ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի Հանրապետության Սենատը 2003թ. օգոստոսի 20-ին հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Նրանում ասված է.
«Արգենտինայի Հանրապետության Սենատը հայտարարում է.
1. Իր խոր վիշտըՙ 1915-1923 թվականներին թուրքական պետության կողմից գործադրված 1.500.000 հայերի ցեղասպանության 88-րդ տարելիցի հիշատակման առիթով.
2. որ մերժում է ազգային, էթնիկ, ցեղային կամ կրոնական խմբերի ցեղասպանության բոլոր ձեւերը, ինչպես նաեւ դատապարտում է մարդկության դեմ անպատիժ մնացած հանցագործությունները.
3. որ հաստատում է համաշխարհային ներկայիս կոնտեքստում մարդու իրավունքների ունիվերսալ սկզբունքների լիարժեքությունը եւ ուժըՙ իբրեւ ժողովուրդների միջեւ խաղաղության եւ համերաշխության ապահովման երաշխիք, գիտակցելով, որ անպատիժ մնացած մարդկության դեմ հանցագործությունների անժամանցելիությունն արգելք է հանդիսանում հակամարտությունների խաղաղ լուծման ճանապարհին»։