Արա Աբրահամյանը Օքրիդի «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում
2003 թ. օգոստոսի 29-30-ն Օքրիդում (Մակեդոնիայի Հանրապետություն) ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Մակեդոնիայի կառավարության հովանավորությամբ կայացավ «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային խորհրդաժողով, ուր հրավիրված էր Արա Արշավիրի Աբրահամյանըՙ թե՛ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորանշանակ բարի կամքի դեսպան եւ թե՛ որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ։
Խորհրդաժողովի նպատակը մշակույթների եւ քաղաքակրթությունների երկխոսության շարունակումն էր ու խորացումը ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի ընդունած քաղաքակրթությունների երկխոսության համապարփակ օրակարգի շրջանակներում։
Համաժողովը կոչված էր քննարկելու միջշրջանային երկխոսության ու համագործակցության միջոցով եւ ազգային մակարդակով, հատկապեսՙ կրթության, մշակույթի, գիտության, տեղեկատվության եւ կապի բնագավառների հավելյալ գործողությունների միջոցով տարածաշրջանում վստահություն ստեղծելու կարեւորությունը։
Համաժողովին մասնակցեցին Բուլղարիայի, Ալբանիայի, Բոսնիայի ու Հերցեգովինայի, Մակեդոնիայի Հանրապետության, Սլովենիայի, Սերբիայի ու Չեռնոգորիայի, Խորվաթիայի նախագահները, 13 երկրների նախագահների անձնական ներկայացուցիչները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ու հիմնադրամների (ներառյալ ՄԱԿ-ի, Եվրահանձնաժողովի, ALESCO-ի եւ այլն) ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաեւ 22 երկրների փորձագետներ։
Խորհրդաժողովը լավ ասպարեզ դարձավ ինչպես դրա հիմնական թեմաների քննարկման, այնպես էլ երկկողմ հանդիպումների համար։
Խորհրդաժողովը բացեցին Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Բ. Տրայկովսկին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար պրն Մացուուրան։ Ապա լիագումար նիստում ելույթ ունեցան բալկանյան տարածաշրջանի երկրների նախագահները եւ 13 այլ երկրների նախագահների անձնական ներկայացուցիչները։ Բոլորն իրենց ելույթներում նշեցին տարածաշրջանի ժողովուրդների երկխոսություն ու համագործակցություն հաստատելու, Հարավարեւելյան Եվրոպայում կայուն խաղաղության հաստատման համար միմյանց հանդեպ հանդուրժողականություն ու կարեկցանք դրսեւորելու անհրաժեշտությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հարավարեւելյան Եվրոպան իր աշխատանքի գերակայություն է ընտրել ոչ միայն մշակույթների ու քաղաքակրթությունների համաշխարհային խաչմերուկներից մեկը լինելու, այլեւ այն պատճառով, որ հենց այստեղ է ճեղքում ակնկալվում համամարդկային, էթնիկական արժեքների պաշտպանության, միջմշակութային երկխոսության հենակետի ստեղծման ոլորտներում, տարածաշրջանի գիտական, կրթական եւ հումանիտար ներուժի մեծացման միջոցով ժողովուրդների համագործակցության ամրապնդման ոլորտում։
Նշվեց քաղաքակրթությունների երկխոսությանն առնչվող գործառույթների բազմազանությունը. պայքար միջազգային ահաբեկչության եւ զանգվածային բնաջնջման զենքի տարածման դեմ, միջէթնիկական, միջմշակութային եւ միջքաղաքակրթային պատնեշների վերացման շարունակում, հակազդեցություն համաշխարհայնացման բացասական հետեւանքներին, հումանիտար ոլորտի միջոցով ժողովրդավարական կառույցների եւ արժեքների ամրապնդում։
Լիագումար նիստում առանձնակի հետաքրքրությամբ ընդունվեց Ա. Ա. Աբրահամյանի ելույթը, որը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, արծարծեց հիշյալ խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։ Որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, նա պատմեց աշխարհով մեկ սփռված հայկական համայնքների եւ մասնավորապես Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների մասին։
Պրն Աբրահամյանը պատմեց Մոսկվայում հոկտեմբերի 8-ին Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարի գումարմանն ուղղված նախապատրաստական մեծ աշխատանքի մասին։ Համագումարի խնդիրը կլինի օժանդակել, որպեսզի հայկական համայնքները դառնան ազգամիջյան ամրակներ, որոնք մշակութային-քաղաքակրթային հանդուրժողականության ու բազմակարծության մյուս կողմնակիցների հետ կնպաստեին ժողովուրդների հարաբերությունների մարդկայնացմանը եւ աշխարհակարգի հիմքերի նորացմանը։
Ռուսաստանի հայ համայնքի օրինակը ցույց է տալիս, որ վերջին երեք տարում Ռուսաստանի հայերի միության հետեւողական ջանքերի շնորհիվ այդ համայնքը դառնում է տվյալ գործընթացի ակտիվ մասնակիցը։
Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորանշանակ բարի կամքի դեսպան, պրն Աբրահամյանը նշեց, որ չի կարելի թույլ տալ, որ, նախորդ դարերում քանիցս պատահածի պես, մեծ կամ փոքր որեւէ ժողովուրդ համաշխարհայնացման դարաշրջանում ազգամիջյան ու միջքաղաքակրթային հարաբերությունների նոր, տեկտոնական տեղաշարժերի զոհը դառնա։ Այս առումով հարկավոր է լրիվ ծավալով գիտակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության դեսպանների դերը։
Նա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններին եւ խաղաղության արտիստներին, որոնց քաղաքացիական դիրքորոշումը հսկայական կշիռ ունի ոչ միայն իրենց երկրներում, այլեւ տարբեր մայրցամաքներում, կոչ արեց դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իդեալներն իրականացնողներ եւ ուժերի համեմատ ավանդ ներդնել քաղաքակրթությունների երկխոսության զարգացման մեջ։
Այդ նպատակով նա առաջարկեց երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ բարի կամքի դեսպանների միջեւ ստեղծել տվյալ խնդիրներին առնչվող փոխգործողության հստակ մեխանիզմ եւ նշեց ընդհանուր խորհրդաժողովի 32-րդ նստաշրջանի նախօրեին այդ բնագավառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցչության ձեռնարկած մի շարք համատեղ քայլերի կարեւորությունը։
Խորհրդաժողովի աշխատանքի շրջանակներում պրն Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Բուլղարիայի, Բոսնիայի ու Հերցեգովինայի, Մակեդոնիայի եւ Խորվաթիայի նախագահների, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ։ Հանդիպումների ընթացքում պրն Աբրահամյանը ներկայացրեց իր, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահի, ինչպես նաեւ հայտնի ձեռնարկատիրոջ, գործունեության ծրագիրը, որն արժանացավ նախագահների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հավանությանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության առնչությամբ ծրագիրը ներառում էր.
¬ Եկող տարի Օքրիդում երիտասարդական համաժողովի կազմակերպումը, որտեղ տարածաշրջանի երկրների երիտասարդության ներկայացուցիչները կկարողանային ծանոթանալ միմյանց հետ, ավելի լավ ճանաչել իրար եւ տարածաշրջանի խնդիրներն ու քննարկել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավոր ուղիները։
¬ Մասնակցություն տարածաշրջանի մշակութային հուշարձանների վերականգնմանն ու պահպանմանը։
¬ Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հեռակա կրթության ծրագրի կազմակերպումը։
ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու