«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2003-09-04 | #159, 2003-09-05 | #160, 2003-09-06


ԲԵՅՐՈՒԹԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՎԱԶՔԱՍԵՐՆԵՐԻՆ

Թեթեւ ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ամեն տարի վազքասերների համար կազմակերպվում է մարաթոնյան վազքի ավանդական մրցաշար, որին մասնակցում են աշխարհի շուրջ 120 երկրների հազարավոր մարզիկներ։ Վազքի այդ յուրօրինակ փառատոնն անց է կացվում տարիքային տարբեր խմբերի միջեւ, երեք մրցատարածություններով։ 18-ից բարձր անձանց համար, որոնք ֆիզիկապես ամուր են եւ մարզված, անցկացվում է ավանդական մարաթոնյան վազք (42 կմ 195 մ)։ Մնացած բոլոր մասնակիցներն անկախ տարիքից, կարող են ուժերը փորձել 10 կմ մրցատարածությունում։ Իսկ 11-17 տարեկան վազքասերներին առաջարկվում է հաղթահարել 4,22 կմ մրցատարածությունը։

Այս տարի առաջին անգամ մարաթոնյան վազքի մրցաշարն անց է կացվում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 19-ին։ «Բեյրութ ինտերնեշնլ մարաթոն» կազմակերպությունը նախապատրաստական լայն ծավալի աշխատանքներ է իրականացրել միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։ Այն հովանավորվում է Լիբանանի Հանրապետության նախագահի կողմից։ Մարաթոնյան վազքը մեկնարկելու է Նահատակների հրապարակից, մասնակիցներն անցնելու են Բեյրութի ծովափնյա տարածքով, քաղաքի փողոցներով եւ վերջնագիծը հատելու են նույն հրապարակում։ Տարբեր երկրներում, այդ թվում եւ Հայաստանում Լիբանանի դեսպանատունը, մարաթոնյան վազքին մասնակցել ցանկացողներից հայտեր է ընդունում (մինչեւ սեպտեմբերի 15-ը), ծանոթացնում է պայմաններին, օգնում մուտքի թույլտվության հարցում։ www.beirut marathon.org ինտերնետային սայթում էլ հանգամանալից տեղեկատվություն կա մարաթոնի պատմության, կազմակերպման, մասնակիցներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել ցանկացողները պետք է նաեւ տեղեկանք ներկայացնեն առողջության վերաբերյալ, ինչպես նաեւ մասնակցության համար մուտքի անդամավճար մուծեն։ Այսպես, հիմնական մարաթոնին մասնակցելու վարձը 35 եվրո է, մինի-մարաթոնինըՙ 10 եվրո, իսկ 4,22 կմ մրցատարածության համարՙ 5 եվրո։ Ճանապարհածախսը, բնականաբար, եւս մասնակիցները պիտի հոգան։

Մարաթոնյան վազքի կազմակերպիչները տարբեր մրցանակներ են սահմանել առավել աչքի ընկած 101 մասնակիցների համար։ Կա նաեւ անհատական 7 մրցանակ, որոնք նախատեսված են լիբանանցի վազորդներից լավագույն արդյունքի հասած մարզիկին, վարպետներից, վետերաններից, հաշմանդամներից լավագույններին, ինչպես նաեւ մինի-մարաթոնի հաղթողին եւ լավագույն մարզահագուստի տիրոջը։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը կկազմի 150 հազար դոլար։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4