Գեղարքունիքի մարզպետարանի երկու աշխատակից դատական գործ են բացել այն բանից հետո, երբ որակավորման հանձնաժողովն անհամապատասխան է գտել համապատասխան պաշտոնների նրանց զբաղեցումը։ Ընդհանուր առմամբ մեկուկես տարվա ընթացքում քաղաքացիական ծառայության մասով ընդամենը 3 դատական հայց է ներկայացվել։
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ի տվյալներով ընդհանուր առմամբ հայտարարված 498 մրցույթներից կայացվել է 426-ը, որոնցից 225-ըՙ բարձրագույն եւ գլխավոր, 201-ըՙ առաջատար եւ կրտսեր պաշտոնների կտրվածքով։ Այդ մրցույթներին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 2886 քաղաքացի, որոնցից մրցույթներին մասնակցել են 1926-ը։ Վերջիններից հաղթող է ճանաչվել 845 քաղաքացի։ Ընդհանրապես, հաղթող չի ճանաչվել հայտարարված 52 մրցույթներում։ Միջին ցուցանիշներով կայացած մեկ մրցույթին մասնակցել է 4.5 քաղաքացի, որոնցից մոտ երկուսը հաղթող է ճանաչվել։ Ընդհանուր մասնակիցների թվի համեմատ հաղթողները կազմել են մոտ 44 տոկոս։ Հատկապես դժվարություններ են հարուցում մրցույթները, որոնք ձնագնդի էֆեկտով կուտակվում են որակավորման, ուսումնասիրությունների արդյունքում խախտումներով պաշտոններ զբաղեցրածներին այդ պաշտոններից ազատման, կրկնակի մրցույթների անցկացման պատճառներով։ Որպեսզի որոշակիորեն թեթեւացվի վիճակը եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը հանձնաժողովների կազմմանն առավել արդյունավետ եւ պատասխանատու դառնա, հավանաբար շուտով փոփոխություն կկատարվի համապատասխան իրավական ակտում, եւ հանձնաժողովի անդամների թիվը կհասցվի 6-ի։ Այնուամենայնիվ, այս պայմաններում էլ հետաքրքրական պատկեր է արձանագրվել։ Օրինակ, մինչեւ այժմ ատեստավորման ընթացքում պաշտոններին չհամապատասխանած 73 քաղծառայողներից 27-ը բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնողներն են։
Քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման, կադրային գործի վարման գործընթացներին ծանոթանալու, առկա թերություններն ու խախտումները բացահայտելու նպատակով Քաղաքացիական ծառայության խորհուրդն իր իրավասության շրջանակներում համապատասխան մարմիններում շարունակում է ուսումնասիրությունների անցկացումը։ Արդեն ստուգվել են ողջ քաղծառայողների 1/3-ի, այսինքնՙ մոտ 2500-ի անձնական գործերը։ Դրանց արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, որոնց խորհուրդն անմիջապես արձագանքել է միջնորդություններ ներկայացնելով համապատասխան մարմինների ղեկավարներինՙ պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով։
Ըստ ամենայնի, քաղաքացիական ծառայության համակարգն ընդլայնվելու միտումներ է դրսեւորում։ Հանրապետության նախագահի հանձնարարականով հարկային, մաքսային ծառայությունների, ԱԳ նախարարության համակարգերում մրցույթների ժամանակ այսուհետեւ պետք է մասնակցեն նաեւ ՔԾԽ-ից։ Բացի դրանից, քաղծառայության համակարգ է մտցվել նաեւ ԿԸՀ-ի աշխատակազմը։
Ինչ վերաբերում է չինովնիկների այս շերտի վարձատրությանը, ապա հուլիսի 1-ից նրանց բազային նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամ է կազմում։ Մանվել Բադալյանի հավաստիացմամբ, կառավարությունը միջանկյալ ծրագիր է մշակում, որով նախատեսվում է մինչեւ 2006 թ. բազային նվազագույն աշխատավարձը հասցնել 45 հազար դրամի։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ