Իրաք թուրքական զորք ուղարկելու խնդիրը շարունակում է առաջնակարգ տեղ գրավել պաշտոնական Անկարայի օրակարգում։ Մինչ թուրքական քաղաքական շրջանակները բուռն քննարկումներ են ծավալում հարցի շուրջ, իսկ վարչապետ Էրդողանի կառավարությունը շարունակ բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետՙ պահանջելով արգելել PKK-ի իրավաժառանգորդ KADEK-ի դիրքավորումն Իրաքի հյուսիսում, ահա իրաքյան նորաստեղծ կառավարության արտգործնախարար Հոշյար Զեբարին «Ալ Ջազիրա» հեռուստատեսության էկրանից նախազգուշացնում է Թուրքիային. «Մեր երկրում թուրք զինվոր չենք ուզում»։
Սեպտեմբերի 5-ի առավոտյան նրա նախազգուշացմանն անդրադարձան թուրքական հանրային հեռուստատեսությունը եւ թուրքական թերթերը։ Դրանցից «Միլիեթի» վկայությամբ, Զեբարին հանդես է եկել Իրաքի կառավարության անունից, թե նա մերժում է Թուրքիայի մասնակցությունն Իրաքում տեղակայված խաղաղարար ուժերին, ապա եւ շարունակել. «Զորք տրամադրելով հարեւան երկրներնՙ Իրաք կփոխադրեն իրենց քաղաքական խնդիրները։ Իսկ դա կհանգեցնի երկրում տիրող խառնաշփոթ իրավիճակի էլ ավելի խճճմանը»։
Միաժամանակ Զեբարին Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական ներկայության առնչությամբ մտահոգություն է հայտնել եւ մատնանշել է. «Երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում թուրքական զորքերի միջամտությունը հավելյալ բարդություններ է առաջացնում»։ Նա հույս է հայտնել, որ հետայսու վերջ կդրվեն համանման միջամտություններին եւ վերջում արտահայտվել է Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերին արաբական եւ իսլամական երկրների զորքերով փոխարինելու նպատակահարմարության մասին։
Իրաքի արտգործնախարար Հոշյար Զեբարիի նախազգուշացումը բուռն հակազդեցություն է առաջ բերել Անկարայում։ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, մեղադրելով նրան խառնակչության մեջ, իր հերթին արել է հետեւյալ նախազգուշացումը. «Նա արդեն արտգործնախարարի պաշտոնում է, հետեւաբար ողջ Իրաքն է ներկայացնում, այլ ոչ թե այն խմբավորումը, որին նա պատկանում է։ Դրա համար խոսելուց առաջ նրան մտածել է պետք։ Խառնակիչ խոսակցությունները կարող են անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել։ Դրա փոխարեն կարելի էր Իրաք հրավիրել այն երկրներին, որոնք ի վիճակի են նպաստել կայունության հաստատմանը։ Իրաքի ժամանակավոր կառավարական խորհրդի հրավերը մեզ համար շատ կարեւոր է»։
Օգտվելով առիթից նշենք, որ Իրաքի կառավարության անդամներին նախորդ օրըՙ սեպտեմբերի 3-ին նշանակել է ԱՄՆ-ի հովանու ներքո գտնվող վերոհիշյալ խորհուրդը։ Ինչ վերաբերում է կառավարության նորանշանակ արտգործնախարար Զեբարիին, ապա նա քուրդ է, Մասուդ Բարզանիի գլխավորած Քրդստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար կազմում առաջնակարգ տեղ է զբաղեցնում։
Հատկանշական է, որ եթե Զեբարին Իրաք զորք ուղարկելու նախազգուշացում է անում Թուրքիային, ապա նրա կուսակցությունը, հանձինս Բարզանիի, ինչպես նաեւ Քրդստանի հայրենասերների միության նախագահ Ջալալ Թալաբանիի, նախազգուշացրել է թուրքական զորքը դուրս բերել Հյուսիսային Իրաքից։
Բարզանիի եւ Թալաբանիի նախազգուշացումը համահունչ է ԱՄՆ-ի մոտեցմանը, ուստի վերջինը Թուրքիայից զորք պահանջելիս, որպես տեղակայման վայր, առաջարկում է Կենտրոնական Իրաքը։ Այս հանգամանքը թերեւս կարելի է պայմանավորել Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ի քրդական ծրագրերով։ Հետեւաբար քուրդ առաջնորդների նախազգուշացումը միանգամայն հասկանալի է։ Սակայն նկատի ունենալով, որ Իրաքի կառավարության անդամներին նշանակել է ԱՄՆ-ի անմիջական վերահսկողության տակ գտնվող Ժամանակավոր կառավարական խորհուրդը, միեւնույն կառավարության անդամ Զեբարիի Իրաք զորք չուղարկելու նախազգուշացումը միանգամայն անհասկանալի է դառնում։
Ինչո՞ւ։ Որովհետեւ այդ զորքը Թուրքիայից պահանջում է ԱՄՆ-ը։ Այլ կերպՙ Զեբարիի նախազգուշացումը տրամագծորեն հակասում է ԱՄՆ-ի պահանջին։ Ինչո՞վ բացատրել։ Ըստ երեւույթին զորք ուղարկելու շուրջ ամերիկյան կողմի հետ բանակցություններում թուրքական կողմի սակարկելու հնարավորությունը սահմանափակելու մտադրությամբ։ Այլապես Զեբարին հազիվ թե համարձակվեր հակադրվել ԱՄՆ-ի պահանջին։ Ուրեմն Թուրքիային ուղղված նրա նախազգուշացումը նախապես փոխհամաձայնեցված է։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ