«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2003-09-04 | #159, 2003-09-05 | #160, 2003-09-06


ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՏԱՐԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ԿԲ տարեկան հաշվետվությունը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց ԿԲ տարեկան հաշվետվությունը։ Դա Տիգրան Սարգսյանը բացատրեց իրենց ընդունած նոր աշխատակարգով, որը նախատեսում է մինչ Ազգային ժողովում հաշվետվության ներկայացումը մամուլի ասուլիս։ ԿԲ նախագահն անդրադարձավ երկրի մակրոտնտեսական իրավիճակինՙ այլ երկրների համեմատությամբ, ԿԲ դրամավարկային քաղաքականությանը, վճարահաշվային գործառնություններին, կանխիկ դրամաշրջանառությանը, բանկային օրենսդրական փոփոխություններին, ԿԲ կառուցվածքին եւ այլն։

Տիգրան Սարգսյանը նշեց, որ ԿԲ-ն կարգավորում է փողի պահանջարկը, ուսումնասիրում եւ կարգավորում է սղաճը։ 2002 թ. նպատակը 3 տոկոս սղաճ ապահովելն է, որը փաստացի եղել է 2 տոկոս։ Բանկը հաշվի է առնում գների տատանողականությունը։ Ամռանը դրանք նվազում են, ձմռանըՙ աճում։ Հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ նախատեսված 3 տոկոսի փոխարեն ներմուծումն աճել է 10 տոկոսով։ Արտահանումը նմանապես աճել էՙ 4,4 տոկոսի փոխարեն 28,3 տոկոսով։ Սա պայմանավորված է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճովՙ 6 տոկոսի փոխարեն 12,9 տոկոսով։ Այնուամենայնիվ, այն, որ տարին ավարտվել է 2 տոկոս սղաճով, ԿԲ նախագահը համարում է հաջողություն։

Բանկային համակարգը 2002 թ. ավարտել է առանց լուրջ կորուստների եւ ավելինՙ շահույթով։ Չնայած 4 բանկ ճանաչվել է անվճարունակ, իսկ 7-ըՙ հանձնվել ժամանակավոր ադմինիստրացիայի կառավարմանը։ Կապիտալը տարեսկզբին կազմել է 26 մլրդ դրամ, իսկ տարեվերջինՙ 32 մլրդ դրամ։

Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Կենտրոնական բանկի ֆինանսական վիճակին, ասելով, որ այն առանձնահատուկ ուշադրության առարկա է դառնում խորհրդարանական քննարկումների ժամանակ։ Գործառնական ծախսերը 2002 թ. նախատեսված են եղել 8,3 մլրդ դրամ, փաստացի կազմել է 7,1 մլրդ դրամ։ Տնտեսում է արձանագրվել նաեւ վարչական ծախսերի մասով (աշխատավարձ, պարգեւատրում եւ այլն)ՙ 1,8 մլրդ դրամի փոխարեն 1,5 մլրդ դրամ։ Այս տնտեսումների արդյունքում 2 մլրդ դրամի փոխարեն պետբյուջե է փոխանցվել 4 մլրդ դրամ։

Այնուհետեւ ոլորտի մյուս խնդիրների վերաբերյալ ԿԲ նախագահն իր տեսակետները հայտնեց լրագրողների հարցերին տրված պատասխաններով։ Նա նշեց, որ բանկերի միջնորդ գործառնության մակարդակը շատ ցածր է, ինչը մի քանի պատճառներ ունի։ Առաջին, որ կանխիկ շրջանառությունը շրջանցում է բանկային համակարգը։ Երկրորդՙ Հայաստանում կան հազարավոր ձեռնարկություններ, որոնք չեն աշխատում, բայց շարունակում են գործել։ Երրորդՙ բանկերը ծառայություններ չեն մատուցում բնակչությանը։ Ընդամենը 2 բանկ է, օրինակ, վարկավորում ֆիզիկական անձինՙ բնակարան ձեռք բերելու համար։

«Իսկ ինչպիսի ազդեցություն կունենա կանխիկ շրջանառության վրա «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը», մեր հարցին պատասխանելով, ԿԲ նախագահն ասաց, որ առեւտրային բանկերից այդ օրենքի առնչությամբ արդեն ստացվել են դրական արձագանքներ։ Նա նշեց, որ պետության պատշաճ վերահսկողության դեպքում այս օրենքի շնորհիվ ե՛ւ ստվերային շրջանառությունը կնվազի, ե՛ւ բանկային տոկոսադրույքները կիջնեն, ե՛ւ անկանխիկ շրջանառությունը կավելանա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4