«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2003-09-06 | #161, 2003-09-09 | #162, 2003-09-10


ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ «ԱՐԱՀԵՏ» ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արդեն մեկ ամիս Երեւանի տարբեր վայրերում, բակերում հանդիպում ենք կինոխցիկի, որը «Կոդակ» ժապավենի վրա անմահացնում է Ռուբեն Քոչարի (բեմադրիչ, ռեժիսոր եւ սցենարիստ) մտահղացմամբ եւ Էդուարդ Խալդի համահեղինակությամբ «Արահետ» երկու ժամանոց գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմըՙ «Հայֆիլմ» կինոստուդիայի (տնօրենՙ Գեւորգ Գեւորգյան), «Հայ-ամերիկյան թատերական երաժշտական միության» (նախագահՙ Վիկտոր Մարտիրոսյան) եւ Blue Lion Entertainment (պրոդյուսերՙ Արփի Հակոբյան) կազմակերպությունների համատեղ արտադրություն է։

Ինչպես տեղեկացանք Ռուբեն Քոչարից, ֆիլմը մի հայաստանցու մասին է։ Աշխարհով մեկ սփռված հայերն ինչ-որ չափով միշտ կապված են իրար եւ այդ գիծը կարմիր թելի պես անցնում է դրամատիկ բնույթով նկարահանվող ֆիլմում։ Երեւանը պետք է ներկայացվի գեղեցիկ ու հրապուրիչ։ Հատուկ ուշադրություն է դարձված վերջին 10-ամյակում ձեւավորված խավերի ու շերտերի արտացոլման մեր կյանքի մութ էջերի վրա եւ խորացած սփյուռքի դերը։ Նկարահանումները Երեւանում սեպտեմբերի վերջին կավարտվեն եւ ֆիլմի մնացած 70 տոկոսը կնկարահանվի Լոս Անջելեսում, տեղի դերասանների եւ Հայաստանից գլխավոր դերակատար Հարություն Մովսիսյանի մասնակցությամբ։

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսվել են հուլիսին, իսկ նկարահանումներըՙ օգոստոսից մինչեւ նոյեմբեր է ձգվելու։ Հավանաբար մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին այն արդեն կհանձնվի հանդիսատեսի դատին։ Ֆիլմի օպերատորն է Ռոբերտ Բալասանյանը, նկարիչըՙ Արեւիկ Պետրոսյանը, կոմպոզիտորըՙ Գարի Քեսոյանը, ֆիլմի պրոդյուսերներըՙ Հայաստանից Արտավազդ Դավթյանը, իսկ ամերիկյան կողմի ներկայացուցիչըՙ Արփի Հակոբյանը։ Ֆիլմի վրա ծախսված գումարների մասին Ռուբեն Քոչարը պարզապես չցանկացավ խոսել։ Միայն նշեց, որ կծախսվի այնքան, որքան պահանջվի ըստ համահեղինակների մտահղացման։ Զինվենք համբերությամբ եւ սպասենք ֆիլմի առաջին ցուցադրությանը։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4