Նյու Յորքում եղանակը վերջապես կարգավորվեց եւ հնարավորություն տվեց թենիսիստներին շարունակելու անավարտ մնացած մրցախաղերը։ Ռուսաստանցի Անաստասիա Միսկինան նույնիսկ երկու հանդիպում անցկացրեց։ Նախ նա շարունակեց Մարի Պիրսի հետ անավարտ մնացած 1/8 եզրափակիչի հանդիպումը։ Միսկինան հաղթել էր առաջին խաղափուլում, իսկ երկրորդն ընդհատվել էր 2-0 հաշվի ժամանակ։ Նրան ընդամենը 15 րոպե պահանջվեցՙ ապացուցելու իր առավելությունը (6-1)։ Այնուհետեւ նա կրկին կորտ դուրս եկավՙ անցկացնելու բելգիացի Ժյուստին Էնինի հետ քառորդ եզրափակիչ հանդիպումը։ Հաջողությունն ուղեկցեց Էնինին (6-2, 6-3), որը մտավ կիսաեզրափակիչ։ Դա ԱՄՆ-ի բաց առաջնություններում Էնինի առայժմ ամենախոշոր հաջողությունն է։ Կիսաեզրափակիչում «Ռոլան Գարոսի» չեմպիոնուհու մրցակիցը կլինի Ջենիֆեր Կապրիատին։ Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Կիմ Կլիյստերսն ու Լինդսեյ Դեւենպորտը։ Կլիյստերսը հաղթեց Մորեսմոյին (6-1, 6-4), Դեւենպորտը պարտության մատնեց Սուարեսին (6-4, 6-0)։
Տղամարդկանց մրցաշարում որոշվեցին քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Ութ ուժեղագույնների թվում է նաեւ Դավիթ Նալբանդյանը։ Դավիթը 4 խաղափուլում հաղթեց Ռոժե Ֆեդեռերին (3-6, 7-6, 6-4, 6-3)։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Էլ Այնաուին։ Վերջինս առավելության հասավ Մոյայի նկատմամբ։ Պայքարը շարունակում է նաեւ Շալկենը, որը հաղթեց Շուտլերին։ Հյուիթի եւ Շրիչափխանի մրցավեճում առավելությունն ավստրալիացի թենիսիստի կողմն էր։ Ֆեռերոն էլ իր առավելությունը հաստատեց Մարտինի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչ մյուս զույգերը կազմել են Աղասին ու Կորիան, Ռոդիկն ու Շալկենը, Ֆեռերոն ու Հյուիթը։