Ոմն երեւանցի իր ձեռքի տակ ունի 1102 թվականի ձեռագիր ավետարան, որն ինտերնետում վաճառքի է հանել 120 հազար դոլարով։ Վաճառքի ժամկետը տեւել է օգոստոսի 12¬22¬ը, սակայն, ի դժբախտություն նրա, այդ ընթացքում որեւէ մեկը ավետարանը գնելու մտադրություն չի հայտնել։ Հնարամիտ երեւանցուն մեկ դոլար անգամ չի առաջարկվել, մինչդեռ առաքման ծախսերը ներառյալ ավետարանի գինը եղել է 150 հազար դոլար։ Այս մասին տեղեկացանք Էլեկտրոնային փոստով Կալիֆոռնիայից «Ազգի» խմբագրությանը ուղարկված հաղորդագրությունից, որի Վիգեն անունով հեղինակն անչափ մտահոգված է եւ պահանջում է արգելել ավետարանների վաճառքը, պահպանել հայ ազգի մշակութային ժառանգությունը։
Ճիշտ է, ավետարանի վաճառքը ձախողվել է, սակայն երեւույթն ինքնին անհանգստացնող էՙ մշակութային արժեքները մեր երկրից ինտերնետի միջոցով այլոց սեփականությունը դարձնելու փորձնական նախաձեռնության իմաստով։
Անշուշտ, իր անձնական հարստությունը վաճառելու իրավունք ունի ամեն ոք, իր նախընտրած ճանապարհով, սակայն խնդիրը միանգամայն այլ է, երբ գործ ունենք միջնադարյան ձեռագիր արվեստի նմուշի հետ։
Ոմն ձեռագրավաճառն իր հայտարարության մեջ գրել է, թե «այդ եզակի ավետարանը հնարավոր չէ գտնել անգամ Մատենադարանում»։
Մատենադարանի գլխավոր ավանդապահ եւ ձեռագրագիտության բաժնի վարիչ Գեւորգ Տեր¬Վարդանյանը, որը մեր զրույցի պահին արդեն տեղյակ էր ձեռագրի վաճառքի մասին, հիմարություն անվանեց ավետարանի եզակի լինելու վերաբերյալ միտքը, հավելելով, որ ինտերնետում զետեղված միակ լուսանկարից, բովանդակության ու կազմի մասին նշված աննշան տվյալներից հնարավոր չէ նվազագույնս դատել դրա իսկական արժեքի մասին։ Չկա ոչ մի խոսք հիշատակարանների մասին, առանց որոնց անկարելի է որեւէ գնահատական տալ։ Ի դեպ, ոմն երեւանցին իր թանկարժեք ավետարանը երբեւէ չի առաջարկել Մատենադարանի ձեռագրագետներինՙ գնահատելու կամ վաճառելու նպատակով։
Պրն Տեր¬Վարդանյանը նշեց, որ ձեռագիրը Հայաստանից ապօրինի ճանապարհով հանելու հնարավորությունը բացառելու համար պետք է, որ պետական մարմինները աչալուրջ լինենՙ կանխելու հնարավոր տարբեր վարկածները։
Հայաստանում, անշուշտ, գոյություն ունի «Մշակութային արժեքների ներմուծման եւ արտահանման մասին» օրենքը, համաձայն որի, դրանք մեր երկրից դուրս են տարվում միմիայն ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան բաժնի վարչության թույլտվությամբ։ Ուսումնասիրելուց եւ գնահատելուց հետո է միայն որոշվում, թե որքանով է թույլատրելի տվյալ ապրանքը երկրից տանելը։
Օրենքը կա, ցավոքՙ կան նաեւ օրենքը շրջանցողները, հետեւաբար գոյություն ունի մաքսանենգության ու այլեւայլ ճանապարհներով դրանց տիրելը։ Մեթոդ, որ աշխարհում այսօր բավականաչափ տարածված է։ Չմոռանանք, որ այդ մեթոդից օգտվել կարող են նաեւ օտարերկրյա դիվանագետները։ Ուրեմն լինենք զգոն, մանավանդ որ ոմն երեւանցին կարծես վաճառքը համարելով ավարտվածՙ նոր ժամկետ չի նշել։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ