ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
«Սխալները պատժում է ոչ թե օրենքը, այլ պատմությունը»
Ֆրանսուա ՌԱԲԼԵ
Առաջին բազմահատոր Հայկական հանրագիտարանը («Հայկական սովետական հանրագիտարան») հրատարակվել է 1974-1987 թվականներին։ Այն բաղկացած է 12 հիմնական եւ մեկ լրացուցիչ հատորից։ Գիտության բոլոր բնագավառներն ընդգրկող համընդհանուր (ունիվերսալ) բնույթի հանրագիտարան է։ Զուտ հայկական թեմատիկան կազմում է այդ հրատարակության երրորդ մասըՙ 38.767 հոդված, 15.263 գունավոր եւ սեւ-սպիտակ պատկերազարդում, 858 քարտեզներ, գծագրեր, հատակագծեր։ Հատորներից յուրաքանչյուրի տպաքանակը 100 հազար օրինակ է։ Բերված թվերը, ընդգծենք, վերաբերում են միայն հայկական թեմատիկային։ Սակայն ինչպիսի մշակութային եւ պատմական արժեք էլ ունենա Հայկական սովետական համընդհանուր հանրագիտարանը, պիտի խոստովանել, որ արդեն այսօր չի կարող բավարարել մեզ ոչ գաղափարախոսական, ոչ աշխարհայացքային եւ ոչ էլ հայեցակարգային առումներով։ Եվ կյանքը ինքն է հուշում, որ հասունացել է Հայկական մեծ հանրագիտարանի երկրորդ հրատարակության նախապատրաստական աշխատանքները սկսելու ժամանակը։ Այնպես որ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության առջեւ այսօր կանգնած են նոր խնդիրներ. խնդիրներ, որոնք պիտի լուծվեն անհետաձգելիորեն եւ, ինչպես ասում են, ազգովին։
Եվ հանկարծ հենց հիմա, երբ թվում է, թե պետությունը եւ հասարակությունը պիտի առանձնահատուկ պատասխանատվության զգացումով շրջվեին դեպի եզակի հրատարակչությունըՙ հրատարակչական գործի սրբության սրբոցը, պարզվում է... որ Հայկական հանրագիտարանի շենքը պարզապես վաճառել են. վաճառել են, ինչպես կվաճառեին որեւէ ապրանք, ասենք, մի զույգ սապոգ։
Մի՞թե, իսկապես, «աշխարհում ամեն ինչ վաճառվում եւ գնվում է»։ Մի՞թե ճշմարիտ է այդ ցինիկ ձեւակերպում-բանաձեւը։ Չէ՞ որ միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե ընդամենը վաճառվել է Թումանյան 17 հասցեում գտնվող ինչ-որ շենք։ Վերջին հաշվով, Մատենադարանն էլ փոստային հասցե ունի, ինչպես եւ Լուվրը Փարիզում կամ Կրեմլը Մոսկվայում։ Դեռ հասկանալի կլիներ, եթե խոսքը գնար այն աստիճան քայքայված շենքի մասին, որի փրկությունը միայն կապիտալ վերակառուցումն է, եւ պետությունը, գիտակցելով հաստատությանՙ որպես ազգային արժեքի, արտակարգ կարեւորությունը, առաջնորդվելով ազգային հպարտության զգացումով որոշեր կառուցել հեռանկարային առումով հայագիտական կենտրոնի նշանակությանը առավել համապատասխանող մեկ ուրիշ շինություն։ Սակայն...
Երեւանի պատմական կենտրոնում վաճառվել եւ գնվել է մի համեղ պատառ, որ մեր ժողովրդի համար արդեն ոչ միայն մշակութային, այլեւ պատմական արժեք է։ Բավական է ասել, որ խնդրո առարկա շենքում երկար տարիներ նիստեր է գումարել Հայկական հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, որ 13 հատորանոց հանրագիտական հրատարակության պատրաստմանը մասնակցել է ավելի քան 7250 հեղինակՙ հայրենական գիտության առավել նշանավոր գործիչներ։ Հարկ է հիշեցնել, որ այդ շենքում են ստեղծվել նաեւ քառահատոր «Ինչ է. Ով է» մանկական հանրագիտարանը, իր տեսակի մեջ եզակի «Ոսկեփորիկ» եռահատոր մանկական հանրագիտարանը, քառահատոր հայագիտական Համառոտ հայկական հանրագիտարանը։ Ըստ երեւույթին, Հայկական հանրագիտարանի վաճառողներն ու գնորդները առք ու վաճառք կատարելիս մտածել են, թե հանրագիտարանը կարող էր գործել բացառապես խորհրդային իշխանության օրոք։ Չէ՞ որ հայտնի էՙ հանրագիտարանն ինքնին թանկ հաճույք է։ Անտեղյակների համար ասենք, որ անկախ Հայաստանում են հրատարակվել Հայկական համառոտ հանրագիտարանի չորս հատորներից երեքը, «Հայկական հարց»ՙ այդ խնդրին նվիրված առաջին հանրագիտարանային ձեռնարկըՙ հայերեն եւ ռուսերեն, մանկական «Արմենիա» հանրագիտարանը ռուսերեն։ Արդեն XXI դարում լույս են տեսել «Հայ եկեղեցի. նվիրապետական աթոռներ, թեմեր» ձեռնարկը, ստվարածավալ «Քրիստոնյա Հայաստան-1700» հանրագիտարանը, ինչպես նաեւ «Սփյուռքահայ կազմակերպություններ» տեղեկատուն։ Այժմ, երբ Հայկական հանրագիտարանին զրկել են իր շենքից, զրկել են նույնիսկ իր սեփական մեծարժեք գրադարանից օգտվելու հնարավորությունից (գրադարանը ժամանակավորապես պատսպարվել է նկուղում), այստեղ հրատարակման է պատրաստվում «Հայ սփյուռք»ՙ իր տեսակի մեջ առաջին հանգամանալից հանրագիտարանը։ Ավարտին են մոտենում «Արցախյան պատերազմ. 1988-1994» հանրագիտարանի պատրաստման աշխատանքները։ Այդ յուրօրինակ աշխատանքը կատարվում է ամբողջ շենքի արդեն սկսված կապիտալ նորոգման սարսափելի պայմաններում։
Ճակատագրի բերումով ես դարձա «Արցախյան պատերազմ. 1988-1994» հանրագիտական հատորի հրատարակության նախաձեռնողն ու կազմակերպիչը եւ տեսնում եմ, թե ինչպես է իմ աչքի առաջ կատարվում իսկական բարբարոսություն։ Շուրջ 350 հեղինակ (խոսքը խոշոր մասնագետների մասին է) երրորդ տարին է, ինչ նախապատրաստում են այդ հանրագիտարանը, որում զետեղվելու են գիտականորեն մշակված հոդվածներ ճակատամարտերի, ռազմական ընդհարումների, ընդհատակյա գործունեության, կամավորական ջոկատների, զորատեսակների եւ սպառազինության վերաբերյալ։ Հրապարակվելու են զորավարների եւ զորապետների, Հայաստանի եւ Արցախի հերոսների, ազգային-ազատագրական պայքարի նշանավոր ակտիվիստների համառոտ կենսագրականները։ Առաջին անգամ, մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, հրապարակվելու է հերոսի մահով ընկածների լիակատար ցուցակը։ Նույնպես առաջին անգամ գիտականորեն կներկայացվի Արցախյան պատերազմի ծավալուն պատկերըՙ շտաբային քարտեզներով, համապատասխան փաստաթղթերով, պատկերազարդման նյութով հանդերձ։ Եվ ահա, իր տեսակի մեջ, եզակի այդ աշխատանքը իրականացնում է անզուգական մի կոլեկտիվ, որը, անկասկած, Հայաստանի համաժողովրդական եւ համապետական սեփականությունն է, սակայն ստիպված է գործել սարսափելի պայմաններում։
Ամեն անգամ, մտնելով Հայկական հանրագիտարանի շենքը, ես ամոթից կախում եմ գլուխս ճշմարիտ անձնանվերներից բաղկացած այդ կոլեկտիվի առջեւ, որը, Ա.Պ. Չեխովի խոսքերով, մեզ անհրաժեշտ է արեգակի նման։ Չէ՞ որ հարկավոր է եղել արհեստավարժ «հանրագիտակների» մի քանի սերունդ, որպեսզի կազմավորվեր ներդաշնակ համագործելության հասած կոլեկտիվ։ Եվ ահա այսօր, հանրագիտարանի շենքի վաճառքի վերաբերյալ կառավարական որոշմամբ, այդ բարձրակարգ կոլեկտիվին սեւով սպիտակի վրա առաջարկվում է ծվարել խղճուկ 600 քմ տարածքում (2450 քմ ընդհանուր մակերեսից), որպեսզի երեք տարի հետո էլ (արդեն մնացել է 2,5 տարուց պակաս ժամանակ) իր «փասա-փուսեն» հավաքի եւ ընդմիշտ հեռանա տասնամյակներով զբաղեցրած շենքից։ Դա նշանակում է, որ մենք կկորցնենք վաթսուն հանրագիտական գործի գիտակներիՙ նեղ պրոֆեսիոնալների, եւ կփլուզվի բազմահազարանոց հեղինակային կոլեկտիվը։ Ստեղծված իրավիճակում պարզապես անիմաստ է մտածել եւ երազել Հայկական մեծ հանրագիտարանի վերահրատարակության (ավելի ստույգՙ նոր հրատարակության) մասին։
Ըստ ամենայնի մենք դեռ մինչեւ վերջ չենք գիտակցել կատարվածը եւ հատկապես այն, թե ինչ կկատարվի մեզ հետ Հայկական հանրագիտարանի լուծարման (սա հենց այն բառն է) հետեւանքով։ Երեւանցիներըՙ անցնելով Թումանյան փողոցի թ. 17 շենքի մոտով, դեռ չեն զգում կատարվածի ողջ դրամատիզմը։ Արդեն փոխվել է ցուցանակը. «Հայկական հանրագիտարան» հզոր եւ հպարտ բառակապակցությունը փոխարինվել է հայի լսողության համար խորթ «Ինեկոբանկ» բառով։ Իհարկե, ոչ ոք դեմ չէ, որ Երեւանում հայտնվեն նորանոր բանկեր։ Ես համաձայն չեմ Հայկական ռադիոյի այն կատակին, ըստ որիՙ պատասխանելով «Քանի՞ բանկ է հարկավոր Հայաստանին» հարցին, հնչում է հանպատրաստից պատասխանը. «Մեկ բանկը Հայաստանի համար, ինչպես դա խորհրդային ժամանակներում էր, շատ քիչ է, իսկ երկու բանկը անկախության պայմաններումՙ շատ-շատ է»։ Կարծում եմ, հարկավոր է այնքան, ինչքան հարկավոր է։ Ըստ երեւույթին, կա ինչ-որ նպատակահարմար թիվ։ Համենայն դեպս, բանկերի քանակը ինքնանպատակ չպիտի լինի, ինչպես Բեյրութում էր մինչեւ 1973 թվականը, այսինքնՙ մինչեւ քայքայիչ եւ ավերիչ պատերազմը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամու դեմ։ Պատերազմի ամենաթեժ պահին Լիբանանում, «Զարթօնք» թերթի խմբագրատանը, Ռամկավար Ազատական կուսակցության առաջնորդներից մեկըՙ Գերսամ Ահարոնյանը պատմեց ինձ. «Երբ ամեն տեսակի բանկերի թիվը Բեյրութում անցավ յոթանասունի սահմանագիծը, պարզ դարձավ, որ աղետը անխուսափելի է։ Քանի որ նման դեպքերում քաղաքաբնակների մի մասը վերածվում է սպառողների, իսկ մյուսը սպասարկում է նրանց։ Վաղ թե ուշ նման հարաբերությունները ծնում են հակասություններ, որոնք հանգեցնում են բախումների»։ Սա շատ լուրջ խոսակցություն է, սակայն այլ դեպքի համար։ Եվ ես հազիվ թե սույն հրապարակման մեջ հիշեի Գերսամ Ահարոնյանի ասածը, եթե չլիներ մի էական հանգամանք։ Գերսամ Ահարոնյանը, վերը նշվածից բացի, լինելով նաեւ հրապարակագիր եւ, ընդհանրապես, բարձրակիրթ անձնավորություն, չափազանց հպարտ էր, որ Հայաստանում սկսվել է Հայկական հանրագիտարանի հրատարակությունը, որը, նրա կարծիքով, ոչ միայն հազարավոր բանկերի, այլեւ հազարավոր դիվիզիաների արժեք ունի։
Կանխազգալով աղետը, հայկական գիտության, գրականության, արվեստի, կրթության երեսուներկու ներկայացուցիչներ բաց նամակով դիմեցին հանրապետության նախագահինՙ (տե՛ս «Ազգ», 29 հուլիս 2003 թ. առաջարկելով կրկին անդրադառնալ Հայկական հանրագիտարանի հարցին եւ չեղյալ հայտարարել նրա շենքի, այսպես կոչված, վաճառքը։ Անտեսենք այն հանգամանքը, որ խախտված է բուն օրենքը, որի համաձայն սեփականաշնորհման առաջնային իրավունքը պատկանում է կոլեկտիվին։ Տվյալ դեպքում ոչ ոք նույնիսկ չի հարցրել հեղինակավոր հաստատության աշխատակիցներին։ Կրկնենք եւ շեշտենք գլխավորը. Հայկական հանրագիտարանը նույնպիսի ազգային սեփականություն է եւ ազգային հպարտություն, ինչպիսին է Մատենադարանը։ Այն ոչ մի պարագայում չի կարելի դարձնել առք ու վաճառքի առարկա։ Եվ մենք իզուր ենք որպես լրացուցիչ փաստարկ շեշտադրում այն իրողությունը, թե ճարտարապետական հուշարձանի արժեք ունեցող շենքը ձեռք են բերել ընդամենը 250 հազար դոլարով։ Կարծես, եթե վաճառվեր մեկ միլիոնով, մեր հոգիները կթեթեւանային։ Վերջին հաշվով, եթե այդչափ կարեւոր է «Ինեկոբանկը» Հայաստանի համար, թող նրան վաճառեն կառավարական շենքի այն մասը, որտեղ տեղավորված է Պետական գույքի կառավարման վարչությունը։ Համոզված եմ, որ այդ դեպքում հաստատ չէր տուժի մեր ազգային մշակույթը, իսկ գուցե նաեւ մեծապես շահեր։
Հարցը դրված է բոլորովին այլ կերպ։ Թվում է, մեր կառավարությունը կունենա այնքան իմաստություն եւ արիություն, որպեսզի մի կողմ նետելով հավակնոտությունը չեղյալ հայտարարի 2003 թվականի հունվարի 9-ի իր որոշումը։ Անկասկած, դրանով նա միանշանակորեն կբարձրացնի իր հեղինակությունը, իսկ բուն միջադեպը դաս կդառնա բոլոր նրանց համար, ովքեր կհամարձակվեն ձեռք բարձրացնել ազգային սրբությունների վրա, ըստ էության ընկնելով սրբապղծության գիրկը։
Հայկական հանրագիտարանի հետ կապված տխուր օրինակը ինքնին պիտի պարտավորեցնի մեր Ազգային ժողովին հիմնովին վերանայելու սեփականաշնորհման օրենքը։ Օրենքը ոչ միայն պիտի պատժի օրինախախտումը, այլեւ պարտավորեցնի իշխանությանը ուղղել սեփական սխալները։ Այն, ինչ կատարվեց Հայկական հանրագիտարանի հետ, մի իմաստունի խոսքերով ասած, ոչ թե հանցագործություն է, այլ ավելի վատթար մի բանՙ թյուրիմացություն, որը երբեք չի ների պատմությունը։
Կրճատումներով