջները շատ խիստ են։ Ըստ նրա, առեւտրական կապերի չգոհացնող մակարդակի համար կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։

Տնտեսական խնդիրներից մեկն այն է, որ վերջին չորս տարիների ընթացքում առեւտրաշրջանառության ծավալներում աճ չի գրանցվում։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այն տարեկան միջին հաշվով կազմում է շուրջ 40 մլն դոլար։ «2001 թ-ին արձանագրվել էր ապրանքաշրջանառության ծավալների 15 տոկոս անկում, 2002-ինՙ նույն չափով աճ։ Այսպիսի փոփոխություններ ժամանակ առ ժամանակ լինում են, բայց ինչ վերաբերում է զարգացմանը, ապա այն բացակայում է։ Սա խնդիր է, որի ուղղությամբ հարկավոր է նպատակային քայլեր ձեռնարկել», նկատեց Ս. Դիմիտրովը։ Ի դեպ, ըստ հայկական կողմի վիճակագրության, այս տարվա առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 19,5 մլն դոլար։

Դիվանագետի խոսքերով, մյուս խնդիրը կապված է առեւտրաշրջանառության ծավալների անհավասարակշռության հետ. 19,5 մլն դոլարից միայն 1,3-ն է բաժին հասնում Հայաստանից արտահանմանը, մնացած 18,2 մլն դոլարը կազմում է ապրանքների ներմուծումը Բուլղարիայից։ «Առեւտրի այս բացասական հաշվեկշիռը չպետք է երկար պահպանվի, քանի որ այդ պարագայում կարող է երկու երկրների միջեւ առեւտրի լուրջ խոչընդոտ դառնալ», նշեց Ս.Դիմիտրովը։

Ըստ նրա, տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կա երկու հիմնական գործոնՙ կառավարություն եւ գործարար շրջանակներ։ 2000 թ-ին ստեղծվել է առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն արդեն անցկացրել է երկու նիստ։ Երկու երկրների կառավարությունները համաձայնագրեր են ստորագրել ներդրումների խթանման եւ պաշտպանության, նաեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին։ Ս.Դիմիտրովի խոսքերով, իշխանությունների մակարդակով գրեթե ամեն ինչ արված է, եւ «կարելի է ասել, որ շուկայական հարաբերությունների պայմաններում կառավարությունները դրանից ավելի չեն էլ կարող անել»։ «Սակայն, հանձնաժողովը ստեղծելուց հետո էլ առեւտրաշրջանառությունը չի ընդլայնվում, ինչը նշանակում է, որ ավելի մեծ շեշտադրում է պետք կատարել երկրորդ գործոնիՙ գործարար մարդկանց, վրա։ Ներկայումս կարծես եւ բուլղար, եւ հայ գործարարները զուգահեռաբար գնում են Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, բայց միմյանց չեն դիմում։ Կառավարությունների խնդիրը պետք է լինի միայն կողմնորոշել գործարարների հետաքրքրությունը, նրանց ծանոթացնել երկու երկրների շուկայական ներուժին եւ հնարավորություն տալՙ ձեռք բերելու գործընկերներ», նշեց նա։

Ս.Դիմիտրովի խոսքերով, եկող տարի Բուլղարիան կդառնա ԵԱՀԿ նախագահող երկիր, որի թեկնածությունը պաշտպանել է ԵԱՀԿ անդամ պետությունների մեծ մասը, այդ թվումՙ Հայաստանը։ Վերջինս աջակցել է Բուլղարիային նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ լիիրավ անդամ ընտրվելու հարցում։

Ի դեպ, նախատեսվում է նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի այցը Բուլղարիա, ընդ որում երկու երկրների ԱԳ նախարարները 2002 թ-ին հանդիպել էին Նյու Յորքումՙ ստորագրելով դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար առանց այցագրային ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը։ Այդ նույն հանդիպման ժամանակ էլ հենց պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու վերաբերյալ։

Ս.Դիմիտրովը նշեց, որ Հայաստան այցելելու հրավեր է ստացել Բուլղարիայի վարչապետ Սիմեոն Սաքսկոբուրգոտսկին։ Ակնկալվում է, որ այդ այցը տնտեսական հարցերի առումով շատ մեծ նշանակություն կունենա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4