ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Վլադիմիր Մերզլյակովը սեպտեմբերի 3-ին ժամանել է Բաքու տարածաշրջանային փաստահավաք այցի շրջանակում։ Բաքվի օդանավակայանում նա լրագրողներին հայտնել է, որ ծանոթանալու է խաղաղության բանակցություններին եւ դրանց նկատմամբ Բաքվի դիրքորոշմանը։ Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս» ադրբեջանական լրատվական ծառայությունը, Մերզլյակովը չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարգավորման հիմնական սկզբունք է։ Մերզլյակովը միայն ասել է, որ ինքը պաշտպանում է նախագահ Պուտինի դիրքորոշումը եւ հավատացած է, որ հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու։ Ադրբեջանում նա հանդիպումներ է ունենալու երկրի վարչապետ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Վելայաթ Գուլիեւի հետ։