«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2003-09-04 | #159, 2003-09-05 | #160, 2003-09-06


ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ

Արդեն չորրորդ տարին է, ինչ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի Հայորդաց տան երեխաների կրթության ու գեղագիտական դաստիարակության մասին հոգալուց զատ կարեւորում է նաեւ նրանց ամառային հանգստի կազմակերպման հարցը։ Ծաղկաձորի, այնուհետեւ նաեւ Աղվերանի «Նարինե» պանսիոնում ինչպես անցած 4 տարիներին, այս տարի էլ հանգստացան Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ-ի Հայորդաց տների 400-ից ավելի սաներ ու մանկավարժներ։ «Մենք դարձել ենք մեծ ընտանիք,- պատմում է 7-րդ դասարանցի Սոֆի Հայկազունին։ Ամռանը միասին հանգստանալն ավելի մտերմացրեց մեզ»։

Օրը երեխաների համար սկսվում էր, ինչպես բոլոր ճամբարներումՙ վերկացով, լիցքային վարժություններով, նախաճաշով... իսկ ամենաանմոռանալին արշավներն էին, հայրենի բնության դասերը, որ քաղում էին կատարած փոքրիկ ճամփորդություններից։ Ի տարբերություն մյուս ճամբարների, այստեղՙ Աղվերանում էլ ուսուցիչները չէին զլանում աշխատել երեխաների հետ, շարունակում էին սովորեցնել հյուսել, ասեղնագործել, ստեղծագործել... Եվ որ առավել կարեւոր է, շնորհիվ կրոնի ուսուցիչներիՙ երեխաները մշտապես հոգեւոր դասեր էին քաղում, ավելի մերձենալով հայ եկեղեցուն ու նրա պատմությանը։

Աղվերանում երեխաների ժամանակն, ինչպես իրենք էին խոստովանել, անցնում էր ակնթարթորեն, որովհետեւ ամեն օրը լի էր հետաքրքրական անցուդարձերով, տոնակատարությամբ ու հանդեսով։ Աչքի ընկած սաները տուն վերադարձան նվերներով ու պարգեւներով։ Ամռանը կազդուրվելուց եւ լավ հանգստից հետո Հայորդաց տան սաները սկսել են ուսումնական տարին նոր եռանդով։

Շնորհակալություն Մայր եկեղեցուն սիրո եւ հոգատարության համար։

ՄԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4