Իլհամ Ալիեւը ընդունել է Յուրի Մերզլյակովին
ԲԱՔՈՒ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւն այն կարծիքին է, որ վերջին տարիներին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը «հիմք է տալիս հուսալու, որ Մոսկվան կակտիվացնի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար»։ Այդ մասին նա հայտարարել է այսօր Բաքվումՙ ընդունելով Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Յուրի Մերզլյակովին։
Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանը համանախագահներից սպասում է նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հակամարտության ընդունելի լուծմանը։ Նա նշել է, որ «Ադրբեջանում որոշ չափով հիասթափված ենք այն բանից, որ Մինսկի խումբը վերջին ժամանակներս փորձում է ինքնամեկուսանալ հարցի գործնական լուծումից»։ Ըստ Իլհամ Ալիեւի, «առանց Մինսկի խմբի գործուն մասնակցության դժվար կլինի կարգավորել ղարաբաղյան խնդիրը»։
Վարչապետը բացառել է Հայաստանի հետ իր երկրի տնտեսական համագործակցության հնարավորությունը այնքան ժամանակ, քանի դեռ «չեն ազատվել Ադրբեջանի բռնազավթված տարածքները»։
Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ սեպտեմբերի 15-ին Վիեննայում տեղի կունենա Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը, որտեղ կքննարկվեն հակամարտության կարգավորման նոր գաղափարներ։ Ինչ վերաբերում է համանախագահների տարածաշրջան կատարելիք այցին, ապա այն, դիվանագետի կարծիքով, կարող է կայանալ նոյեմբեր-դեկտեմբերինՙ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո, որոնք անցկացվելու են հոկտեմբերի 15-ին։
Յուրի Մերզլյակովի այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում։ Մոտ ժամանակներս նա մտադիր է այցելել նաեւ Երեւան։