«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2003-09-04 | #159, 2003-09-05 | #160, 2003-09-06


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՔՐԵԱԾԻՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ԵՆ ԴՆՈՒՄ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հայ պանդուխտի մեկ օրը Օսիայում

Հյուսիսային Օսիան ավանդաբար համարվել է Կովկասում ռուսական ազդեցության «ֆորտպոստը»։ Ցարական ժամանակներում, երբ ռուսները հպատակեցնում էին չեչեններին, դաղստանցի եւ մյուս լեռնային ժողովուրդներին, քրիստոնյա օսերը միշտ սատարում էին ռուս զինվորին։ Պատկերը չի փոխվել նաեւ այսօր. Ռուսաստանի վստահելի հենարանն այստեղ քրիստոնյա օսերն են։

Անդրկովկասում Կրեմլի ազդեցությունը կարող է հարցականի տակ դրվել, եթե Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, առաջին հերթինՙ Հյուսիսային Օսիա-Ալանիայում եւ Կաբարդինա-Բալկարիայում շարունակվի նախագահներ Ալ. Ձասոխովի եւ Վլ. Կոկովի քրեածին վարչակարգերի իշխանությունը։

«Բարիդրացիության գոտու հաստատման ուղին սահմանամերձ (Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ) տարածքներում համագործակցության զարգացումն է», վերջերս Մոսկվայում հայտարարեց Ձասոխովը, որը նախկին դիվանագետ է, ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան։

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային ճանապարհն անցնում է «Վերին Լարս» (Կազբեգ) եւ «Ներքին Զարամագ» (Հարավային եւ Հյուսիսային Օսիայի սահմանագիծ) անցակետերով, երկուսն էլ Հյուսիսային Օսիա-Ալանիայում։

Ռուսական եւ վրացական, ինչպես նաեւ հայկական մամուլը (այդ թվումՙ «Ազգը») բազմիցս գրել է այն անօրենությունների, անմարդկային բարքերի մասին, որոնք տիրում են Հյուսիսային Օսիայում եւ որտեղ իշխում է արտակարգ եւ լիազոր դեսպան Ձասոխովի կլանըՙ իր ավազակախմբերով։

Այս մասին հայկական մամուլում կրկին գրելու կարիքը չէր լինի, եթե հենց Հյուսիսային Օսիայով եւ Կաբարդինա-Բալկարիայով չանցներ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային ճանապարհը, երկրներ, որոնք համարվում են եւ են ռազմաքաղաքական դաշնակիցներ։

Կրասնոդարիցՙ Վլադիկավկազ

Կրասնոդարից (որտեղ իշխում է հակահայ եւ հակակովկասցի Ալ. Տկաչով նահանգապետի ռեժիմը) Վլադիկավկազ շարժվող ավտոբուսում 5 հայեր են. մեկ լրագրող, որը վերադառնում է Աբխազիա գործուղումից եւ մեկ ընտանիքՙ ամուսիններ երկու մանուկների հետ։

Ազգությամբ հայերի (այս կողմերում «յան» ազգանվան վերջավորությունը նույնացվում է խորամանկության, հարստության հետ) տառապանքն սկսվում է կեսգիշերից հետո, երբ ավտոբուսը մտնում է Կաբարդինա-Բալկարիա։ Մի քանի տասնյակ կմ ճանապարհին ավտոբուսը կանգնեցվում է առնվազն 3 անգամ, ստուգում են անձնագրերը, եւ ազգությամբ հայ քաղաքացիները գիտեն, որ պետք է իջնել ավտոբուսից։

Պանդուխտ հայ ընտանիքին ռուսական տափաստանները բարեկեցիկ կյանք չեն տվել, եւ նրանք վերադառնում են հայրենիք։

¬ «Պրավերկա»,¬ ասում է ռուսաստանցի (կարեւոր չէ, թե ով է ազգությամբՙ ռուս, թաթար, օս) ճանապարհային ոստիկանը։ Այս «պրավերկան» տեւում է մի քանի րոպե, Հայաստանի քաղաքացիներից մեր ռուս բարեկամները փող են շորթում, բղավում մեզ վրա, կարծես իրականում հայը ռուսի ստրուկն է։

Ինձ համար դժվար է նկարագրել գիշերվա կեսին ավտոբուսից իջնող-բարձրացող հայ ընտանիքին, ծնողների եւ մեկ ու երեք տարեկան երեխաների դեմքի արտահայտությունը։

Մինչեւ ավտոբուսը կհասնի Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազ, Հայաստանի քաղաքացիների թալանը շարունակում են քրիստոնյա օսերը, որոնք վարքուբարքով անասելի գռեհիկ են եւ դաժան։

Վլադիկավկազից Հայաստան երկու ճանապարհ կաՙ «Վերին Լարսը» եւ «Ներքին Զարամագը»։ Ովքեր անձնագրում ունեն թերություններ կամ չունեն անձնագիր, ընտրում են վերջին անցակետը։ Այս ճանապարհն են նախընտրում անձնագրում «վիզա» չունեցող ՌԴ եւ Վրաստանի քաղաքացիները։

Հետաքրքրության համար ընտրեցինք «Ներքին Զարամագը»։ Նախՙ Ալագիր քաղաքում քեզնից փող է շորթում ճանապարհային ոստիկանությունը, ապաՙ քաղաքացիական հագուստով հաստավիզները, որոնք նայելով քո դեմքին, կարող են կռահել գրպանիդ պարունակությունը։ Սա «ռեկետ» կոչվածն է, որը ծաղկում է արտակարգ եւ լիազոր դեսպան Ձասոխովի Ալանիայում։

Դժբախտաբար, իմ փաստաթղթերը, անձնագիրն անթերի էին, ինչը կատաղեցրեց օս սահմանապահին, ապաՙ մաքսատան ծառայողին։ Նրանք պահանջեցին «պուտեւոյ լիստ» կոչված թուղթը, որի մասին գաղափար չունեի։ Այդ թուղթն «արժե» 10 դոլար։

Հայ ընտանիքը Վլադիկավկազից Հայաստան մեկնեց «Վերին Լարսով»։ Հավանաբար բարեհաջող հասել են տուն։

Մեկ եւ երեք տարեկան երեխաներին գրկում ամուր սեղմած հայ ծնողների դեմքի արտահայտությունն աչքիս առաջ է։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Կրասնոդար-Վլադիկավկազ-Թբիլիսի

Հ. Գ. Տաքսու վարորդ Թեմոն, որ մեզ Վլադիկավկազից Ցխինվալով հասցրեց Թբիլիսի, ամբողջ ճանապարհին գանգատվում էր, թե հայերը սկսել են Ռուսաստանից Հայաստան մեկնել օդանավով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4