1979 թ. ամերիկահայ նկարիչ Լեւոն Ժամկոչյանն առաջին անգամ այցելեց Հայաստան, մի քանի ամիս մնաց հայրենիքում ու ճանաչեց իր երկրի իրական արժեքը։ Հայաստանյան վերապրումներն արձագանքվեցին ջրանկարների, փորագրությունների եւ վիմագրությունների «Արարատն ու նախնիները» շարքում, որտեղ իրականության տարրերը վարպետորեն մերձ են նախասկզբնական վիճակներին։ Իր երկրորդ այցը հայրենիք 1989-ին էրՙ Սպիտակի արհավիրքից հետո։ 1989-90-ին ապրեց Երեւանում, մեծ հաջողությամբ ցուցահանդեսներ կազմակերպեց Երեւանում, Եղեգնաձորում, Ջերմուկում, Էջմիածնում, Մոսկվայում, Կիեւում։ Հեղինակեց կրթական բնույթի երկու գեղարվեստական տեսաժապավեններՙ գրաֆիկական արվեստի տարբեր մեթոդների վերաբերյալ։ Զուգահեռ սեմինար պարապմունքներ էր կազմակերպում ուսանողների, նկարիչների, ուսուցիչների համար, հատկապես գրաֆիկական արվեստի նորագույն մեթոդներին ու տեխնիկային ծանոթացնելու ուղղությամբ։ Լեւոն Ժամկոչյանը մեծ ծրագրեր ու նպատակներ ուներ։ Այդ ընթացքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու էր Գյումրիում նախատեսվող գրաֆիկայի միջազգային կենտրոնինՙ հարակից թանգարան-պատկերասրահով եւ հյուրանոցով։ Կենտրոն-համալիրը բացվելու էր 90-ականներին (մինչ այդ ժամանակավորապես տրամադրվել էր Գյումրու նախկին պատկերասրահի շենքի կեսը), կազմակերպվելու էր նվիրահավաք, հաստոցներ էին բերվելու, սակայն պարբերաբար շենքի հետ կապված խոստումները ցայսօր մնացել են օդում առկախ։
«Խոստումները չեն հարգվիր։ խաբելը շատ դյուրին բան է դարձեր, բայց դիմացինը կխաբվի՞, մեկ-երկու, մինչեւ ե՞րբ։ Այս մասին միշտ լռած եմ։ Հիմա իբրեւ տուրիստ եկած եմ կնոջս ու որդիիսՙ Նարեկի հետ, բերած եմ հին գործերս, որոնք մեծ արժեք ունինՙ նվիրաբերելու Հայաստանին», մեր զրույցի ժամանակ ասաց նկարիչը։
Լեւոն Ժամկոչյանի ստեղծագործությունները պահպանվում են Մոսկվայի, Կիեւի, ամերիկյան Քորըլ Քեյբըլզ Լոարթ Ջանսըն, Ուաքս Սմիթսոնիոն թանգարանում, Երեւանի ազգային պատկերասրահում, ժամանակակից արվեստի, սբ. Էջմիածնի թանգարաններում, ինչպես նաեւ բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Միայն մեր ազգային պատկերասրահում 140 նկարներ կան, դրանք հիմնականում նվիրատվություններ են ի բացառյալ մեկ-երկուսի։
Օգոստոսյան այս վերջին այցին նկարիչը 52 գործ նվիրաբերեց հայաստանյան եւ արցախյան թանգարաններինՙ 3-ը ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, 1-ըՙ ՀՀ մշակույթի մշտական, նաեւ Արցախի մշակույթի նախարարությունների եւ վարչապետարանի հավաքածուներին, 7 աշխատանքՙ Վանաձորի կերպարվեստի թանգարանին, 9-ըՙ Շուշիի, 11-ըՙ Ստեփանակերտի պատկերասրահներին եւ 18 աշխատանքներից բաղկացած «Միությունըՙ զորություն» նկարաշարը Գյումրու Ձիթողցյանների թանգարանինՙ մշտական ցուցադրության պայմանով, հակառակ պարագայում նկարչի իրավասությամբ Մշակույթի նախարարությունը կարող է վերադարձնել եւ ժամանակավորապես դրանք ի պահ տալ Երեւանի ազգային պատկերասրահի պահոցներին։
Մեկ այցի ընթացքում 52 արժեքավոր գործի նվիրատվություն, արվեստագետ մարդու առաքինի վերաբերմունք իր երկրին, ժողովրդին, որին ի պատասխան պարկեշտ գնահատական է պահանջվում։ Մինչդեռ խաբեությունը կենսակերպ դարձրած որոշ մարդիկ շարունակ անջրպետներ ստեղծելովՙ խոչընդոտում են բարի եւ օգտակար շատ ձեռնարկներ։ Մեր զրույցի ժամանակ նկարչի խոսքերում հուսախաբված նոտաներ կային, որքան էլ ինքը փորձում էր թաքցնել։
«Ինչ տված եմ, ժողովուրդի համար է, ինչ տված չեմ, անոր վնասն է։ Ես աշխատած եմ հոս 1979-են ի վեր, պատկերասրահի պես հիմնարկ մը, որ մեր մշակույթը կներկայացնե, կամ այլ պետական կարեւոր հիմնարկներ, ուր եղած եմ, այնպիսի բաներ տեսած եմ, շատ անհանդուրժելի, սակայն այս անգամ լուրջ հարցեր պատահեցան. հուսախաբ եմ պատկերասրահեն։ Մի քանի ժամեն կմեկնիմ, կկարծեմ ինչ որ մտածած էի, տրվեցավ, շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին եւ անհատներուն, որոնք առնչված են այս նվիրատվության հետ։ Ամենեն կարեւորը, որ կուզեի շեշտել, եթե որոշ անձեր կկարծեն, թե մենք օդեն ինկած ենք, կամ բան չենք հասկնար, կսխալին։ Ամերիկայի մեջն ալ, աշխարհի տարբեր կողմերում ալ դժվարություններ կան, խաբելու ձեւ կա, ուղիղ աշխատելու ձեւ կա, աս կա, ան կա։ Հայաստանի մեջն ալ մորթիս վրա շատ բան կրած եմ, բայց բոլոր դժվարություններով հանդերձ, համոզված եմ, ովքեր կապրին այս հողին վրա, անոնք են պաշտպանը հայ մշակույթին։ Կցավիմ, որ շատերն այս կամ այն պատճառով կլքեն երկիրը, փրկվի՞լ կուզեն, բայց հոս մնացողները պետք է գործը ճիշտ կատարեն։ Ես եկեր եմ, տվեր եմ, չեմ տվեր, կարեւորություն չունի, եթե տեղացին չի պահեր ինչ որ պետք է։ Իրականությունը կուզե՞ն աղավաղել, բայց ով որո՞ւ կխաբե։ Հուսով եմ, որ ամեն բան դեպի լավը կտանի։ Մոտիկ ապագային դարձյալ կվերադառնամ եւ դրական ուղղությամբ մեր աշխատանքները կխորացնենք»։
Նկարիչը վերադարձավ Վաշինգտոն, որտեղ արդեն 30 տարի ապրում եւ ստեղծագործում է, նկարում եւ միեւնույն ժամանակ դասավանդում է արվեստի դպրոցում։ Մեր զրույցից հիշողությանս մեջ մնաց հատկապես իր տան պարտեզի անսովոր գեղեցիկ նկարագրությունը։ Ինքը փոքրիկ դրախտ անվանեց, անհավանական գեղեցիկ ծաղիկներով ու տարբեր բուսատեսակներով, մանուշակագույն մանրիկ ծաղիկներովՙ սադաֆի թերթիկների վերածվող անչափ գրավիչ բույսերով։ Այդ փոքրիկ դրախտի պարտիզպանն ինքն է, շատ կապված է իր կանաչ հեքիաթին, խնամք ու գուրգուրանք ունի. «Կմաքրվիմ հոգեպես ու շատ կսիրեմ, պարտեզին մեջ դասընթացներս անցընել»։
Ծնվել է Բեյրութում։ Հովակիմյան¬Մանարյան միջնակարգ վարժարանն ավարտելուց հետո հիմնավոր, ակադեմիական կրթություն ստացել Իտալիայում, նախ Վենետիկի Արվեստների ինստիտուտում, ապա գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ 1968-ին գերազանց ավարտել է Միլանի Արվեստագետների Պրերա ակադեմիան։ Վենետիկը զգալիորեն ներազդել է նկարչի գեղագիտական զգացողությունների, ընկալումների եւ գեղարվեստական աշխարհայացքի ձեւավորման վրա։ Շփվել է արվեստագետների հետ, Վենետիկում աշակերտել աբստրակցիայի նշանավոր վարպետ Սանտոմազոյին, Միլանումՙ Ուզելինիին։
Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների (Վենետիկ, Բեյրութ, Միլան, Դետրոյթ, Նյու Յորք, Բոստոն, Վաշինգտոն, Փարիզ, Երեւան, Մարսել, Մոսկվա, Կիեւ)։
1968-ից սկսվում է նկարչի ստեղծագործության ամերիկյան շրջանը, տեղափոխվում է ԱՄՆ, բնակվում է Ֆլորիդայում, ունենում անհատական մի քանի կարեւոր ցուցահանդեսներ, ծանոթանում մեծահարուստ նշանավոր կոլեկցիոներների հետ, բացում անձնական պատկերասրահ, ամուսնանում է, զավակ ունենում։
Լեւոն Ժամկոչյանը նկարչության որեւէ ուղղությանը չի դավանում. «Ես կհավատամ էվոլյուցիային եւ շարունակությանը, ամեն նկարիչ պետք է իր լեզուն, իր ինքնությունն ունենա, եւ ուզե թե չուզե իր անկեղծությունը գործի մեջ պիտի դնե։ Անզգալաբար կրկնություններ կընենք կյանքի մեջ, ես կփորձեմ դա իմ խողովակեն անցընել, հետո տեղ հասցնել»։ Նկարիչը ստեղծագործական մի քանի փուլեր է անցել, գեղագիտական միտքը եւ երեւակայությունը նրան անվերջորեն մղել են նորությունների եւ փնտրտուքների։ Անընդհատ շարժման մեջ գտնվող ձեւի եւ գույնի զարմանալի փոփոխությունները արտահայտված են տարբեր շրջաններում արված պատկերաշարերի մեջ, որոնք գլխավորապես իր արտաքին եւ ներքին միջավայրերի խորը վերապրումներն ու տրամադրություններն են։
1965-1968 թթ. նկարչի եվրոպական-վենետիկյան շրջանն էՙ 16-րդ դարի վենետիկյան դպրոցի ազդեցություններով։ Այս տարիներին են ստեղծվել «Վենետիկը եւ մարդիկ», «Ստորջրյա պատկերացումներ եւ պայթյուններ» (ներաշխարհային պայթյուններՙ ջրային տարերքի զուգադրությամբ), ապա «Հայկական աբստրակցիա» նկարաշարըՙ հայկական տարրերի օգտագործմամբ, իբրեւ հետեւանք ձեւի ու գույնի բյուրեղացման եւ տարածական ընկալումների։ Կրել է միջնադարյան հայ մանրանկարչության ազդեցություններ. եւ գիտական թեզը պաշտպանել այս թեմայով։ «Ապլիկացիա մարմիններ», «Մակարդված ձեւեր եւ պարուհիներ» նկարաշարերն աբստրակցիայի եւ ֆիգուրատիվ մտածողության տարբեր փոխներթափանցումների արտահայտություններ են, որոնց շարունակությունըՙ ամերիկյան ճամփորդության տպավորություններով «Ամերիկյան ներաշխարհ» նկարաշարն է։ Այսպես շարունակՙ անհանգիստ որոնումների, նոր ձեւերի ու գծապատկերների հայտնություններՙ թղթի մակերեսներին, որոնք հետո ամբողջանում են իբրեւ «Օգոստոսյան օրագիր», «Արարատ եւ նախահայրեր», «Միությունը զորություն է», «Մարդկային իրավունքներ», «Սեր, կյանք», վերջին երկուսըՙ գույնի թափանցիկ ու լուսավոր նրբանցումներով, կյանքի առավել կենսական թրթիռներով։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ