«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2003-09-06 | #161, 2003-09-09 | #162, 2003-09-10


ԴԺՎԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Սփյուռքահայ մամուլը միշտ էլ կարեւոր դեր է ունեցել օտար երկրներում ծվարած հայերի համար։ Բացի սոսկ տեղեկատվական միջոց, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման օղակ լինելուց, հայկական թերթերն ու հանդեսները կարեւոր դեր են խաղացել հայեցի ոգին պահպանելու համար։ Այժմՙ առավել եւս։

Հայաստանում լույս տեսնող «Ավանգարդ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Մնացական Զոհրաբյանն այժմ նույնանուն թերթ է խմբագրում Գլենդեյլում, որը հիմնականում հայաստանյան կյանքի լուսաբանումն է։ Պարզապես անհասկանալի է, որ ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական թերթի կես մասը տպագրվում է ռուսերենով եւ ոչ մի նյութ կամ ամփոփում անգլերենով։

Սփյուռքահայ կյանքի (այս դեպքումՙ Լոս Անջելեսի) փոքր-ինչ լայն տեսապատկեր է ներկայացնում Վահան Վահանյանի խմբագրած «Նոր Հայաստան» անկախ օրաթերթը։

Այստեղ պետք է մեկ նկատառում անել, որը վերաբերում է ոչ միայն սփյուռքահայ, այլեւ հայ մամուլին ընդհանրապես։ Սակավ բացառությամբ բոլոր հրատարակություններն իրենց ճակատին դաջում են «անկախ պարբերական» բառերը (երբեմն նաեւՙ կուսակցական պատկանելություն ունեցողները)։ Ի՞նչ է, սրանով ուզում են ասել, որ իսկապե՞ս անկախ են։ Բայց դա նույնն է, ինչ մեղրը գովես իր քաղցրության կամ գիրքըՙ իր իմաստալիության եւ կարեւորության համար։ Ընթերցողն է որոշում այս կամ այն պարբերականի անկախությունն ու անաչառությունը, ոչ թեՙ խմբագրակազմը։

Ամեն դեպքում տեսնենք, թե ինչ են գրում սփյուռքահայ պարբերականներն իրենց վերջին համարներում, որոնք այսօր կան «Ազգի» խմբագրության տրամադրության տակ։

Արդեն 9-րդ տարին է, ինչ Բեյրութում լույս է տեսնում «Նայիրի» շաբաթաթերթը, որը հասարակական, քաղաքական, ազգային, գրական առավել ծանրակշիռ մի հրատարակություն է։ Մեր ձեռքի տակ եղած հուլիսյան համարներում, ինչպես միշտ, անդրադարձ է կատարվել հայաստանյան իրադարձություններին։ «Երեւանը դարձեր է ոճիրի ու ֆիզիքական հաշուեյարդարներու մայրաքաղաք, թերթի հուլիսի 15-ի համարում գրում է Ժիրայր Նայիրին։- Խիստ մտահոգ ենք, վրդովուած լսելով, որ երկրին մէջ օր չանցնիր, որ քրէական ոճիր ու յանցագործութիւններ իրենց ծանր կշռող աւարը չունենան»։ Ապա մեջբերելով «Ազգի» միտքը («Երեւանը քրեական քաղաք է դարձել») «Նայիրին» գրում է. «Եւ ինչո՞ւ չդառնայ, երբ նման ոճիրներ, անպատիժ մնացող, կը վկայեն Պետութեան Դատաիրաւական ու Քննչական սպասարկութիւններու նեխածութիւնը։ Կը մատնեն հսկողութեան պակաս։ Արդար դատաքննութեան չգոյութիւն։ Ապահովական մարմիններու յանցաւոր անհոգութիւն։ Մինչեւ անգամՙ «մաֆիական» ացում։ Վերադաս օղակներու եւ բարձրագոյն պաշտօնատարներու մեղսակցութիւն ալ եղածին վրայ գումարած...»։

Ծա՞նր խոսքեր են։ Իհարկե։ Բայց մի՞թե ճշմարիտ չեն։

Հայաստանն, իրոք, ծանր ժամանակներ է ապրում։ Եվ եթե մենք ցանկանում ենք բուժվել, ապա մեր հիվանդության ճշմարիտ պատկերը պետք է կարողանանք տեսնել։

Սփյուռքում, հատկապես ամերիկահայ գաղութում արդեն մեծ հեղինակություն է վայելում գրական-մշակութային «Համայնապատկեր» երկամսյա հանդեսը (տնօրեն-հրատարակիչներՙ Կարո Ճրճրյան, Վահե Մարանյան, գլխավոր խմբագիրՙ Սարո Գյոդակյան), որը հսկայական ճիգեր է թափում հայ մշակութային կյանքի ամբողջական ներկայացման համար։ 1999 թ. ապրիլից մինչ օրս լույս է տեսել «Համայնապատկերի» 24 ժողովածու, որոնց մեծ մասը եղել են թեմատիկ ժողովածուներ։ Օտար ափերում բնակություն հաստատած բազմահազար հայեր այսօր արդեն հնարավորություն ունեն ամբողջական պատկերացում կազմելու հայ մշակույթի այնպիսի հզոր դեմքերի մասին, որպիսիք են Արամ խաչատրյանը, Ուիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը, Շառլ Ազնավուրը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սեւակը եւ շատ ուրիշներ։

Մեր ստացած վերջինՙ 24-րդ ժողովածուն նվիրված է Գրիգոր Նարեկացուն։ Ներկայացված նյութերը մեկ անգամ եւս հնարավորություն են ստեղծում ըմբոշխնելու Նարեկա վանքի մեծ ճգնավորի աստվածային ոգեշնչումները։

Գլենդեյլում (ԱՄՆ) լույս տեսնող «Նոր կեանք» շաբաթաթերթը, որը միշտ էլ աչքի է ընկել ազգային, քաղաքական հարցերի լուսաբանմամբ, օգոստոսի 28-ի համարում զետեղել է Տիգրան Ոսկունու «Անկախության հռչակագիրը» խմբագրականը, որում խիստ գնահատականներ են տրված Հայաստանի այսօրվա իրականությանը։ Հետաքրքրական հրապարակումներ կան Արամ Խաչատրյանի եւ Ուիլյամ Սարոյանի մասին։ Սփյուռքահայ ճանաչված երգչուհի Չեկի (Ճէգի) Շահպազյանին ուղղված նամակում Սարոյանը գրում է. «...Դու երեւի աշխարհի բոլոր երգիչներին գիտես, միայն հայ երգիչը բաւական ենՙ դէ, Շահմուրադեան ունի հայկական աննկարագրելի ձայն, այսպէս ասած, ազատ ձայնՙ դաշտերի, սարերի, քամու ձայն...»։ Նախկին հայաստանաբնակ մտավորական Կարեն Ա. Սիմոնյանը գրել է «Յոյս եւ յուսախաբութիւն» վերնագրով մի գրախոսություն Ստեփան Ալաջաջյանի գրականության մասին։

Հասկանալի է, որ այսօր սփյուռքում դժվար է թերթի հրատարակումը ոչ միայն ֆինանսական խնդիրների, այլեւ պահանջարկի, շուկայի առումով։ Լավ թերթերը, կարեւոր հրատարակություններն իրենց ճանապարհը գտնում են, իսկ տաղտկալի, ոչինչ չասող թերթերն ու հանդեսները դուրս են մղվում։ Դա բնական է։ Ուստի մեր սփյուռքահայ բարեկամ-լրագրողներին, բոլորինՙ անխտիր, ուժ ու կորով մաղթենք։ Ինչ վերաբերում է այժմ Լոս անջելեսի տարածքում լույս տեսնող այս եւ մյուս թերթերին, հետագայում դրանց կանդրադարնանք ավելի հանգամանորեն

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4