ՀԿ կոալիցիաՙ հիմնախնդիրների առանցքի շուրջ
Սյունիքի եւ Վայոց ձորի հասարակական կազմակերպությունների նորերս Գորիսում հրավիրված առաջին կոնֆերանսին մասնակցում էին 100-ից ավելի ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Կոնֆերանսի նպատակն էր որդեգրել ՀԿ-ների սերտ կապի համար մշակել ճկուն մեխանիզմ։
Սյունիքի փոխմարզպետ Ա. Դալունցի, Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանի, ԱԺ պատգամավոր Ս. Խաչատրյանի եւ պաշտոնատար այլ անձանց ներկայությունն ու դիրքորոշումները հավատ էին ներշնչում, որ մեծանում է, ասես, իշխանավորների հավատի, վստահության գործակիցը։
Աշխատանքային 2 օրերի ընթացքում կոնֆերանսի մասնակիցները ընտրեցին առաջնային հիմնախնդիրները, ըստ գործունեության ոլորտների բաժանվեցին խմբերը, մշակեցին հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլեր։
Այնուհետեւ ընտրվեց կոալիցիոն խորհուրդ, որը կաշխատի պարբերաբար թարմացվող կազմով։ Խորհրդի կոորդինատոր ընտրվեց «Գորիսի երիտասարդական միություն» ՀԿ-ի (կոնֆերանսի անցկացման նախաձեռնության հեղինակ) նախագահ Կ. Մովսիսյանը։
Կոնֆերանսի կազմակերպմանն ու անցկացմանը սատարել էր Համաշխարհային ուսուցում ՀԿ հզորացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչությունը (ղեկ. Յան Կարպովիչ)։
Սկիզբը խոստումնալից էր։ Մնում է հուսալ, որ ՀԿ-ների գործունեության պայմանները հնարավորինս հավասար կլինեն եւ որոշ հաջողակ ՀԿ-ների ծրագրեր իրականացնելու հաղթարշավըՙ «կրիշաներով» պսակադրված, այլեւս շատ ցցուն չի լինի, որովհետեւ այսօր որեւէ ՀԿ առանց կոնկրետ ծրագիր դժվար է մեկնարկում, իսկ յուրաքանչյուր քայլ միջոց է ենթադրում, իսկ միջոցները սովորաբար հավերժ թվացող ղեկավարների փշալարված գրպաններում են։ Ծրագիր շահելու մեխանիզմն էլ, ավաղ, շատ հաճախ գորդյան հանգույց է հիշեցնում...
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս