«Այրվող Տիգրիսը։ Հայոց ցեղասպանությունը եւ Ամերիկայի դիրքորոշումը» խորագրով գիրքը 1997-ին հրատարակված «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությամբ մեծ համբավ ձեռք բերած Փիթեր Բալաքյանի նոր վեպն է, որի պաշտոնական լույսընծայումը թեեւ նախատեսված է սեպտեմբերի 30-ին, բայց այժմվանից կարելի է օրինակներ պատվիրելՙ այցելելով Ամերիկայի Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի վեբսայթըՙ http։ //www.armenianchurch.org/resources/bookstore/tigris.html հասցեով, տեղեկացնում է այդ թեմից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։
Գիրքը, որը հրատարակում է մեծապես հայտնի «Հարպեր կոլինզ» հրատարակչությունը եւ արժենալու է 26.95 դոլարՙ գումարած առաքման ծախսերը, խոստանում է այլազգի ընթերցողների լայն շրջանակներին իրազեկել ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստերին, այլեւ Ամերիկայի այդ ժամանակների վերաբերմունքին։
Վեպն արդեն արժանացել է դրվատանքի խոսքերի։ «Փաբլիշրզ ուիքլի» (հրատարակիչների շաբաթաթերթ) պարբերականի օգոստոսի 18-ի համարում աստղանիշով առանձնացված հետեւյալ գրախոսությունն է տպագրվել։
«(Հրեական) Ողջակիզման շվաքի ներքո մոռացության մատնված 1915-16 թթ. մեկ միլիոնից ավելի հայերի կոտորածը թուրքերի կողմից իսկական ցատկահարթակ դարձավ 20-րդ դարի հետագա սարսափների համար, որոնք հետեւեցին դրան եւ Բալաքյանի այնքան փայլուն նկարագրությունների մեծ մասը մեզ ծանոթ է եւ սարսռեցնող. անմարդկային դաժանություն, անօգնական քաղաքացիների զանգվածային տեղահանություն, «կանոնավոր ռասայական բնաջնջում» աղաղակող թերթերի խորագրեր, մտավորականներ եւ հասարակական գործիչներ, որոնք միջամտություն են աղերսում (արտաքին աշխարհից) եւ ցավալիորեն արեւմուտքում քաղաքական ցանկության պակասՙ միջամտելու եւ դադարեցնելու այդ կոտորածը։ Բալաքյանը բացահայտում է ցեղասպանության արմատներն Առաջին համաշխարհային պատերազմի ընդհանուր մթնոլորտում, որտեղ երիտթուրքերի կառավարության պանթուրքական ազգայնամոլությունը բոցավառում է մահմեդականների զայրույթն «անհավատ» հայ քրիստոնյաների հանդեպ եւ վերականգնում օսմանյան շրջանի ատելությունը, որն 1890-ականներին սուլթան Աբդուլ Համիդի օրոք կոտորածների պատճառ էր դարձել։
Բալաքյանը, որն այնքան հուզականորեն նկարագրել էր Ցեղասպանության անմիջական ազդեցությունն իր ընտանիքի անդամների վրա «Ճակատագրի սեւ շունը» գրքում, այստեղ նաեւ կարեւորում է ամերիկացի հյուպատոսների ու լրագրողների մանրամասն զեկուցագրերի միջոցով Ամերիկայում հայերի բնաջնջմանը լավատեղյակ լինելու փաստը եւ համապատասխան վերաբերմունքըՙ մարդասիրական օգնության տեսքով, որ ամերիկացիները ցուցաբերեցին հայ գաղթականներին եւ վերապրողներին։ Քաղաքից քաղաք, շրջանից շրջան ձգվող սարսափազդու նկարագրություններին զուգահեռ Բալաքյանը սկզբնաղբյուրային վկայակոչումներ է մեջբերում հայ բնակչության զանգվածային կոտորածների եւ հայկական բնակավայրերի ու մշակույթի ոչնչացման վերաբերյալ։ Բայց նա չափազանցությունների մեջ չի ընկնում եւ պահպանում է պատմաբանի տոնն ամբողջ գրքով մեկՙ հեշտությամբ ներելով Վուդրո Վիլսոնին Թուրքիայի դեմ պատերազմ չհայտարարելու համար։ Ընթերցողները բաժանվում են գրքից այն համոզմունքով, որ տխուր վախճան ունեցած հայերի քաջարի դիմադրությունը Վանում պետք է նույնքան փառաբանված լիներ, որքան Վարշավայի գետտոների ապստամբությունը, եւ դիակներով ծածկված Գյոլջուկ լիճը նույնքան հայտնի, որքան Բաբի Յարը»։
Ավելացնենք, որ Փիթեր Բալաքյանը մեծացել է միմյանց ջերմորեն կապված բազմանդամ մի ընտանիքում, որը 1950-60-ականներին ապաստան է գտնում Նյու Ջերսիի արվարձաններում եւ ունեցել է տիպիկ ամերիկյան պատանեկություն։ Հասուն տարիքում նա հասու է դարձել իր ընտանիքի իրողություններին։ Ներկայումս նա Կոլգեյթ համալսարանում անգլերենի դասախոս է։ Հեղինակ է բանաստեղծությունների 5 եւ արձակ 2 գրքերի, որոնցից «Ճակատագրի սեւ շունն» արժանացել է 1998 թ. ՓԵՆ/Ալբրանդ մրցանակինՙ որպես լավագույն հուշագրություն։ Բնակվում է Համիլիոնում (Նյու Յորք)։
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ