«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2003-09-03 | #158, 2003-09-04 | #159, 2003-09-05


ՀՌԱԿ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՎԻԱՑԻԱՅԻ ԹԵՄԱՆ, ԸՆԴԳՐԿԵԼՈՎ ՆԱԵՎ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄԵՐԻՆ

Շարունակելով Հայաստանում հիմնախնդրային հարցերին անդրադառնալու արդեն իսկ հայտարարված շարքը, երեկ ՀՌԱԿ-ը «Կոնգրես» հյուրանոցում հանդիպման էր հրավիրել «Հայկական ավիաուղիներ» ընկերության կոլեկտիվի կազմկոմիտեի, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, քաղաքացիական ավիացիայի վարչության, արդարադատության նախարարության ներկայացուցիչներին։ Հասկանալի է, որ օրվա թեման վերաբերում էր դարձյալ ավիացիային, մասնավորապես «Հայկական ավիաուղիների» ճակատագրին։

ՀՌԱԿ համանախագահ Հարություն Առաքելյանը նշեց, որ հանդիպումը ավելի շատ երկխոսություն է, ավելացնելով, որ ավելի շատ պիտի արվեն առաջարկներ, եւ ոչ թե հնչի քննադատություն։ Սակայն այնպես ստացվեց, որ ՀԱՈՒ-ի կոլեկտիվի ներկայացուցիչները գուցե թե ըչէին հասկացել հանդիպման նպատակը, քանի որ սկսեցին զուտ ընդհանրական դատողություններից։

Մասնավորապես, ընկերության իրավական խորհրդատուն, որ ներկայացավ որպես միջին սերնդի ներկայացուցիչ, չգիտես ինչու, իր ելույթը սկսեց ներկայումս գոյություն չունեցող ազգային սեփականության հասկացությունից։ Նա պաթետիկ ներկայացրեց, թե ինչպես է մեր ժողովուրդը զրկվում իր ունեցածից եւ բռնում գաղթի ճամփան։ Չմոռանալով ավելացնել, որ «մեր երկրի հպարտությունն էր պանծալի հայկական ավիացիան», խորհրդատուն նշեց, որ ընկերությունում եղել են 4-5 մլն դոլարի չափով յուրացումներ։

Ասվածին ավելացրեց, որ ՀԱՈՒ-ն երբեք առանց շահույթի չի աշխատել, որ այդ ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պետք է մնար որպես պետական սեփականություն, եւ որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել կառավարության եւ «Սիբիր» ավիաընկերության միջեւ կնքված պայմանագիրը։

Հանդիպման ժամանակ խոսեց նաեւ ՀԱՈՒ-ի տեխնիկական սպասարկման բաժնի պետ Աշոտ Բերբերյանը։ Վերջինս ներկայացրեց վերլուծություններ, ենթադրություններ, իսկ ՀԱՈՒ-ի ունեցած 30 մլն դոլար պարտքը, իր կարծիքով, համարեց վատ կառավարման հետեւանք։ Ի դեպ, այդ պարտքից մոտ 700 հազարը պետք է վճարի ՀՀ կառավարությունը։

Մասնակիցներից տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչն անկեղծորեն խոստովանեց, որ ավիացիայի խնդիրներին հետեւում է մամուլի հրապարակումներով, քանի որ հանձնաժողովը չի կարող ուսումնասիրել բոլոր ապրանքների ու ծառայությունների շուկաները։ Եվս մեկ մասնակիցՙ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի իրավական խորհրդատուն, հայտարարեց, որ տեղեկություն չունի, թե ՀԱՈՒ-ն լուծարվում է, իսկ ինչ վերաբերում է շահույթով աշխատելուն, ապա դրանում նույնպես խորհրդատուն համոզված չէր։

Կարծում եմ, որ ավիացիայի եւ ՀԱՈՒ-ի առումով գործը տեղից, իհարկե, չշարժվեց, սակայն ամեն դեպքում ողջունելի է, որ խնդրին առնչվող կողմերին փորձ է արվում նստեցնել կլոր սեղանի շուրջ։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4