Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի գլխավորությամբ, 1992 թ. հիմնադրված «Մետրո» թատրոնն այսօր կանգնած է փակման եզրին, ինչի առիթով Նիկոլայ Ծատուրյանը երեկ հրավիրել էր մամլո ասուլիս։ Այսօր, երբ բացվում են հազար ու մի օբյեկտներ, չի կարող փակվել մշակույթի օջախը։
«Մետրո» թատրոնը հիմնադրվել է ցուրտ ու մութ տարիներին, բայց այն ժամանակ հավատ կար վաղվա օրվա նկատմամբ։ Թատրոնում մինչ օրս բեմադրվել է 16 ներկայացում. «Քաղաքական ֆարս», «Ապերախտ տղամարդիկ», «Հյուրը», «Հետադարձ հայացք», «Քարերը հավաքելու ժամանակը», «Տերն ու ծառան», «Փարիզը վտանգավոր քաղաք է», «Ազատ, անկախ Շաշաստան» եւ էլի շատ ներկայացումներ զարդարել են այս բեմը։
Նախապես թատրոնի դերասանական անձնակազմը բաղկացած էր 8 հոգուց։ Այս բեմում խաղացել են Լեւոն Շարաֆյանը, Արմեն Էլբակյանը, Ազատ Գասպարյանը, Աննա Էլբակյանը եւ շատ ուրիշներ։
Վերջին ներկայացումը Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» պիեսն է, որը երեք տարի չէր բեմադրվում նյութական միջոցների սղության պատճառով։ Մշակույթի նախարարության տրամադրած 2000 դոլարով ներկայացումը բեմադրվեց։
Թատրոնի աշխատակազմը մեկ ամիս առաջ Հենրիկ Իգիթյանից տեղեկացավ գումար չլինելու պատճառով թատրոնի փակվելու մասին։
Թատրոնի գեղ. ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը եւ աշխատակազմը դիմել են ԱԺՙ «Մետրո» թատրոնը պետության հովանավորության տակ վերցնելու խնդրանքով։ Հենրիկ Իգիթյանը խոստացել է թանգարանի շենքերից մեկում տարածք տրամադրել, որպեսզի հնարավոր լինի շարունակել թատրոնի գործունեությունը։
ՀԵՂԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ