Այսօր կրկին մեծ ֆուտբոլի օր է Եվրոպայում։ Եռամյա ընդմիջումից հետո վերսկսվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որի ավարտին մնացել է 3 տուր։ Վեցերորդ տուրում կայանալիք 20 հանդիպումներից, անշուշտ, հայ ֆուտբոլասերների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների մրցավեճը, որը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում եւ կսկսվի ժամը 21-ին։ Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ է նաեւ Հունաստանում։ Հույները գլխավորում են ընտրական 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը եւ հիանալի հնարավորություն ունեն նվաճելու Պորտուգալիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիրը։ Դրա համար Հունաստանի հավաքականին անհրաժեշտ է առնվազն չպարտվել երեւանյան մրցախաղում։ Հայաստանի հավաքականը թեեւ կորցրել է ուղեգրի համար պայքարելու հնարավորությունը, սակայն այսօրվա հանդիպմանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվել։
Ընդունված կարգի համաձայն, խաղի նախօրեին կայացավ մամլո ասուլիս, որին սակայն ներկայացել էր միայն ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան։ Իսկ ահա հույների գլխավոր մարզիչ, գերմանացի մասնագետ Օտո Ռեհագելը հրաժարվել էր մասնակցությունից։ Միխայ Ստոյկիցան անդրադառնալով առաջիկա խաղին մեր ֆուտբոլիստների նախապատրաստությանը, նշեց, որ թիմը ձգտելու է հաղթել հույներին, թեեւ վերջիններս վերջին հանդիպումներում վերելքով են հանդես գալիս եւ գլխավորում են աղյուսակը։ Ստոյկիցան առանձնազրույցներ է ունեցել ֆուտբոլիստների հետ, բացատրել նրանց, որ թեեւ ուղեգրի համար պայքարելու հնարավորություն չունեն, սակայն այս հանդիպումը եւ հետագա խաղերը նրանց կօգնեն վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ, ինչն անհրաժեշտ կլինի հաջորդ ընտրական մրցափուլում հաջող հանդես գալու համար։ Ըստ Ստոյկիցայի, տղաները եւս լի են հույներին հաղթելու վճռականությամբ։ Գլխավոր մարզիչը նշեց, որ հավաքականը ներկայում լավ վիճակում է գտնվում, տղաները սեպտեմբերի 1-ից ուսումնամարզական հավաքի մեջ են։ Անդրադառնալով Անդրեյ Մովսիսյանին հրավիրելու հարցին, մարզիչը նշեց, որ դա իր նախաձեռնությունն է։ Հավաքականը կարիք ունի հարձակվողների, Անդրեյի նման ագրեսիվ ֆուտբոլիստների, ուստի կրկին հավաքականի մարզիչներն օգտվելու են նրա ծառայություններից։ Անդրեյը լավ մարզավիճակում է։ Նույնը կարելի է ասել նաեւ Հարություն Վարդանյանի եւ Արթուր Պետրոսյանի մասին, որոնք հոգեբանական լավ վիճակում են ժամանել Երեւան, քանի որ վերջին հանդիպումներում նրանց թիմերը հաղթանակներ են տոնել Շվեյցարիայի առաջնությունում, իսկ Արթուրը նույնիսկ գոլ է խփել։ Մարզչին անհանգստացնում է Էդուարդ Պարցիկյանի վնասվածքը։ Ինչ վերաբերում է Սարգիս Հովսեփյանի որակազրկմանը եւ Կարեն Դոխոյանի վնասվածքին, ապա Ստոյկիցան նշեց, որ բացի նրանցից իր տրամադրության տակ հինգ պաշտպաններ ունի, որոնցից էլ կընտրվեն երեք լավագույնները։
Ստոյկիցան դրական կարծիք հայտնեց նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի մասին, որում հեռանկարային ֆուտբոլիստներ են ընդգրկված։ Ըստ նրա, շատ կարեւոր է, որպեսզի երիտասարդական հավաքականը հաղթի հույներին վերջին երկու հանդիպումներում կրած խոշոր հաշվով պարտություններից հետո։ Ստոյկիցան լավ հեռանկար է տեսնում ինչպես մինչեւ 21, այնպես էլ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականների համար։ Ըստ նրա, բացառված չէ, որ արդեն հաջորդ խաղումՙ Դուբլինում, Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղում երիտասարդական հավաքականի որոշ ֆուտբոլիստներՙ Աղվան Մկրտչյանը, Լեւոն Փաչաջյանը, Էդգար Մանուչարյանը կամ Արարատ Առաքելյանը փոխարինման դուրս գան։ Նրանց աստիճանաբար պետք է պատրաստել արդեն ազգային հերթափոխն ապահովելու համար։
Խոսելով ազգային հավաքականի վաղվա օրվա մասին, Ստոյկիցան նշեց, որ եթե մարզական բախտը ժպտա եւ վիճակահանությամբ ՀՀ հավաքականին ոչ այնքան ուժեղ մրցակիցներ բաժին ընկնեն, ապա հաջորդ ընտրական մրցափուլում հնարավոր է պայքարել խմբում 2-րդ տեղի համար։