Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը մոտենում է վերջնագծին։ Այսօր կկայանան նախավերջին տուրի հանդիպումները։ Բացառված չէ, որ այդ մրցախաղերից հետո հայտնի դառնան Պորտուգալիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի առաջին մասնակիցները։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Եվրոպայի ներկայիս չեմպիոն ֆրանսիացիներին, որոնք այսօր հյուրընկալվելու են իրենց գլխավոր հակառակորդիՙ Սլովենիայի հավաքականի դաշտում։ Հաղթանակի կամ նույնիսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում ֆրանսիացիները ժամկետից շուտ կնվաճեն եզրափակիչի ուղեգիրը։
Հայաստանի ազգային հավաքականը Բելֆաստում ուժերը կչափի ընտրական 6-րդ խմբի հետնապահ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ վաղուց արդեն զրկվել են ուղեգրերի համար պայքարելու հնարավորությունից։ Մրցակիցների մրցավեճը պետք է որոշի, թե հավաքականներից որն մեկն է եզրափակելու խմբի մրցաշարային աղյուսակը։ Ընդհանրապես, հյուսիսիռլանդացիներն անհաջող են հանդես գալիս ընտրական մրցաշարում։ Թիմն անցկացրած վեց հանդիպումներում առայժմ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը։ Ավելին, հյուսիսիռլանդացիները նույնիսկ գոլ չեն խփել։ Ավելորդ չէ նշել, որ նրանք սկսած 2002 թ. մայիսից 11 խաղ շարունակ դաշտից հեռացել են առանց գոլ խփելու։ Այս հանգամանքն, իհարկե, կստիպի դաշտի տերերին ՀՀ հավաքականի հետ խաղում անպայման խախտելու տխուր ավանդույթը։ Հայաստանի հավաքականի համար թեեւ մարզական առումով այսօրվա հանդիպումն առանձնապես նշանակություն չունի, սակայն մեր ֆուտբոլիստները պետք է ձգտեն հույների հետ դժգույն խաղից հետո քավել իրենց մեղքը բազմահազար երկրպագուների առջեւ եւ արժանապատիվ խաղ ցուցադրեն։ Այլապես, ընտրական մրցաշարի վերջնագիծը հավաքականի համար չափազանց անհաջող կստացվի։
Հայաստանի հավաքականը Բելֆաստ է մեկնել երկուշաբթի օրը։ Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 24-ին։ Հանդիպումը սպասարկելու է Սլովենիայի մրցավարական բրիգադը Անտոն Ստրեդակի գլխավորությամբ։ Այսօրվա հանդիպումը երկու հավաքականների միջեւ կայանալիք 4-րդ խաղն է։ Ընտրական այս մրցափուլում ՀՀ հավաքականը Երեւանում գարնանը 1-0 հաշվով հաղթել է հյուսիսիռլանդացիներին։ Միակ գոլը խաղավերջում խփեց Արթուր Պետրոսյանը։ Ի դեպ, դա Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ մեր ընտրանու առաջին հանդիպումն էր։ Իսկ հավաքականների մակարդակով Հայաստան-Հս. Իռլանդիա ֆուտբոլային հակամարտությունը սկսվել է 1996 թ. հոկտեմբերի 5-ին։ Ֆուտբոլի աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական մրցաշարի այդ խաղում Բելֆաստում մեր ֆուտբոլիստները հասան ոչ-ոքի արդյունքի (1-1)։ Մեր հավաքականից գոլի հեղինակ դարձավ ֆրանսահայ հարձակվող Էրիկ Ասադուրյանը։ 1997 թ. ապրիլի 30-ին Երեւանում կայացած խաղում կրկին գրանցվեց ոչ-ոքի արդյունք, սակայն այս անգամ դարպասները մնացին անառիկ։ Դժվար է գուշակել, թե ինչպիսի ելք կունենա մրցակիցների նորՙ թվով 5-րդ հանդիպումը։ Մի բան պարզ է. մեր ֆուտբոլիստները պետք է ձգտեն իրենց խաղով հուսախաբ չանել երկրպագուներին։