Երեկ Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում բացվեց նորաստեղծ ախտորոշիչ-լաբորատոր բաժանմունքը։
Այս բաժանմունքի, ինչպես նաեւ հիվանդանոցի ընդունարանի, արյան պատրաստման կետի եւ երկու նոր ռենտգեն կաբինետների նորոգումն իրականացրել է կոմպոզիտոր Ստեֆան Էլմասի հիմնադրամըՙ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին հատկացված 200 հազար եվրո գումարի հաշվինՙ ի հիշատակ շվեյցարահայ բարերար Ջորջ Էլմասի։
«Արաբկիր» հիմնադրամի ստեղծումը կապված է 1988 թ. հայաստանյան ավերիչ երկրաշարժի հետ, երբ աղետից տուժած մեր հայրենակիցներին օգնելու նպատակով Հայաստան ժամանեցին շվեյցարացի եւ բելգիացի մի խումբ բժիշկներ։ Նրանց եւ պրոֆ. Ա. Բաբլոյանի ու նրա աշխատակազմի համագործակցությամբ Շվեյցարիայում ստեղծվեց ՍԵՄՌԱ (Հայաստանում երիկամներով հիվանդ երեխաների համար) ոչ պետական բարեգործական հիմնադրամը, որն էլ հետագայում հանդիսացավ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից մեկը։
Անցած տարիներին ՍԵՄՌԱ-ն «Արաբկիր» հիմնադրամի միջոցով իրականացրել է ավելի քան 1 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք բոլորն ուղղված են եղել Հայաստանում բժշկության տարբեր բնագավառների զարգացմանը։
«Արաբկիր» հիմնադրամի միջոցներով իրականացվել են նաեւ «ԱրԲԵՍ» առողջության կենտրոնի կառուցումը եւ կառավարումն անհրաժեշտ սարքերով, «Արաբկիր» բժշկական համալիրի մի շարք բաժանմունքների կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Այժմ կառուցվում է մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային բուժման եւ խնամքի կենտրոնը։ Իսկ շուտով կավարտվեն նաեւ կենտրոնի նոր ռենտգեն ախտորոշիչ բաժանմունքի շինարարությունը եւ կահավորումըՙ SIEMENS ֆիրմայի արտադրության 2 ռենտգեն սարքերովՙ 260 հազար եվրո արժեքով։ Ինչպես ասաց պրոֆ. Ա. Բաբլոյանը, «իրենք ունեն այնպիսի ռենտգեն սարք, որը միակն է, որ թույլ է տալիս ամբողջ արյան շրջանառությունը հետազոտել, որը շատ կարեւոր է երիկամի փոխպատվաստումից հետո»։
«Արաբկիր» բժշկական կենտրոնի եւ հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցիՙ որպես «Արաբկիր» բժշկական համալիր վերակազմավորումից հետո հիմնադրամը նախատեսել է զգալի ներդրումային ծրագրերՙ նախկին հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի բաժանմունքների կապիտալ վերանորոգման, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով եւ կահույքով ապահովման, ինչպես եւ մանկաբուժության մի շարք ճյուղերի հետագա զարգացման ուղղությամբ։
Սակայն այս ամենը, պրոֆ. Բաբլոյանի համոզմամբ, սոսկ երազանք կթվար, եթե չլիներ համագործակցությունը շվեյցարացի իրենց գործընկերների հետ։ Վերջում պրն Բաբլոյանը ՀՀ առողջապահության նախարարության անունից ողջունեց եւ երախտիքի խոսք ասաց օրերս «Արաբկիր» բժշկական համալիրում հյուրընկալված եւ ախտորոշիչ կենտրոնի բացմանը ներկա Շվեյցարիայի Ժուռա կանտոնի առողջապահության եւ պաշտպանության նախարար, ՍԵՄՌԱ հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշին, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական եւ «Ստեֆան Էլմաս» հիմնադրամների նախագահ Ժան-Պիեռ Բեռնարին, «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի խորհրդի անդամ, Ջորջ Էլմասի ազգական տեր եւ տիկին Հաջյաններին։
ՆԱՐԻՆԵ ՍԵՐՈԲՅԱՆ