ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հայկական պարենամթերքի շուկայում ժամկետանց ապրանքներից հետո գնորդի առողջության համար վտանգավորության հայտանիշներով երկրորդ ծանրակշիռ տեղը զբաղեցնում են կեղծված սննդատեսակները։ Սպառողների շահերի պաշտպանության միությունը այսպիսի եզրահանգման է եկել օգոստոսին կատարած ուսումնասիրությունների արդյունքում։ Կեղծված ապրանքները իսկականից տարբերակելու հիմնական միջոցը գնորդի համար առայժմ մնում է փաթեթավորումը։ Իհարկե, կա նաեւ համի ու հոտի տարբերության հանգամանքը, սակայն այն շատ սպառողների համար ուղենիշ լինել չի կարող։ Համենայն դեպս, ըստ դիտարկումների շուկաներում կեղծ ապրանքներն ավելի շատ են, քան իսկականները։
Ապրանքանենգները արատավոր ավանդույթ են դարձրել հատկապես ռուսական քաղցրավենիքի կեղծումը, որը բարձր որակի շնորհիվ մեծ համբավ է վայելում գոնե ԱՊՀ երկրներում։ Իբրեւ ռուսական արտադրանք ներկայացվող «Եկատերինա 1» շոկոկոլադի ֆիրմային տարբերակը գրեթե չի էլ հանդիպում հայկական վաճառակետերում։ Նմանակվածը ոչ գույնով ու հոտով, ոչ էլ առավել եւս համով չի հիշեցնում մայր արտադրանքը։ Այն սովորաբար հատկանշվում է կենդանական ճարպի տհաճ առկայությամբ։ Սպառողին տեղեկացնենք, որ ռուսական ֆիրմային շոկոլադների վրա անպայման դրոշմված է RST մակնշումըՙ սերտիֆիկացնող մարմնի համապատասխան կոդով։ Կեղծված շոկոլադների վրա սովորաբար դրանց փոխարեն անզեն աչքի համար անտեսանելի անհասկանալի դրոշմներ են։ Կեղծված քաղցրավենիքին բնորոշ են նաեւ բազմաթիվ տառասխալները։ Որոշ դիտարկումների համաձայն ռուսական քաղցրեղենը կեղծվում է հիմնականում Թուրքիայում, նույնիսկ այլ երկրներից ներկրվածը։
Հավանաբար հենց Հայաստանում արտադրվող կարամելե կոնֆետների վրա ընդհանրապես որեւէ մակնշում չկա։ Դրանցՙ շատ հաճախ անշուք փաթեթավորումները հուշում են արտադրության տեղի ու պայմանների կասկածելի արժանիքների մասին։ Գուցե ինչ-որ նկուղում կամ գարաժու՞մ են պատրաստվում դրանք։
Վերջին շրջանում նկատելի է դարձել մի գործընթաց եւս. կեղծարարների ձեռքը հասել է նաեւ այսպես ասած էլիտար խանութներում վաճառքի ներկայացվող սննդամթերքին։ Ընդամենը վերջերս երեւանյան մի վաճառակետում հայտնաբերվել է նաեւ ֆիննական Viola հալած պանրի կեղծված տարբերակը, որի մի տուփը 600 դրամ արժի։ Փաստորեն, մարդը եթե նույնիսկ իրեն ինչ-որ բանից զրկելով համարձակվում է վստահելի մթերք գնել, դարձյալ հայտնվում է խաբված վիճակում։
Առավել խայտառակ վիճակով են ներկայանում խտացրած կաթերը։ Մեծ մասի վրա ամենեւին նշված չէ ոչ արտադրության վայրը, ոչ արտադրողը, ոչ որեւէ ժամկետ, կամ մակնշման այլ բաղադրամաս։ Որակական հատկանիշների մասին դժվար է լավատեսական ենթադրություններ անել։
Ընդհանրապես ոչ միայն ներկրված, այլեւ տեղական արտադրության մեջ մթերքի վրա ժամկետների նշումը շրջանցվում կամ ավելորդություն է համարվում։ Փոխարենը նաեւ այս ճանապարհով շահույթներ ապահովողները գովազդների վրա մեծ գումարներ են ծախսում։ Հատկապես կաթնամթերք ու թխվածքեղեն արտադրողների շրջանում նկատելի է փաստը։ Եվ իրենք, անկեղծորեն ասած, այնքան էլ մեղավոր չեն։ Պետությունն այս առթիվ գործնական խիստ պահանջներ չի առաջադրում։ Վերջնահաշվում բոլոր խախտումների դրդապատճառն ու հենքը անվտանգության սերտիֆիկատի բացակայության հանդուրժումն է։ Եթե սպառողը ցանկություն ունենա ստուգելու գնվող ապրանքի որակը, ապա միայն անվտանգության սերտիֆիկատի առկայությունը կարող է մտատանջությունից ազատել նրան։ Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանի կարծիքով, անվտանգության սերտիֆիկատների զանգվածային կասեցման պատճառը ստվերային տնտեսության մեծ ծավալների առկայությունն է։
Ըստ օրենքի, ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ պետք է անպայման սերտիֆիկացվի, ինչը նշանակում է նաեւ շրջանառվող ապրանքների ծավալի բացահայտում։ Թաքնված տնտեսվարողը նախընտրում է պարզապես շրջանցել այս կարեւոր պահանջը։ Այս ճանապարհին փաստորեն կտրվում է նաեւ պետբյուջե մուտքերի մի պատկառելի երակ։
Ինչ վերաբերում է պահպանման պայմանների խախտումով ապրանքատեսակներին, ապա կարելի է ասել, որ օգոստոսյան շոգերի ժամանակ այդ ցանկում են հայտնվում գրեթե բոլոր մթերատեսակները։ Թխվածքաբլիթները, շոկոլադներն ու վաֆլիները, կարագն ու մարգարինը, խեցգետնի տոտիկները զանգվածաբար վաճառվում են պլյուս 4-ից մինուս 18-ի փոխարեն 35-40 աստիճան շոգին։ Պարզ է, որ ամենաբարձրորակ մթերատեսակն անգամ արագ կորցնելու է որակը։
Ցավոք, հասարակական կազմակերպությունները բացառապես դիտարկումների իրավունք ունեն։ Հետազոտությունների հրապարակումը մամուլով ու հեռուստատեսությամբ, երբեք ծանրակշիռ արդյունքների չի հանգում։ Պետական կառավարման մարմիններին այդ ապրանքների բռնագրավման պահանջ ներկայացնել օրենքը նրանց չի լիազորում։ Անհասկանալի տրամաբանությամբ վտանգավոր մթերքների ոչնչացման ու բռնագրավման որեւէ ցուցում ու կարգ չի սահմանվել նաեւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության որակի պետական տեսչության համար։ Փաստացի, Հայաստանում վերահսկողություն իրականացվում է միայն թղթի վրա։ Եվ օրենսդրական լրացումներն այս ուղղությամբ վաղուց անհրաժեշտություն են։