«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2003-09-03 | #158, 2003-09-04 | #159, 2003-09-05


44 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՔՈՉԱՐԻ «ՄԵԼԱՄԱՂՁՈՒԹՅՈՒՆ» ՔԱՆԴԱԿԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ

Մի քանի օրից երեւանցիների դատին կհանձնվի Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի քառակի մեծացված տարբերակըՙ ՆՓԱԿ-ի մուտքի առջեւ, որով էլ հիմք է դրվում «Քանդակների այգի» մտահղացման իրականացմանը։ ՆՓԱԿ-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Էդուարդ Բալասանյանը տեղեկացրեց, որ երբ տոնվում էր Երվանդ Քոչարի 100-ամյակը, որոշվեց նրա գործերից մեկը տեղադրել ՆՓԱԿ-ի շքամուտքի առջեւ։ Ընտրվեց 1997 թ. ստեղծած քանդակըՙ «Քաղաքը եւ կիբեռնետիկան», որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի բակումՙ հանրության աչքից հեռու։ Սակայն բազմաթիվ խոչընդոտներ եղան, եւ այդ քանդակը չթույլատրվեց տեղափոխել։ Քոչարի թանգարանում պահպանվում է այդ սերիայի մեկ այլ քանդակՙ «Մելամաղձություն», 1 մ 16 սմ հեղինակային գիպսե նմուշը 1959 թ. գործը, որն էլ արվեստագետի հարազատները համաձայնեցին մեծացնել 4 անգամ ու տեղադրել «Քանդակների այգում»։ Քանդակագործ, ճարտարապետ Աշոտ Կարապետյանի ջանքերի շնորհիվ արդեն 2 մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա տեղավորվել է 4 մ 60 սմ բարձրություն ունեցող արձանի մեծացված տարբերակը, որը ձուլված է բրոնզից։ Քանդակի վրա ծախսվել է 30 հազար ԱՄՆ դոլար, եւ բարերարը ցանկացել է մնալ անանուն։ Բարերարությունը նա կատարել է «Նոր էջ» գրական խմբակցության անունից։

Արձանի տեղադրումը երկու կարեւոր նշանակություն ունիՙ հայ ավանգարդ արվեստի նախահայր Երվանդ Քոչարին հարգանքի տուրք է, նաեւ արվեստի բարձրամակարդակ աշխատանքը հանրության սեփականություն դարձնելը։

«Մելամաղձություն» գործն արվեստագետի գլուխգործոցներից է։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4